Դամասկոսում ՀՀ դեսպանությունում ստեղծվել է թեժ գիծ. Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին կոչ է արվում հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից
12:38 - 03 դեկտեմբերի, 2024

Դամասկոսում ՀՀ դեսպանությունում ստեղծվել է թեժ գիծ. Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին կոչ է արվում հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից

Մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով Դամասկոսում ՀՀ դեսպանությունում ստեղծվել է թեժ գիծ՝ + 963 96 000 36 22: Այս մասին տեղեկացնում են Սիրիայում ՀՀ դեսպանությունից:

«Ներկայումս ճշտվում են ցուցակները, թե ում անձնագրերն են պատրաստ: Կան անձնագրային գործեր, որոնք դեռ գտվում են պատրաստման փուլում և գտնվում են Հայաստանում: Փնտրվում են հնարավորություններ առկա անձնագրերը իրենց հասցեատերերին հանձնելու ուղղությամբ: Իրավիճակը փոքր-ինչ կայունանալուց հետո հյուպատոսությունը կկապվի հասցեատերերի հետ և կտեղեկացնի ուր և ինչպես կարող են ստանալ իրենց անձնագրերը:

Այս պահին կազմակերպված տարհանումն անհնարին է: Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին՝ հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից (տեղաշարժվել միայն անհրաժեշտության դեպքում), իսկ քաղաքից դուրս գալու փորձերը այս պահին լիովին բացառել:

Այն հայրենակիցները, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիության, բայց դեռ չեն ստացել անձնագրերը, և Սիրիայի հայազգի  քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Հայաստան, կարող են դիմել Դամասկոսում կամ Բեյրութում ՀՀ դեսպանություններ և հեշտացված կարգով ստանալ ՀՀ մուտքի արտոնագրեր (վիզաներ):

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայումս տեղակայված է Դամասկոսում ՀՀ դեսպանությունում և արտակարգ ռեժիմով շարունակում է իր աշխատանքները դեսպանությունից»,- հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել