RElecton [#51] Ռեյտինգային ընտրակարգն ինձ համար անընդունելի է.Սիփան Փաշինյան
14:47 - 15 դեկտեմբերի, 2019

RElecton [#51] Ռեյտինգային ընտրակարգն ինձ համար անընդունելի է.Սիփան Փաշինյան

RElection նախագծի շրջանակում «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումների մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ:

-Այս բարեփոխումների, քննարկումների շրջանակում բազմաթիվ առաջարկներ են հնչում և դրանց մեջ գերակշիռ են կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ առաջարկները։ Առաջարկվում է անցում կատարել պետական ֆինանսավորման: Ձեր կարծիքով կուսակցությունների ֆինանսավորման ո՞ր մոդելն է ավելի արդյունավետ և ո՞ր մոդելը հնարավորություն կտա ազատվել օլիգարխիկ ֆինանսավորումից:

-Ես կարծում եմ, որ բոլորս կհամաձայնենք այն մտքի հետ, որ կուսակցությունների ֆինանսավորումը լինի թափանցիկ: Այսինքն, հանրությունը տեղյակ լինի, թե որտեղից են առաջանում կուսակցության ֆինանսական միջոցները և այս տրամաբանության մեջ էական չէ, մեծ հաշվով, թե որ մոդելին կանցնենք: Այսինքն, էականը հետևյալն  է․ այն մոդելը, որին կանցնի ֆինանսավորման գործընթացը, արդյո՞ք կլինի թափանցիկ հանրության համար: Երբ ֆինանսավորումը թափանցիկ չէ, այդտեղ կարող են գոյություն ունենալ և, վստահ եմ, գոյություն ունեն տարբեր կոռուպցիոն ռիսկեր, կուլիսային պայմանավորվածություններ:

Նաև եկեք ֆիքսենք, որ կուսակցություններին մեծ գումարներ տրամադրող որևէ գործարար, կարծում եմ , հենց այնպես այդ ֆինանսները չի տրամադրում: Ես խոսում եմ բավականին խոշոր գումարի մասին, որովհետև կարող են լինել գործարարներ, որոնք զուտ քաղաքական սիմպատիայի կամ քաղաքական ծրագրերի առումով ֆինանսավորեն և  դրամահավաքներին իրենց ներդրումն անեն՝ այդ քաղաքական ուժի զարգացման, հաղթանակների համար: Սա նորմալ երևույթ է, բայց շատ խոշոր գումարներ կամ ամբողջ կառույցը, երբ սնվում է մեկ կամ երկու հոգուց, այդտեղ բնականաբար առաջանում են հարցեր, որոնք հետագայում կուլիսային պայմանավորվոծությունների, կասկածների տեղիք են տալիս:

Բնականաբար, հարցեր են առաջացնում, թե արդյո՞ք այդ գործընթացները կարող են թափանցիկ լինել հանրության համար։ Գալու ենք այն մտքին, որ դրանք հանրության համար չեն լինելու թափանցիկ: Մեր կուսակցության դրամահավաքները կազմակերպելիս ամբողջ գաղափարախոսությունն այն է, որ եթե կուսակցությանը պետք է օրինակ ՝100․000 դրամ , ճիշտ է ,որ 100.000 մարդ տա 1 դրամ, քան մեկ մարդ՝ 100.000 դրամ:

Կարծում եմ, որ սա կախվածությունները բացառելու և առհասարակ ավելի թափանցիկ լինելու համար է:

- Գաղտնիք չէ, որ Հայաստանում կուսակցություններից շատերը ձևավորվում են ոչ թե գաղափարական հենքի,հստակ գաղափարախոսության, այլ ձևավորվում են մեկ անձի շուրջ և սպասարկում են այդ մեկ անձի շահերը: Կիսու՞մ եք այս կարծիքը, թե ոչ: Եթե այո, ապա ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառել, որպեսզի նման դեպքերը բացառենք:

-Այո, կարծում եմ, որ կան նման դեպքեր։ Բայց, կարծում եմ, որ դրանք գալիս են այն պատճառով, որ կամ այդ մեկ անձը ունի մեծ ռեսուրսներ, կամ տվյալ մարդու նեղ շրջանակն ունի մեծ ռեսուրսներ: Այսինքն, մենք պետք է հասկանանք կամ պետք է ֆիքսենք, որ այդ մարդու շուրջ ոչ թե համախմբված են գաղափարի համար, այլ ապագայում գումարներ շորթելու համար: Փողի շուրջ հավաքվելու մոտեցման պատճառով է, որ դառնում է միանձնյա կուսակցություն:

Իսկ ինչ վերաբերում է գաղափարական կուսակցություններին․ եթե կան կուսակցություններ, որոնք գաղափարական առումով մեկ մարդու շուրջ են հավաքվել, կարծում եմ սա ընդունելի է։ Որպեսզի աշխատանքը դառնա թիմային, այդ անձի շուրջ հավաքված թիմը, հընթացս քաղաքականության մեջ քայլեր անելով, հասարակության մոտ վստահություն և ճանաչելիություն ձևավորելով, կդառնա թիմ:

-Եթե մեջբերեմ մեր նախորդ զրուցակիցներին, պետք է ասեմ, որ նրանցից շատերը պնդում էին, որ պետք է կուսակցությունների համար իջեցնել անցողիկ շեմը և, ապա, Սահմանադրությամբ պետք է նվազեցնել իշխող խմբակցությանը պատկանող 70 տոկոս մանդատների թիը, որպեսզի չունենանք միակուսակցական կառավարման համակարգ: Կխնդրեի անդրադառնալ այս հարցին և երկու կոնտեքստում պատասխանել՝ ի՞նչ կտան այդ փոփոխությունները:

- Ինչ վերաբերում է 70 տոկոս շեմին, ես կարծում եմ, որ երբ քաղաքական որևէ ուժ ունի այդ վստահությունը, պետք է ունենա հնարավորություն օրենսդրական փոփոխություններ իրականցնել ինքնուրույն։ Ինչո՞ւ: Մեր պարագայում, հասարակությունը մեզ տվել է 70 և ավել տոկոս վստահության քվե։  Ի՞նչ է ասել մեր հասարակությունը դրանով․ մենք ձեզ վստահում ենք, դուք գնացեք արեք, այն ինչը խոստացել եք և պատկերացնում եք:

Արդյունավետության հետ խնդիր կունենայինք, եթե, օրինակ, չունենայինք սահմանադրական մեծամասնություն, որովհետև սա բերում է կախվածության՝ այլ խմբակցությունների հետ և ամեն օրենսդրական նախագիծ, որը պետք է անցներ մեծամասնության։ Եթե չունենայինք այդ սահմանադրական մեծամասնությունը, այն բերելու էր կուլիսային պայմանավորվածությունների: Իհարկե, մենք երբեք չէինք գնա կուլիսային պայանավորվածությունների․ հարցը սա չէ:

Կարծում եմ, որ մենք քաղաքականապես դեռ չունենք այն զարգացվածությունը, որը մեզ կոնկրետ նախագծերի շուրջ  քաղաքական կոալիցիաներ կազմելու հնարավորություն կտար և կբերեր քաղաքական պայմանավորվածության:

Քաղաքական առումով, կարծում եմ, քանի որ հասարակության լայն շերտեր չեն հետևում Ազգային ժողովի կոնկրետ նախագծերին ՝ դրանց բուն իմաստով։ Այսինքն, մարդիկ տեղեկանում են, խնդիրը սա չէ, բայց բուն նախագծի նպատակին, բովանդակությանը բազմաթիվ մարդիկ ուղղակի ուշադրություն չեն դարձնում: Ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, թե արդյոք մենք կարողացանք որևէ հարց լուծել: Այդ կոնտեքստում բանակցության սեղանին դնել այն օրենսդրական բարեփոխումները, որոնցով պետք է լուծվեն խնդիրներ և չունենալ սահմանադրական մեծամասնություն, կարծում եմ, խնդիր է՝ զուտ հարցերը ավելի դանդաղ լուծելու կամ ստիպված գնալու ինչ-որ պայմանավորվածությունների: Ընդամենը դանդաղեցնելու կամ կանխելու էր մեր աշխատանքը:

Ինչ վերաբերում է ապագայում անցողիկ շեմն իջեցնելուն։ Գիտեք, քննարկելու թեմա է, ունի իր դրական և բացասական կողմերը: Եթե մոտենանք այն տեսանկյունից, որ եթե հասարակության 5 տոկոսը չի վստահում ինչ-որ քաղաքական ուժի, ապա ինչու պետք է այն լինի Ազգային ժողովում: Կամ, մեկնաբանենք այլ տեսանկյունից։ Եթե հասարակության 4 տոկոսը վստահում է այդ ուժին, ինչու այն չպետք է լինի խորհրդարանում: Հանգում ենք այն բանին, որ այն ուժերը, որոնք ունեն քիչ հնարավորություն և իրենք էլ հասկանում են, որ ունեն քիչ հնարավորություն խորհրդարանում հայտնվելու, բնականաբար կմեկնաբանեն այնպես, իսկ այն ուժերը, որոնք մեծ հնարավորություններ ունեն և  նաև բոնուսային հնարավորություն է իրենց համար՝ մանդատների ավելացման տեսանկյունից, այդ կուսակցությունները հակառակը կպնդեն:

Պետության և կառավարման տեսանկյունից նայելով՝  Ազգային ժողովում՝ տարբեր կուսակցությունների ներկայացվածությունը, կարող է պետության շահերի առումով շատ ավելի արդյունավետ լինել, որպեսզի այդ քիչ, բայց վստահության քվե ստացած կուսակցությունները հնարավորություն ունենան թիվ մեկ ամբիոնից ներկայանալու ժողովրդին և հետագայում իրենց գործունեությունը մեծացնելու կամ մյուս ընտրություններին մեծացնելու ստացած քվեների տոկոսը: Հնարավորություն է փոքր կուսակցությունների համար, բայց նաև պետք է առհասարակ հարց դրվի․ Հայաստանում կուսակցությունների այսքան բազմաթիվ, բազմերանգ լինելը:

Եթե չեմ սխալվում Հայաստանում 100-ից ավելի կուսակցություններ կան։ Կարծում եմ՝ սա անընդունելի է: Իմ կարծիքով, «Կուսակցությունների մասին» օրենքը պետք է այնպես լինի, որը հստակ սահմանի և թույլ չտա, որ ամեն ընկերական խումբ դառնա կուսակցություն: Կուսակցությունը պետք է լինի հասարակության ներգրավվածությամբ, քան, օրինակ, որևէ օլիգարխի կողմից՝ գումար ստանալով: Դրանով այն քաղաքականապես մահանում է՝ մինչև մյուս ընտրություն, երբ այդ օլիգարխը նորից գումար է տալիս, այդ ընտրություների ժամանակ նորից սկսում է քննադատել այլ քաղաքական ուժի: Այսպես ցիկլի մեջ են բազմաթիվ կուսակցություններ: Արդյո՞ք դրանք վնասում են քաղաքական զարգացման և նոր քաղաքկան մշակույթ բերելու առումով․ բնականաբար՝ այո: Նորից եմ կրկնում, որ ՀՀ օրենսդրությունը պետք է թույլ չտա պատվերով կուսակցություններ ստեղծելու գործընթացը:

- Այս բարեփոխումների ընթացքում առաջարկվում է իջենել կուսակցություններ ստեղծելու համար նախատեսված թվերը: Այսինքն, եթե նախկինում պետք է ունենային 200 վարչական անդամ, հիմա ցանկություն կա այդ թիվը սահմանել 50 և այլն:

-Իրենց իրավունքն է, թող կուսակցությունների թիվը դառնա 1879 կուսակցություն։ Դրանից Հայաստանի Հանրապետությունը շահու՞մ է, թե ոչ: Սա քննարկման խնդիր է։ Պետք է առհասարակ հասկանալ դրա դրական և բացասական կողմերը, որովհետև, այդ 1000 կուսակցությունները, որոնք ստեղծվելու են կամ գործող 100 կուսակցությունների անունները հասարակությունը չգիտի: Արդյո՞ք այն այսօր քաղաքական կամ հասարակական բարիք կարող է ստեղծել կամ նոր մշակույթ բերել, արդյո՞ք այդ կուսակցությունները քաղաքական ապագա ունեն, մեծ մասը՝ ոչ: Համոզված եմ, որ այդ կուսակցությունների մեծ մասի գրանցման թղթերը ինչ-որ մեկի տանը, դարակում դրված են: Այսինքն ֆիքսված է, բայց դե ֆակտո բացարձակապես որևէ կուսկացական գործունեություն չի ծավալում: Կարծում եմ՝ սա անընդունելի է և Հայաստանի Հանրապետությանը  և քաղաքական մշակույթի ապագային որևէ օգուտ չի տալիս:

- Ըստ Relection նախագծի ձևաչափի յուրաքանչյուր նախորդ զրուցակից հնարավորություն ունի հարց ուղղել հաջորդ բանախոսին: Մեր նախորդ զրուցակցի՝ Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի  հարցը հետևյալն է՝

«Ես կցանկանայի իմանալ Ձեր հաջորդ զրուցակցի կարծիքը մեծամասնականի և համամասնականի վերաբերյալ»:

- Բնականաբար ինձ համար ընդունելի է համամասնական ֆորմատը, որովհետև մեծամասնական ֆորմատը բերում է ապաքաղաքական գործողությունների: Ինչ նկատի ունեմ ապաքաղաքական գործողություններ ասելով. օրինակ՝ ինչ-որ թեկնածուներ են լինում մեծամասնական կամ այս պարագայում  ռեյտինգային, բերում են մարդիկ, որոնք առաջադրվում են։ Ամենափոքր տարածքում պարտադիր է , որ լինեն 5-7 թեկնածու, եթե չեմ սխալվում: Այսինքն, այդ 7 թեկնածուներից ամենափոքր տարածքում շատ հնարավոր է, որ որևէ մեկը չընտրվի, բայց հավաքած ձայների հիմքում էլ ընկած են խնդրանքներ, բարեկամներ։ Որևէ խորհրդարանական երկրում նման բան անթույլատրելի է, որովհետև խորհրդարանական երկիրն իրենից ենթադրում է կուսակցություններ, կուսակցական գաղափարներ, ծրագրեր, որի համար ժողովուրդը պետք է ձայն տա:Իսկ, թե ով ում բարեկամն է, կարծում եմ՝ քաղաքկան կատեգորիա չէ և պետք է դրան վերջ տալ:

Վստահ եմ, որ համամասնական ընտրակարգին անցելուց հետո, այն կուսակցությունները, որոնք մի քիչ ձայն են հավաքել դրանց զգալի մասը կորցնելու են, որովհետև դրանք նաև հենված են եղել որոշակի հեղինակություն ունեցող մարդկանց վրա: Այդ մարդիկ, որպես թեկնածու իրենց հեղինակությունը օգտագործելով, ձայն են բերել այդ կուսակցություններին։ 

Ես ռեյտինգային ընտրակարգով եմ ընտրվել, բայց ինձ համար անընդունելի է: Ես 2017 թվականին  Տավուշում եղել եմ ռեյտինգային թեկնածու և թե' 2017-ին, թե' 2018-ին քարոզարշավի կամ ընտարական պրոցեսի մեջ գտնվող որևէ մեկին չեք գտնի, ում ես ասել եմ՝ խնդրում եմ, ինձ ընտրիր կամ ինձ կընտրես: Սա եղել է քաղաքական սկզբունք։

Բոլոր այն թեկնածուներին ճանաչում եմ, որոնք ցուցակն առած՝ խնդրելով, վախեցնելով, բարեկամության, մտերմության փաստերը առաջ բերելով հնարավոր ամեն ձևով փորձել են ձայն հավաքել, այդպիսով ձայն բերելով կուսակցությանը: Չհասկանալով, որ եթե կուսակցությունը չի կարողանում այդ ընտրատարածքում հավաքել 10 տոկոս ձայն , ապա ինքը ոչ մի դեպքում չի կարող մանդատ ստանալ: Կարծում եմ, որ սա իր մեջ պարունակում է խաբկանք՝ ոչ ուղիղ իմաստով, որից կուսակցությունները կարողանում են օգտվել և հուսամ, որ մինչև հաջորդ ընտրություններ չենք ունենա այդ ռեյտինգային ընտրակարգը և որպես խորհրդարանական մոդելի երկիր կունենանք համամասնական, կուսակցական ընտրակարգ:

Սիփան Փաշինյանի հարցը հաջորդ բանախոսին՝

«Արդյո՞ք մեր հաջորդ զրուցակիցը կողմ է կուսակցությունների ֆինանսավորման հրապարակայնությանը և թափանցիկությանը, ինչպես նաև քարոզարշավների ընթացքում ծախսված ամբողջ գումարների հանրայնացմանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել