Ուղեկցող գումարտակը ծանրաբեռնվածության պատճառով Հովիկ Գաբրիելյանին դարձյալ չէր բերել դատարան
18:32 - 27 նոյեմբերի, 2024

Ուղեկցող գումարտակը ծանրաբեռնվածության պատճառով Հովիկ Գաբրիելյանին դարձյալ չէր բերել դատարան

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանի գործով դատական նիստը այսօր ըստ էության չկայացավ․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գումարտակը հերթական անգամ կալանավորին չէր բերել դատարան։

Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը հայտարարեց, որ ՆԳՆ-ից ստացված գրության համաձայն՝ ուղեկցող գումարտակի ծառայողները կալանավոր Հովիկ Գաբրիելյանին չեն կարող ուղեկցել դատարան աշխատանքային ծանրաբեռնվածության եւ աշխատակազմի թափուր հաստիքների պատճառով։

Նշենք, որ սա միակ դեպքը չէ, երբ դատական նիստը հետաձգվում է, որովհետեւ ուղեկցող գումարտակը ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ չի կարողանում ապահովել կալանավորի ներկայությունը դատական նիստին։ Երբեմն էլ նույն պատճառաբանությամբ կալանավորները ուշացումով են բերվում դատարան, եւ դատավարության մասնակիցները ստիպված են լինում ժամեր շարունակ սպասել նիստի մեկնարկին։

Ուղեկցող գումարտակի ծանրաբեռնվածությանը գումարվում է նաեւ դատավորների եւ դատարանների ծանրաբեռնվածությունը։ Իրենց վարույթում հարյուրավոր գործեր ունեցող դատավորները կարողանում են ամսական 1-2 դատական նիստ նշանակել, եւ եթե չի ստացվում այդ նիստերին ապահովել կողմերի կամ վկաների մասնակցությունը, առաջ է գալիս գործի քննության ձգձգման խնդիրը։

Ինչ վերաբերում է դատարանների ծանրաբեռնվածությանը, այն դրսեւորվում է, օրինակ, շենքային պայմանների անբավարարությամբ։ Ինչպես այլ դեպքերում, այս գործով դատավորը եւս տեղեկացրեց, որ նիստերի դահլիճները բաժանվել են դատավորների միջեւ, եւ միակ օրը, երբ մինչեւ տարեվերջ ինքը կարող է եւս մեկ նիստ նշանակել, դեկտեմբերի 20-ն է՝ ուրբաթ, երբ դահլիճը տրամադրված է լինելու մեկ այլ դատավորի․ «Ուրբաթ օրերին ես իրավունք չունեմ այս դահլիճում նիստ նշանակելու, քանի որ դատարանի նախագահի հրամանով նիստերի դահլիճը բաժանվել է դատավորների միջեւ։ Ռիսկային է, բայց նշանակենք՝ հույսով, որ ազատ այլ դահլիճ կգտնենք»,– ասաց դատավոր Վարդգես Սարգսյանը։

Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ դատարանին գրություն է ուղարկել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը՝ փոխանցելով կալանավոր Գաբրիելյանի լիազորագիրը եւ խնդրելով հաստատել այն։ Դրանով Գաբրիելյանը լիազորում է իր քրոջը, որ նա իր անունից հանդես գա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում (նախկինում տրամադրված լիազորագրի ժամկետն ավարտվել է,–հեղ․), մասնավորապես, շարունակի ստանալ որպես նախկին զինվորական իրեն հասանելիք պետական նպաստը եւ որպես Արցախից բռնի տեղահանված՝  Կառավարության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը։

Հանրային մեղադրող Գեւորգ Մղդեսյանը, ըստ էության, առարկություն ներկայացրեց՝ հիշեցնելով, որ դեռեւս նախնական քննության փուլում իր կողմից պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվել, որի շրջանակում Գաբրիելյանի վրա դրվել է ենթադրյալ հանցագործության հետեւանքով պատճառված ավելի քան 41 միլիոն ՀՀ դրամ վնասի փոխհատուցման պահանջ․ «Ուստի, խնդրում եմ այս հանգամանքը քննարկել հենց այդ համատեքստում՝ հաշվի առնելով, որ մեղադրողի կողմից նման պահանջ կա, ինչը դատարանի կողմից ընդունվել է»,– նշեց մեղադրողը՝ հավելելով, որ իր տեղեկություններով՝ Գաբրիելյանը մինչս այս չի փոխհատուցել այդ ենթադրյալ վնասը։

Պաշտպան Վրեժ Խաչիկյանը արձագանքեց մեղադրողի ելույթին՝ նշելով, որ երբ դատարանը կորոշի անձի մեղավորությունը կամ անմեղությունը, այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ Գաբրիելյանը այդ գումարը պետք է վճարի թե ոչ․ «Ամեն դեպքում, որեւէ բռնագանձում նպաստների եւ թոշակների հետ կապված հարկադիր կատարման ծառայությունը չի ապահովում, կա սահմանված ցանկ, թե ինչ գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել»,– ընդգծեց պաշտպանը՝ հավելելով, որ Գաբրիելյանի մայրը վատառողջ է, իսկ չափահաս զավակներից մեկն է աշխատում, ուստի այդ գումարը նրա ընտանիքին անհրաժեշտ է։

Լսելով կողմերի կարծիքը՝ նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը նշեց՝ իր աշխատակազմը վեր կհանի համապատասխան օրենսդրական հիմքերը, ինչից հետո՝ հաջորդ դատական նիստին, դատարանը լուծում կտա հարցին։

Կալանավորից բացի այսօրվա դատական նիստին չէին ներկայացել նաեւ դատակոչված երկու վկաները․ Սարգիս Աբրահամյանն ու Դավիթ Մկրտչյանը հայտնել էին, որ ծառայության բերումով այսօրվա նիստին մասնակցել չեն կարող, եւ խնդրել էին հաջորդ նիստին իրենց ծանուցել զորամասի հրամանատարի միջոցով։

Դատարանը որոշեց հաջորդ նիստին դատակոչել Գորիսում ծառայող Դավիթ Մկրտչյանին եւ Երեւանում գտնվող Արմենակ Վիրաբյանին։

Հիշեցնենք՝ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ, ինչի հետեւանքով վերջիններս կրել են նյութական եւ մարդկային կորուստներ։

Գաբրիելյանը կալանավորված է ավելի քան մեկ տարի եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Լուսանկարը՝ սեպտեմբերի 27-ի նիստից

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել