Անահիտ Ավանեսյանը Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին
20:32 - 26 նոյեմբերի, 2024

Անահիտ Ավանեսյանը Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին:
 
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում:
Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության շրջանակային փաստաթղթին, որը սահմանում է 2024-2029թթ. տեխնիկական համագործակցության թիրախները հետևյալ ուղղություններով`
  • ախտորոշիչ և ռադիոթերապիայի ծառայություններ.
  • շրջակա միջավայրի ճառագայթման մոնիտորինգ.
  • միջուկային կարգավորող ենթակառուցվածքների հզորացում.
  • միջուկային էներգիայի անվտանգ արտադրություն և ջրային ռեսուրսների կառավարման կարողությունների բարձրացում:
«Տեխնիկական համագործակցության ծրագրերը տարիներ շարունակ աջակցել են Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնին՝ ստեղծելու ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած միջուկային բժշկության բաժանմունք, որը թույլ է տալիս հասանելի դարձնել մի շարք ծառայություններ քաղցկեղ ունեցող մեր պացիենտների համար: Առանձնակի կարևորում եմ փորձագիտական ծառայությունների և մասնագետների վերապատրաստման ծրագրերը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով ուռուցքաբանության ոլորտում կարողությունների զարգացման գործում գործակալության հետ համագործակցության փորձը։
 
Այցի շրջանակներում նախատեսված է նախարարական հռչակագրի ընդունում, երկկողմ մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի, ԱԷՄԳ անդամ-երկրների ներկայացուցիչների հետ։
 
«Առողջապահության նախարարությունը կարևոր է համարում Rays of Hope նախաձեռնությանը Հայաստանի մասնակցությունը, ինչը թույլ կտա առաջիկա տարիներին լուրջ զարգացում ակնկալել ոլորտում և կնպաստի Հայաստանում ճառագայթային և միջուկային բժշկության ոլորտի բնականոն զարգացմանը և հնարավորություններ կստեղծի ապագայում որպես խարսխային կենտրոն հանդես գալուն` ապահովելով ճառագայթային բուժման բարձր տեխնոլոգիական ժամանակակից մոտեցումների հասանելիությունը ոչ միայն մեր, այլև տարբեր երկրների մարդկանց համար»,- ելույթում նշել է նախարար Ավանեսյանը և շարունակել,- «Հայաստանը հավանություն է տալիս Նախարարական հռչակագրին, որն արտացոլում է մեր համատեղ ջանքերը՝ ուղղված հետազոտությունների ընդլայնմանը և միջուկային ռեսուրսների անվտանգ և պատասխանատու օգտագործման ապահովմանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել