«Ծիծաղելի թիվ». վարորդներին հավելյալ աշխատանքային ժամի համար առաջարկվել է 700 դրամ
10:43 - 03 դեկտեմբերի, 2024

«Ծիծաղելի թիվ». վարորդներին հավելյալ աշխատանքային ժամի համար առաջարկվել է 700 դրամ

Ինչպես արդեն հայտնել ենք, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդները բողոքի ակցիա են իրակացնում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և պայմանների բարելավում:

Ակցիա իրականացնող վարորդներից մեկը հայտնեց, որ իրենց խոստացել են 100-150 000 դրամով աշխատավարձի բարձրացում, բայց հիմա ասում են, որ նման թիվ չեն ասել. «Ամեն մեկն ասում ա՝ անձամբ ես ասե՞լ եմ, բայց եթե մեկն ասում ա, ուրեմն՝ դա քննարկված հարց ա, ես էդպես եմ հասկանում: Մեր աշխատանքային պայմանագրով 12 ժամ մենք պետք է աշխատենք, պլյուս երկու ժամ հանգիստ, այսինքն՝ ընդհանուր 14 ժամ: Հիմա մեզ երեկ եկել են, առաջարկել են՝ հավելյալ ժամերի համար ժամը 700 դրամ, ծիծաղելի թիվ, էն էլ 10-ից հետո»:

Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ իրենց աշխատանքային ժամը տևում է «պրակտիկորեն մինչև 18 ժամ»:

Խոսելով աշխատանքային պայմանների մասին՝ վարորդներից մեկը ասաց, որ ավտոբուսների վերջնակետերում չկան զուգարաններ կամ էլ դրանք փողով են: Նրանք նշեցին, որ քանի դեռ ավտոբուսների գումարները առձեռն էին փոխանցվում, իրենք այս հարցը չէին բարձրացնում, քանի որ կարողանում էին լրացնել այդ ծախսերը:

«Ազատության» լրագրողի հարցին, թե օրական մոտավորապես որքա՞ն գումար էր մնում վարորդներին այն ժամանակ, երբ ավտոբուսի գումարը վճարում էին առձեռն, վարորդներից մեկը պատասխանեց, որ 4000-5000 դրամ մնում էր:

«Մեզ ժամավճար պետք չի, մենք հրաժարվում ենք ժամավճարով աշխատելուց: Մեր պայմանագրով ինչ կա, էդ ձև ենք աշխատելու: Մնացած հարցերը թող մտածի վերադասը»,- ասաց վարորդը:

Նա նաև հայտարարեց, որ իրենք վճարային նոր համակարգին դեմ չեն և սաբոտաժ չեն անում, պարզապես ցանկանում են պայմաններ՝ մեքենաները լվանալու, լվացման կետերի հերթերից ազատվելու, պահանջում են ժամավճարով աշխատանքի դեպքում վճարի բարձրացում, աշխատավարձերի բարձրացում, զուգարաններ:

Վարորդները նաև հայտնեցին, որ ղեկավարն այսօր իրենց ասել է, որ բոլորը, ովքեր ակցիա են իրականացնում, հեռացված են աշխատանքից:

Վարորդները չեն հերքում, որ խոսնակի նշած չափի աշխատավարձ են ստանում, բայց նշում են, որ իրենք արտաժամյա են աշխատում, պայմանագրից դուրս պարտականություններ իրականացնում, մասնավորապես՝ իրենց միջոցներով հոգում են շատ ծախսեր, այդ թվում՝ մեքենաների մաքրության, վերանորոգման ծախսերը:

Այսօր Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է, որ վարորդների ամսվա ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է.

  • MAN - 401,500 ՀՀ դրամ,
  • Zhong Tong – 309 500 ՀՀ դրամ,
  • Gazel City - 219,500 ՀՀ դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել