armenpress.am: Լեհաստանը ցանկանում է քննարկումներ սկսել Եվրամիության Արևելյան գործընկերության ֆորմատը վերականգնելու ուղղությամբ՝ այն որոշակի փոփոխությունների ենթարկելու միջոցով։
Երևանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
«Վարշավան ցանկանում է վերականգնել Արևելյան գործընկերության ֆորմատը՝ ապագայում այն մի փոքր փոփոխության ենթարկելով։ Լեհաստանը ցանկանում է սկսել այդ քննարկումները և ուզում է մասնակցել այդ գործընթացին»,- շեշտեց Դուդան։
Դուդան շեշտեց նաև, որ Վարշավան պատրաստ է աջակցել Հայաստանին եվրոպական ընտանիքում ներգրավվելու հարցում։
«Մենք ընկերներ ենք, մենք Հայաստանի բարեկամն ենք։ Մենք շատ դրական վերաբերմունք ունենք հայ ժողովրդի, Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Հայերը շատ մեծ ներդրում ունեն համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության մեջ։ Մենք ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին ներգրավենք եվրոպական ընտանիք։ Եթե հայկական կողմը մի փոքր հետաքրքրվածություն ցուցաբերի իր կողմից, ապա մենք պատրաստ ենք օգնել։ Որպես Լեհաստանի նախագահ՝ հայտարարում եմ, որ ցանկացած խնդրանքի դեպքում մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանին», - ընդգծեց Անջեյ Դուդան։
ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագիրը մեկնարկել է 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում կայացած ԵՄ և Արևելյան գործընկեր պետությունների ղեկավարների գագաթնաժողովով (ԵՄ անդամ 27 երկիր + գործընկեր 6 երկիր` Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան, Ուկրաինա):
Արևելյան գործընկերությունը նախատեսում է ավելի սերտ քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում ԵՄ հետ՝ հատկապես խթանելով շարժունակությունը, էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտի ոլորտը, գյուղատնտեսությունը, բնապահպանության շուրջ համագործակցությունն ու մերձեցման քաղաքականությունը:
2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Արևելյան գործընկերության շրջանակներում աշխատանքները դադարեցվել են։
comment.count (0)