1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ նոյեմբերի 28-ի նիստին չզեկուցվող հարցերի փաթեթի քննարկման շրջանակում անդրադարձավ դրանում ներառված հարցերին: Վարչապետը նշեց, որ գործադիրը պետք է որոշում ընդունի ՔԿ նախագահի պաշտոնում Արթուր Պողոսյանին, իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնում՝ Էդուարդ Հակոբյանին նշանակելու մասին:
«Ե՛վ պարոն Պողոսյանը, և՛ պարոն Հակոբյանը նոր մարդիկ չեն մեզ համար: Պարոն Պողոսյանն արդեն շուրջ 2 տարի գլխավոր դատախազի տեղակալ է, պարոն Հակոբյանն արդեն շուրջ 2 տարի ֆինանսների նախարարի տեղակալ է, դրանից առաջ էլ նրանք համապատասխանաբար աշխատել են իրավական համակարգում. պարոն Պողոսյանը գլխավոր դատախազի տեղակալ լինելուց առաջ եղել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Էդուարդ Հակոբյանը, աշխատանքային ողջ գործունեությունն անցկացրել է ֆինանսների նախարարությունում»,- ասաց Փաշինյանը և շնորհավորեց ընտրված պաշտոնյաներին:
Էդուարդ Հակոբյանը նշեց՝ պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը՝ պատրաստ է առաջնորդել ՊԵԿ թիմը՝ թիրախում ունենալով ստվերի շարունակական նվազումը, ՊԵԿ համակարգերի շարունակական զարգացումը, թվայնացումը, վերլուծական գործիքների և վարչարարական գործիքների կատարելագործումը, ինչպես նաև կոռուպցիոն երևույթների դեմ շարունակական պայքարը:
Արթուր Պողոսյանը խոստացավ, որ նպաստելու է հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը:
«Մասնագիտական ողջ փորձս, ամբողջ ներուժս և գիտելիքներս ծառայեցնելու եմ ՀՀ-ում օրինականության ամրապնդմանը, իրավակարգի հաստատմանը և քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքների արդարացմանը»,- ասաց Արթուր Պողոսյանը:
Փաշինյանն արձագանքեց՝ մեր ռազմավարական խնդիրn այն է, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում, և որ «արդարություն» ու «արդարադատություն» հասկացությունները լինեն համարժեք, նույնական:
«Իհարկե, դա միայն ՔԿ-ի լուծելի խնդիրը չէ, բայց ակնհայտորեն ՔԿ-ն մեծ դերակատարում ունի այս հարցում»,- արձագանքեց Փաշինյանը:
Չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունվեց:
comment.count (0)