hetq.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գլխավոր թեման եղել է Սիրիայում վերջին օրերին կատարվող իրադարձությունները։
«Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակի վրա։ Ահաբեկչական խմբավորումների և ավազակախմբերի լայնածավալ ագրեսիան գնահատվել է որպես սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական և սոցիալ-տնտեսական կայունության խաթարմանն ուղղված գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը փոխանցում է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահներն իրենց անվերապահ աջակցություն են հայտնել Սիրիայի օրինական իշխանությունների՝ երկրի սահմանադրական կարգի և տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված գործողություններին, ինչպես նաև ընդգծվել է Աստանայի ձևաչափի շրջանակներում Թուրքիայի մասնակցությամբ ջանքերի համակարգման կարևորությունը:
«Ընդգծվել է նախագահների և այլ մակարդակներում հետագա շփումների պլանը»,- հավելել է Կրեմլը։ Կրեմլում նաև ընդգծել են, որ, ի թիվս այլ հարցերի, նախագահները քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցության զարգացման արդիական հարցեր։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Հալեպի մարզի արևմտյան հատվածում սիրիական զինված խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել Բաշար Ասադի կառավարական ուժերի վրա։ Իսլամիստներն իրենց գործողություններն անվանել են Ասադի ուժերի կողմից վերջերս իրականացված հրետակոծությունների պատասխան: Սա վերջին չորս տարվա ընթացքում այդ տարածաշրջանում առաջին խոշոր գործողությունն է։ Հարձակման ընթացքում գրոհայիններին հաջոցվել է հասնել Հալեպի կենտրոն։ Նաև չհաստատված տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ իսլամիստները մտել են Իդլիբ և Համա նահանգների մի շարք քաղաքներ:
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հերքում է Համա նահանգում զինյալների առաջխաղացման մասին լուրերը: Սիրիայի պետական հեռուստատեսությունը նաև նշում է, որ կառավարական զորքերը Հալեպի և Իդլիբի մերձակայքում շարունակում են ոչնչացնել ահաբեկիչների հենակետերը: Սիրիայի իշխանությունների տվյալներով՝ բանակի և իսլամիստների միջև դիմակայության երեք օրվա ընթացքում սպանվել է մոտ 1000 զինյալ:
comment.count (0)