ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության արդյունավետության բարելավման նախագիծը |armenpress.am|
13:06 - 27 նոյեմբերի, 2024

ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության արդյունավետության բարելավման նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում քննարկվում է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է վերացնել «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի օրենքի անհամապատասխանությունները, ինչպես նաև ստեղծել իրավական հիմքեր՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառքի ոլորտում վերահսկողության արդյունավետության բարձրացման համար։

Պապոյանը նշեց, որ գործող օրենսդրության որոշ հոդվածներում առկա են հակասություններ, որոնք խոչընդոտում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքը։ Օրինակ՝ օրենքի 6-րդ հոդվածով պահանջվում է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշվեն, հարգադրոշվեն, ունենան տարբերանիշ և անվանիշ։ Սակայն 8-րդ հոդվածում նշված է միայն երեք պահանջ։ Այս հակասությունը խոչընդոտում է վերահսկողության լիարժեք իրականացմանը։

Նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների պահանջները՝ վերացնելով հակասությունները, խմբագրել 2-րդ հոդվածի 14-րդ կետը՝ վերացնելով կրկնվող բառերը, ապահովել ԵԱՏՄ երկրների միջև թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիության գործընթացի շարունակականություն։

Նախագծի ընդունումը կօգնի բարելավել վերահսկողության մեխանիզմները և ապահովել թանկարժեք մետաղների առք ու վաճառքի ոլորտում ավելի արդյունավետ վերահսկողություն, վերացնել արհեստածին խոչընդոտները տեսչական գործողությունների ժամանակ, ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը՝ նվազեցնելով օրենքի բացերի հնարավոր ազդեցությունը։

Նախագծի ընդունումն, ըստ նախարարի, կարևոր է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի համար՝ արդյունավետ վերահսկողության իրականացման և սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից։

Այս փոփոխությունները համահունչ են նաև ԵԱՏՄ իրավական դաշտում փոխճանաչելիության պահանջներին, ինչը կապահովի Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարումը։

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել