1lurer.am: ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի համար՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը Աստանայում մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հայաստանի նկատմամբ որևէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն իրենց յուրահատկությունն ունեն: Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չի ներառել Ղարաբաղը իր պետական տարածք: Ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում՝ իրավական առումով Հայասատնի հետ ուղիղ կապ չունի»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի ներկայիս վերաբերմունքը թելադրված է «ներքաղաքական խնդիրներով և Ղարաբաղի թեմայով»: Պուտինը նշել է, որ Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և աջակցում է կազմակերպության գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին։ ՌԴ նախագահը հնարավոր է համարել, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի:
Նշենք, որ պաշտոնական Երևանը ՀԱՊԿ-ին քննադատում է Հայաստանի նկատմամբ պայմանագրային պարտավորությունների ձախողման համար: Չնայած դիմումներին (2021 թ. մայիսին և 2022 թ. սեպտեմբերին)՝ կազմակերպությունն աջակցություն չի ցուցաբերել հայկական կողմին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք (Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզեր) ադրբեջանական ներխուժման ժամանակ, ավելին՝ հանդես չի եկել անգամ քաղաքական գնահատականով: Հաշվի առնելով այս ամենը՝ Հայաստանը 2024 թվականի սկզբին հայտարարեց, որ սառեցնում է իր մասնակցությունը դաշինքի աշխատանքներին:
comment.count (0)