Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է Էկոպարեկային ծառայության գործունեությունը
18:24 - 30 նոյեմբերի, 2024

Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է Էկոպարեկային ծառայության գործունեությունը

Ազգային ժողովի, Կառավարության, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներկայացման միջոցառում։ Այս մասին հայտնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նախարար Հակոբ Սիմիդյանը և անդրադարձել ծառայության գործարկման նախապատմությանը․

«2024 թվականի հունվարի 1-ից գործում է Էկոպարեկային ծառայության մասին նոր օրենքը և օրենսդրության գործարկումից հետո մենք ձեռնամուխ ենք եղել ծառայության կայացման գործընթացին։ Բավականին ծավալուն օրենսդրական աշխատանքից հետո արդեն հասել ենք ծառայության համալրման գործընթացին»։

Նախարարն անդրադարձել է բնության պահպանության գործառույթի կատարմանը տարբեր ժամանակներում և հիշեցրել, որ անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանությունը իրականացվել է տարբեր մարմինների կողմից և ոչ 24-ժամյա գրաֆիկով, ինչը շատ դեպքերում արդյունավետ չի եղել, ինչն էլ հիմք է հանդիսացել միավորելու այդ մարմինները և գործառույթները։

«Հույս ունեմ` այս ծառայության շնորհիվ կկարողանանք կրճատել ապօրինությունների շղթան, որն ունենք մեր անտառների, կենդանական և բուսական աշխարհի հանդեպ»,-նշել է նախարարը։

Ելույթներով հանդես են եկել Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը։

Ներկայացվել են ծառայության կառուցվածքը, գործառույթները, հաստիքների համալրման ընթացակարգը և ծառայության վերաբերյալ այլ մանրամասներ։
 
Ելույթներին հաջորդել է հարցուպատասխան և միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել պատասխանատուներին ուղղել իրենց հուզող հարցերը։

Ամփոփելով միջոցառումը նախարար Սիմիդյանը նշել է, որ ծառայության վերաբերյալ իրազեկման հանդիպումները լինելու են շարունակական և հորդորել քաղաքացիներին դիմել և մասնակցել հայտարարաված թափուր հաստիքների համալրման մրցույթներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել