civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ աշխարհը Հայաստանն ընկալում է որպես ազգ-նահատակ։ Ըստ նրա՝ պետք է հաղթահարել ազգ-նահատակ բանաձևը և որդգրել «պետության» տրամաբանությունը։
«Շատ կարևոր է, որ մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհը ընկալում մեզ։ Սա կարող է շատ պարզ հարց թվալ, բայց այն ունի շատ կարևոր շերտեր և նրբություններ։ Վերջերս փորձում էի ամփոփել վերջին 6,5 տարվա ընթացքում իմ ունեցած տպավորությունները։ Ես գալիս եմ հետևյալ անխուսափելի եզրակացության՝ մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»,- դեկտեմբերի 3-ին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս կառավարության մեծագույն առաքելությունը ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարելն է։
«Մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ։ Մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել է հետևյալը՝ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևն ազգ-բանակն է։ Համոզված չեմ, որ սա ճիշտ արձագանք է, որովհետև իմ մտորումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է։ Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը չի վիճարկում ուժեղ բանակ ունենալու տեսակետը. «Սա ճիշտ օրակարգ է, բայց ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ մենք ինչքան և ումից ուժեղ բանակ ենք ուզում ունենալ»։
Նա կարծում է, որ ազգ-բանակ, ազգ-նահատակ բանաձևերը հաղթահարելու համար պետք է որդեգրել պետության տրամաբանությունը. «Պետությունն ունի պատասխանատվության գոտի, միջազգայնորեն ճանաչված կոնկրետ տարածք և գործում է միայն այդ տարածքի շահերին համապատասխան։ Այդ շահը տնտեսական զարգացումն է։ Հետևաբար, ՀՀ-ն պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան»։
«Պետք է պետությունն ինքն իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների հռչակված կանոններով և օրենքներով։ Ես սա ասում եմ հատկապես հիմա, երբ թվում է, թե միջազգային հաստատված օրենքներն ու կանոններն ամեն տեղ ոտնահարվում են։ Մենք շատ ենք խոսում, որ մեր պրոբլեմներին պետք է ասիմետրիկ ռեակցիա տանք։ Իմ կարծիքով՝ հենց սա է ասիմետրիկ ռեակցիան, երբ բոլորը խախտում են միջազգային հարաբերությունների ընդունված կանոնները, մենք պետք է դիրքավորվենք որպես մի պետություն, որն ինքն իրեն սահմանափակում է միջազգային հանրահռչակված կանոններով գործելուն համապատասխան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ արտագաղթի պատճառների 90 տոկոսը ևս կապված է Հայաստանի վարած տարածաշրջանային քաղաքականության, «մեր միջավայրի հետ կոնֆլիկտային հարաբերությունների» հետ։
comment.count (0)