Այն քաղաքականությունը, որ վարել ենք և վարում ենք, միակ հնարավոր տարբերակն է, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս. Փաշինյան
 |1lurer.am|
13:54 - 03 դեկտեմբերի, 2024

Այն քաղաքականությունը, որ վարել ենք և վարում ենք, միակ հնարավոր տարբերակն է, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Քաղաքական մտավոր էլիտայի կողմից ամենաշատ մեջբերվող վերնագիրը Հովհաննես Թումանյանի հոդվածն է, որը վերնագրված է «Անկեղծ չենք»: 30 տարի ով ինչ խոսում է, ասում ենք՝ Թումանյանը ժամանակին գրել է՝ անկեղծ չենք, և շարունակում ենք անկեղծ չլինել: Ես էլ միանամ այդ հոծ քաղաքական, մշակութային, մտավորական բանակին՝ հղում անելով Թումանյանի «Անկեղծ չենք» հոդվածին, բայց նաև պիտի անկեղծ լինեմ՝ ինչքան վերնագիրը մեջբերելուց առաջ, այնքան էլ հետո: Այդ մասին Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այս համատեքստում անդրադառնալով ընդդիմադիրների կողմից հաճախ մեջբերվող իր այն հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Այս համատեքստում Փաշինյանը հռետորական հարցեր տվեց. 2018, 2017, 2016 թվականներին Ղարաբաղն անկախ պետությո՞ւն էր. անկախ պետություն չէր, քանի որ անկախ պետությունն ունի իր ատրիբուտը, ապա հիշեց նաև իր խորհրդարանական նախաձեռնությունները պատգամավոր եղած ժամանակ:

«Մենք ասել ենք՝ Ղարաբաղը անկախ պետություն չէ: Ղարաբաղը Ադրբեջա՞ն է, չէ, Ղարաբաղը Ադրբեջան չէ, որովհետև ով ասեց՝ Ղարաբաղն Ադրբեջան է, պարզ է, թե ինչ կարձագանք կստանար: Ղարաբաղը Հայաստա՞ն է. չէ, Ղարաբաղը Հայաստան չէ: Լա՛վ, ժողովո՛ւրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, Ղարաբաղն ի՞նչ է բա:

Ինչո՞վ է սա կարևոր: Սա կարևոր է հետևյալ տրամաբանությամբ. հարգելի՛ գործընկերներ, որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս: Մաքսիմում 9 ամիս անց պետք է մի որևէ բան տեղի ունենա. պետք է կա՛մ ծնվի երեխան, կա՛մ պետք է չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով, կա՛մ կեսարյան հատումով պետք է ծնվի, կա՛մ բնական ճանապարհով, կա՛մ կենդանածին պետք է լինի, կա՛մ մեռելածին, կա՛մ տղա պետք է լինի, կա՛մ աղջիկ պետք է լինի, և խնդիրը հետևյալն է...

Պատահական չէ, որ տասնյակ անգամ այս ամբիոնից Սերժ Սարգսյանից ապրիլյան խոսքերն եմ մեջ բերել 2018 թվականի: Այն բանը, որ մենք այս հղիությունը պետք է ևս 9 ամսով երկարացնենք, դա, կներեք, աբսուրդ մոտեցում է, և, այնուամենայնիվ, շատ կարևոր է արձանագրել մի հարց. այն ամենը, ինչ տեղի է ունեցել, ի՞նչ է, տեղի ունեցածն ի՞նչ է, և ի՞նչ է նշանակում, ինչքանո՞վ է ճիշտ, և ինչքանո՞վ է սխալ»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ վերջին 4 տարիներին տարբեր թեմաներով անընդհատ ինքն իրեն հարցեր է տվել, նաև այն քաղաքականությունը, որը վարել է, ճի՞շտ է եղել, թե՞ սխալ:

«Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք ԼՂ-ի հարցը կամ, ինչպես ես պատկերավոր ասացի, այդ իրավիճակը կամ մեր պայմանական հղիությունը ևս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ, եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե արդեն սխալ էր:

Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, ես պիտի ասեմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք և վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն էր և միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս»,- ասաց նա և հավելեց, որ շատ բան կախված է այն բանից, թե ինչպես մենք կօգտագործենք այդ շանսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել