«Ավելի լավ էր՝ սպառնար, քան էն, որ ինքը իմ հետ խոսեց». Աղազարյանը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին
13:57 - 26 նոյեմբերի, 2024

«Ավելի լավ էր՝ սպառնար, քան էն, որ ինքը իմ հետ խոսեց». Աղազարյանը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության» պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատգամավորական մանդատը դեռևս վայր չի դնում, քանի որ ընկերն է խնդրել. «Երեկ Մոսկվայից հեռախոսազանգ եմ ստացել իմ մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա ինձանից, եթե արձագանքեմ վարչապետի խնդրանքին առանց իրեն տեսնելու, հիմա սպասում եմ իր գալուն:

Պատգամավորը պատասխանեց նաև այն հարցին, թե թիմից ճնշումներ կա՞ն իր վրա. «Իմ ընկներները ճնշում են, մեկն ասում է՝ դիր, մյուսն ասում է՝ մի դիր»:

Նա նաև հաստատեց, որ երեկ հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, բայց հանդիպումից մանրամասներ չհայտնեց։ Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլը գրել է՝ Սիմոնյանը սպառնալիքներ է հնչեցրել՝ ուղղված Աղազարյանին, վերջինս ասաց. «Ես կուզեի՝ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան էն որ ինքը արեց իմ գլխին: Ավելի լավ էր՝ սպառնար, քան էն, որ ինքը իմ հետ խոսեց: Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել ա ինձ ուրիշ իմաստով»:

Հարցին՝ ինչ-որ կոմպրոմատնե՞ր ունեն իր դեմ, որով ճնշում են, Աղազարյանը պատասխանեց. «Հեռախոսս առգրավված ա: Ինչքան կոմպրոմատ ասես էնտեղ կա»: Ապա նա բացատրեց, որ հեռախոսը ոչ թե առգրավել են, այլ ինքն է տվել քննիչին:

Աղազարյանը կարծիք հայտնեց, որ այն, ինչ կատարվում է իր հետ, տեղավորվում է ժողովրդավարական արժեքների մեջ, նա բացատրեց, որ լրագրողները վարչապետի ինստիտուտը խառնում են կուսակցության ղեկավարի ինստիտուտի հետ՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես կուսակցության ղեկավար, իրավունք ունի իրեն մանդատը վայր դնելու խնդրանքով դիմել:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ մանդատը վայր դնելու  խնդրանքով դիմել է Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին։ 

Հովիկ Աղազարյանը արձագանքել էր, որ մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել՝ ասելով, որ որոշումը կհայտնի նոյեմբերի 25-ին։ Ավելի ուշ Աղազարյանը հայտարարեց, որ որոշման հրապարակումը մեկ-երկու օր հետաձգում է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել