«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության համար մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
19:30 - 30 նոյեմբերի, 2024

«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության համար մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ Էրեբունի թանգարանի մոտակայքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու, դրա ընթացքում կրակոցներ հնչեցնելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Դեպքի վայրի զննությամբ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել և վերցվել էին արնանման հետքեր, հայտնաբերվել էին պարկուճներ: Ռեստորանային համալիրից քիչ հեռու՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել էր «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, իսկ մեքենայի տարբեր հատվածներում՝ եղել էին կրակոցի հետքեր: Ռեստորանային համալիրի դիմացի հատվածում
հայտնաբերվել է նաև շարժիչը միացված վիճակում գտնվող «BMW 530 XI» մակնիշի ավտոմեքենա։

Նշանակվել էին դատաապրանքագիտական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել բազմաթիվ անձինք, առգրավվել և զննության էր ենթարկվել տարածքում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչների պարունակությունը։

Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրում այդ օրը տեղի ունեցած խնջույքի ընթացքում վիճաբանություն է առաջացել խնջույքին մասնակից անձանց միջև, ինչը շարունակվել է համալիրի դիմացի հատվածում։

Ժամը 01:00-ից 02:00-ի հատվածում, Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ն քննությամբ պարզված և դեռևս չպարզված այլ անձանց հետ «BMW» մակնիշի ավտոմեքենայով եկել է Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցում գործող «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ՝ վերոնշյալ վիճաբանությանը միջամտելու նպատակով: Ավտոմեքենան կայանելով փողոցի երթևեկելի մասում, Հ․ Մ․-ն մյուսների հետ դուրս է եկել ավտոմեքենայից և քայլելով վիճաբանող անձանց ուղղությամբ, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսե;ով, առանց պարզաբանումներ կատարելու, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ հայհոյանքներ տալով, խախտել են մարդկանց անդորրը և ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը,։

Այդ ընթացքում իր մոտ պահվող զենքից՝ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել օդ, ինչպես նաև՝ մարդկանց ուղղությամբ, ապա, նախահարձակ լինելով, կրակել է այլ անձի կողմից շահագործվող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Սակայն հրազենից արձակված գնդակները որևէ մեկին չեն դիպել և Հ․ Մ․-ի կամքից անկախ՝ սպանությունը չի իրագործվել։ Այդուհանդերձ, ավտոմեքենան վնասվել է, ինչի հետևանքով պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս:

Ապա Հ․Մ․-ն մոտեցել է մոտակայքում գտնվող, իր անձնական օգտագործման ավտոմեքենայի սրահում նստած, վիճաբանության մասնակից չհանդիսացող անձին, բացել ավտոմեքենայի դուռը և զենքը պահելով անմիջապես նրա ուղղությամբ, խախտելով վերջինիս անդորրը, սպառնացել նրան և տվել հայհոյանքներ:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին Հ․Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Նշված անձի մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթից անջատված մասը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին։

Ավելի վաղ խուլիգանական արարքներին մասնակից ևս երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, անջատված մասով քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
Միջադեպին մասնակից, խուլիգանական արարքներ կատարած, ինչպես նաև հրազեն կիրառած՝ ինքնությունը դեռևս չպարզված մյուս անձի մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել