Կուսակցական ազդեցություններից ազատ բուհեր ունենալու անհրաժեշտության մասին գործող կառավարող ուժը խոսում էր դեռ ընդդիմադիր ժամանակներից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման 6-րդ տարում, սակայն, Երևանում գործող 12 պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահներից 8-ը քաղաքական պաշտոնյաներ են, որոնցից 3-ը՝ կուսակցականներ։
«Ինֆոքոմը» պարզել է, թե ինչ պաշտոններ են զբաղեցնում և կառավարող ուժի հետ ինչպիսի հարաբերություններ ունեն այդ 12 պետական բուհերի կառավարման խորհուրդների՝ վարչապետի և ԿԳՄՍՆ-ի առաջադրած անդամները, ինչպես նաև բուհերի ապակուսակցականացմանն ուղղված ինչ դրույթներ են առկա «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծում։
Ինչ էր հայտարարում կառավարող ուժն իշխանափոխությունից անմիջապես հետո
2018-ի ապրիլին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բուհերի խորհուրդներում կուսակցական անձանց առկայությունից, պնդում էր․ «Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո։ ․․․․ Որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենա լինելու որևէ բուհի ռեկտոր, և բոլոր բուհերը պետք է անցնեն 100% ինքնակառավարման։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը՝ սկսած ռեկտորից, ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»։
2018-ի հոկտեմբերին Արայիկ Հարությունյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր կրթության և գիտության նախարարի պաշտոնը, հայտարարեց՝ իրենք ոլորտը կարգավորող նոր օրենք են մշակում, և համաձայն այդ օրենքի՝ այլևս ոչ մի պետական պաշտոնյա չի լինելու բուհերի խորհուրդներում¹։ Նա շեշտում էր նաև այն հանգամանքը, որ տվյալ պահին (2018-ի վերջին) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ոչ մի անդամ բուհերի խորհուրդներում նախագահ չէր ընտրվել։
Այդ ժամանակ կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ քննարկվում է կառավարության մարմինների մասնակցությունը բուհերի ղեկավարմանը նոր օրենքով 20-30% դարձնելու հարցը։ Նշենք, որ գործող օրենքով բուհի խորհրդի 25%-ին առաջադրում է վարչապետը` կառավարման մարմիններից, 25%-ին՝ ԿԳՄՍՆ-ն՝ տարբեր ոլորտներից, այսինքն՝ խորհրդի անդամների կեսին առաջադրում է կառավարությունը։
2019-ին, երբ Հովհաննես Հովհաննիսյանն արդեն 7-րդ գումարման Ազգային ժողովի (ԱԺ) իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ (Հովհաննես Հովհաննիսյանն անկուսակցական է), ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Մենք էլ ենք ուզում՝ քաղաքականությունից զերծ միջավայր լինի, և դրա համար որևէ նախարար չդարձավ հոգաբարձուների խորհրդի նախագահ և չընդգրկվեց հոգաբարձուների խորհրդի անդամների մեջ, և մաքսիմում փորձ էինք անում զերծ պահել մարդկանց հոգաբարձուների խորհրդից: Բայց ինձանից լավ գիտեք կարգը, որ 25%-ն ընդգրկվում է կառավարությունից։ Հիմա ընկած ման էինք գալիս՝ ով իշխող կուսակցության անդամ չէ: Եթե նայեք հոգաբարձուների խորհրդի անդամների կազմը, կտեսնեք բավականին մեծ թվով հանրապետականներ, դաշնակներ, կտեսնեք և այլ կուսակցություններ»:
Ինչպես են ներկայումս ձևավորվում բուհերի խորհուրդները
2019-ի դրությամբ գործում էր (և այժմ էլ շարունակում է գործել) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը։
Օրենքը սահմանում է, որ բուհի խորհուրդը ձևավորվում է պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի (այսինքն՝ կառավարության), լիազորված մարմնի (այսինքն՝ ԿԳՄՍՆ-ի) ներկայացուցիչներից: Անդամների թիվն առնվազն 20 է²։
Ըստ Կառավարության սահմանած՝ բուհի խորհրդի ձևավորման կարգի՝ խորհրդի 25%-ը կազմում են պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամները, 25%-ը՝ ուսանողության կողմից ընտրված անդամները, 25%-ը՝ հիմնադրի անունից վարչապետի առաջադրած անդամները, որոնք պետք է լինեն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, և 25%-ը՝ լիազոր մարմնի (ԿԳՄՍՆ-ի) առաջադրած անդամները, որոնք պետք է լինեն կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։
Խորհուրդն իր կազմից (բացի ուսանողության ներկայացուցիչներից) ընտրում է նախագահ, որը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող, սակայն այդ բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը։
Բուհի խորհրդը հաստատում է բուհի բյուջեն, ռազմավարական ծրագրերը, իրականացնում է ռեկտորի ընտրությունը, բուհի գործունեության տարեկան հաշվետվության գնահատումը և այլն։
Կուսակցականները գնացին բուհեր՝ ապակուսակցականացնելու դրանք
2020-ից սկսած՝ Հայաստանի բուհերում հաստատվեցին հոգաբարձուների խորհուրդների նոր կազմեր, որոնք գործում են մինչ օրս։ 2021-ին հատկապես աղմուկ բարձրացրեց այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ առաջադրեց ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանին, որը նաև ընտրվեց բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Ի պատասխան քննադատությունների՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «2020 թ․ իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք ամբողջությամբ ապակուսակցականացվել էինք բուհերի համակարգից, այսինքն՝ մեր կուսակցականներին չենք ներդրել այնտեղ։ Ու պարզվեց, որ բուհերի 90%-ը թաքնված կուսակցականներ են։ Մեր պետականության համար ամենադժվար պահին բուհական համակարգը նետվում էր մեր հայտնի ընդդիմադիրների գիրկը՝ մտածելով, որ իշխանությունը փլուզվում է, գնան տեղավորվեն այնտեղ, որտեղ տեղավորված էին 2000-ականներին։ Հիմա, երբ Սուրեն Պապիկյանը դառնում է ԵՊՀ խորհրդի նախագահ, ինքը հենց գնում է բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար։ Ու ասեմ, որ մեր պետության համար կարևոր պահին շատ մարդիկ հակապետական գործունեությամբ հանդես եկան ու մեր տված շանսը չօգտագործեցին։ Մենք չենք գնում բուհական խորհուրդներ կուսակցականացնելու համար, այլ գնում ենք մեր ապակուսակցականացման սկզբունքը պահելու համար»։
Կուսակցականների՝ բուհերի խորհուրդներ գնալուց հետո էլ, սակայն, կառավարությունը շարունակում էր խոսել ապակուսակցական կրթական միջավայրից։ 2022-ին ընդունված «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրն», օրինակ, խոստանում է Հայաստանում ապահովել կուսակցական ազդեցություններից ազատ կրթական միջավայր։
«Հասարակական-քաղաքական իրավիճակը, որի պայմաններում մշակվել է սույն Ծրագիրը, էականորեն տարբերվում է մինչ այս գոյություն ունեցած իրավիճակներից, քանի որ ներկայում առկա են քաղաքական կամք և հստակ նպատակադրում` ձևավորելու իրապես ինքնակառավարվող և ինքնակարգավորվող, կուսակցական ազդեցություններից ազատ, անկախ և նախաձեռնող, խնդիրներ սահմանող և դրանք լուծող, ներառական, ստեղծարար և արդյունավետ կրթական միջավայր բոլորի համար»,- ասվում է ծրագրի ներածության մեջ:
«Ինֆոքոմն» ուսումնասիրել է Երևանում գործող պետական 12 բուհերի խորհուրդների՝ վարչապետի և ԿԳՄՍՆ առաջադրած անդամների³ կենսագրությունը։ Մեր հավաքագրած տվյալները ցույց են տալիս, որ հիմնադրի (Հայաստանի Հանրապետության) անունից վարչապետի առաջադրած 60 անդամներից 13-ը կամ մոտ 22%-ը քաղաքական պաշտոն է զբաղեցնում⁴, 3-ը կամ 5%-ը՝ քաղաքական պաշտոն է զբաղեցնում և միաժամանակ ՔՊ անդամ է, ևս 3-ը կամ 5%-ը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և միաժամանակ ՔՊ աջակից կամ փոխկապակցված անձ⁵ է, իսկ 9-ը կամ 15%-ը ՔՊ աջակից է կամ փոխկապակցված անձ (բոլորը միասին՝ մոտ 47%)։
ԿԳՄՍՆ առաջադրած 60 անդամներից 7-ը կամ մոտ 11,6%-ը պետական համակարգի աշխատող է, 1-ը կամ մոտ 1,7%-ը՝ նախկին քաղաքական պաշտոնյա և ՔՊ փոխկապակցված անձ, 2-ը կամ 3․4%-ը՝ ՔՊ համակիր կամ փոխկապակցված անձ, իսկ 1-ը կամ մոտ 1,7%-ը՝ քաղաքական պաշտոնյա և ՔՊ անդամ (բոլորը միասին 18․3%)⁶։
Տվյալներն՝ ըստ առանձին բուհերի, կարող եք տեսնել սահիկաշարում (պատկերներն ամբողջությամբ տեսնելու համար մեծացրեք սահիկաշարը)։
Հետաքրքիր է նաև այն, որ բուհերի խորհուրդներում կան կրկնվող անդամներ․ 11 պաշտոնյաներ, որոնցից 3–ը քաղաքական պաշտոն են զբաղեցնում, խորհրդի անդամ են միանգամից մի քանի բուհում։
Իսկ խորհուրդների նախագահների 67%-ը քաղաքական պաշտոնյա է։
Այսպիսով, անկախ մինչև 2018-ի իշխանանափոխությունը և իշխանությունը ստանձնելուց անմիջապես հետո հնչած քաղաքական հայտարարություններից, այսօր փաստացի բուհերի խորհուրդներում կան և՛ քաղաքական պաշտոն զբաղեցնողներ, և՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ (այդ թվում՝ ՔՊ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնող), և՛ ՔՊ աջակիցներ կամ ՔՊ-ականներին փոխկապակցված անձինք։
Ավելին՝ Հովհաննես Հովհաննսիյանը, որը զբաղեցրել է քաղաքական պաշտոններ, այդ թվում՝ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այժմ ԵՊՀ ռեկտորն է։
2023-ի մարտին, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին լրագրողները հարցրին բուհերն ապակուսակցականացնելու հայտարարություններից հետո խորհուրդներում կուսակցական անձանց հայտնվելու մասին, նախարարը պատասխանեց․ «Ի՞նչ նկատի ունենք, երբ որ ասում ենք որևէ հաստատության կուսակցականացվածություն․ արդյո՞ք դրանով մենք նկատի ունենք, որ ոչ մեկը տվյալ հաստատությունում չպետք է լինի որևէ կուսակցության անդամ։ Դա չի՛ կարող ուղղակի էդպես լինել, որովհետև մարդու իրավունքն է լինել կուսակցական կամ չլինել կուսակցական, և որևէ մեկը չի կարող ասել, որ, օրինակ, մեր ոչ մի ուսուցիչ չպիտի պատկանի որևէ կուսակցության, որ կրթության ոլորտի ոչ մի աշխատակից չպիտի կուսակցության անդամ լինի։ Կապ չունի՝ որ կուսակցության»։
Նախարարը մանրամասնեց՝ երբ խոսում են կրթական հաստատությունների կուսակցականացվածության մասին, նկատի ունեն այն դեպքերը, երբ այդ հաստատություններում լծակներ են գործադրվում որևէ կուսակցության օգտին գործունեություն ծավալելու ուղղությամբ։
«Օրինակ՝ ուսանողների տվյալներ հավաքագրվեն, և այդ ուսանողները որևէ կուսակցության հավաքներին, քարոզչական միջոցառումներին [մասնակցեն]։ Էլ չեմ խոսում ընտրությունների մասին։ ․․․․ Ես վստահաբար կարող եմ ասել, որ այդ իմաստով բուհերը կուսակցականացված չեն։ Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որպես ոլորտի՝ այս պահի ղեկավար․ որևէ բուհի առջև չկա՛ դրված քաղաքական խնդիր, կուսակցական խնդիր ու չի՛ կարող դրված լինել»,- նշեց նա։
Նախարարի այս հայտարարությունից շատ չանցած՝ 2023-ի սեպտեմբերին, Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որը նաև Պոլիտեխնիական համալսարանի հոգաբարձուների խորհդի նախագահն է, ընտրություններից երկու օր առաջ այցելեց այս համալսարան։ Դեպքի մասին ահազանգեց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը, որի տեղեկություններով ուսանողներին հայտնել էին՝ Ավինյանի հետ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի։ Դիտորդական առաքելությունը նաև տեսանյութ էր հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես է Ավինյանը Պոլիտեխնիկական համալսարանի վերելակների խնդրի լուծման համատեքստում հնչեցնում իրենց նախընտրական կարգախոսը․ «Արդեն ասել էիք, մենք արդեն անում ենք»։
2023-ի ավարտին ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին «Ինֆոքոմը» հարցրեց, թե ինչպես է կառավարությունը սպասվող փոփոխություններով բուհերում ապահովելու կուսակցական ազդեցությունից զերծ կրթական միջավայր, երբ հոգաբարձուների խորհուրդներում առաջադրվում են կուսակցական անձինք։ Սարգիս Հայոցյանը նախ նշեց, որ այդ մարդիկ բուհեր չեն գործուղվել որպես կուսակցության ներկայացուցիչներ, իսկ բուհերում «կուսակցականացման, կուսակցության ներխուժման գործընթաց չկա»։
«Ընդհակառակը, մենք փորձում ենք կուսակցական մնացուկները վերջնականապես հանել բուհերից»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե կուսակցականացման վտանգ կարող է լինել, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը պատասխանեց՝ իրենք ուսումնասիրում են, թե միջազգային պրակտիկայում օրենսդրական ինչ լծակներ ու գործիքներ կան, որոնք կանխարգելում են բուհի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելը։
«Աշխարհում կարգավորված է, մենք ուղղակի պետք է հասկանանք՝ ինչպես է կարգավորվում, և այո՛, պետությունը պատրաստ է դրան գնալ։ Բայց այս պարագայում էլ պետք է հասկանանք հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը, որովհետև ենթադրվում է, որ հոգաբարձուների խորհուրդում պետք է լինեն մարդիկ, որոնք իրոք հոգատարություն ունեն համալսարանի հանդեպ ու որոշակի ներդրում ունեն այդ ամեն ինչի մեջ»,- ասաց Սարգիս Հայոցյանը։
Հակասահմանադրական դրույթներ, որոնք վերաբերում էին բուհերի ինքնավարությանը
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի առաջին նախագիծը կառավարությունը հանրային քննարկման էր ներկայացրել 2019-ի ավարտին։ Այս նախագիծը լրամշակումների մի քանի փուլ անցնելուց հետո հասավ Ազգային ժողով (ԱԺ) և ընդունվեց 2021-ի մարտին։ Օրենքի՝ Աժ-ում ընդունված վերջնական տարբերակով սահմանվում էր, բուհի կառավարման խորհուրդը բաղկացած է 9 անդամից, որոնցից 4-ին առաջադրում է բուհի ակադեմիական խորհրդը, 5-ին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ ԿԳՄՍ նախարարը։ Նախագծում նաև նշվում էր, որ եթե բուհը սահմանված ժամկետում չի առաջադրում կառավարման խորհրդի 4 անդամներին կամ առաջադրում է 4-ից պակաս ադամների, ապա չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ ԿԳՄՍ նախարարը (Հոդված 27)։
Նախագծով արգելվում էր, որ բուհի կառավարման խորհրդում ներգրավվեն կուսակցության ղեկավար մարմնի անդամներն ու քաղաքական պաշտոն զբաղեցնողները (Հոդված 28)։ Բուհում առանցքային վարչական պաշտոններ զբաղեցնող անձինք՝ ռեկտորի տեղակալները, կառուցվածքային միավորների ղեկավարները, ղեկավար վարչական աշխատակազմը և նմանատիպ այլ պաշտոններ զբաղեցնողները ևս չէին կարողանալու ընդգրկված լինել կուսակցական և քաղաքական ղեկավար մարմիններում կամ պետական պաշտոններում (Հոդված 37)։
Ռեկտորների համար ևս սահմանափակումներ կային․ «Հանրային բուհի ռեկտորը իր պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության մարմնի ղեկավար անդամ, կուսակցության անունից ունենալ ելույթներ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն (Հոդված 32)»:
Այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգյսանը, սակայն, չստորագրեց ԱԺ-ում ընդունված օրենքը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ վիճարկելով օրենքի մի քանի դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը։ ՍԴ-ն 2021-ի օգոստոսին հրապարակված վճռով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը ճանաչեց Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:
Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով, հիշեցնենք, սահմանվում էր, որ կառավարման խորհրդի 4 անդամին առաջարկում է բուհի ակադեմիական խորհուրդը, իսկ 5-ին՝ լիազոր մարմնի ղեկավարը։ Հոդվածի 4-րդ մասով էլ սահմանվում էր, որ եթե բուհը սահմանված ժամկետներում 4 անդամի չի առաջադրում կամ 4-ից պակաս անդամների է առաջադրում, չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է լիազոր մարմնի ղեկավարը։
Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետն էլ սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:
ՍԴ որոշման հրապարակումից հետո՝ 2021-ի հոկտեմբերին, հրապարակվեց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված և Սահմանադրությանը համապատասխանեցված նախագիծը, ըստ որի՝ բուհի խորհուրդը պիտի ունենար 12 անդամ, որից 6-ին առաջադրելու էր բուհի ակադեմիական խոհրուրդը, 6-ին նշանակելու էր լիազոր մարմնի ղեկավարը։ Իսկ բուհի կողմից սահմանված ժամկետներում անդամներ չառաջադրելու դեպքում լիազոր մարմինը կարողանալու էր մինչև 2 ժամանակավոր անդամ առաջադրել՝ մինչև բուհի կողմից առաջադրումը (Հոդված 27)։
Բուհի խորհրդի անդամների, ռեկտորի և վարչական պաշտոն զբաղեցնողների համար շարունակում էր գործել կուսակցության ղեկավար մարմնի անդամ լինելու և քաղաքական պաշտոն զբաղեցնելու արգելքը։
Օրենքի լրամշակված նախագիծը, սակայն, այդպես էլ չհասավ ԱԺ (պատճառների մասին կարող եք կարդալ այստեղ)։
Ինչ կարգավորումներ է առաջարկում կառավարությունը հիմա
Այս տարվա սեպտեմբերին՝ 2 տարվա ընդմիջումից հետո, հանրային քննարկման ներկայացվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը։
Նախագիծը սահմանում է, որ բուհերն ունենալու են կառավարման երեք մարմին՝ հոգաբարձուների խորհուրդ, ակադեմիական խորհուրդ և գործադիր մարմին՝ ռեկտոր։
«Հանրային բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»,- ասվում է նախագծում:
Ըստ նախագծի՝ ներկայումս Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) համակարգում կամ դրանից դուրս գործող գիտական գրեթե բոլոր կազմակերպությունները միանալու են բուհերին։ Գիտական կազմակերպությունները բուհերի կազմում ունենալու են որոշակի ինքնավարություն, առանձին գիտական խորհուրդ, տնօրեն։
Նախագծով սահմանվում է, որ գիտական կազմակերպության տնօրենը ևս առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն։
Կուսակցական լինելու արգելքը ոչ միայն ռեկտորի և գիտական կազմակերպության տնօրենի համար է։
«Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման գործադիր մարմնում ինչպես նաև ակադեմիական և գիտական խորհուրդներում արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը, նման հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանում նշված պաշտոններից անձի ազատման համար՝ տվյալ պաշտոնում նշանակելու կամ առաջադրելու իրավասություն ունեցող մարմնի կողմից՝ նշված հանգամանքի առաջացման մասին իրազեկվելու պահից»,- ասվում է նախագծում:
Նախագծում նշվում է, որ բուհի հոգաբարձուների խորհուրդը համարվելու է նաև դրա կազմում ընդգրկված գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդը։ Հոգաբարձուների խորհուրդն իրականացնելու է մի շարք կարևոր գործառույթներ, այդ թվում՝
Նախագծով սահմանվում է, որ հոգաբարձուների խորհուրդն ունի 20 անդամ։ Անդամներից 10-ին ներկայացնում է բուհը՝ 5-ին՝ ակադեմիական կազմի ներկայացուցիչներից (ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից) և 5-ին՝ ուսանողական ներկայացուցչական մարմինների ներկայացուցիչներից:
Մյուս 10 անդամներին առաջադրում է լիազոր մարմինը, այսինքն՝ ԿԳՄՍՆ-ն։ Լիազոր մարմնի առաջադրած անդամները կարող են լինել գիտության և կրթության․ հումանիտար, արվեստների կամ գործարար միջավայրի՝ բարձր հեղինակություն վայելող և պատասխանատու պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող անձիք՝ այդ թվում Սփյուռքի կամ այլ երկրի ներկայացուցիչներից։
Եվ չնայած չկա այնպիսի դրույթ, որը կարգելի հոգաբարձուների խորհրդի անդամին լինել կուսակցական կամ զբաղեցնել քաղաքական պաշտոն, նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ «Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում կամ կառավարման կոլեգիալ մարմիններում արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը, նման հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանում նշված պաշտոններից անձի ազատման համար»։
«Ինֆոքոմի» հետ հեռախոսազրույցում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշեց՝ նման անհամապատասխանության պատճառն այն է, որ հանրային քննարկման դրված նախագծում հոգաբարձուների խորհրդի անդամներին վերաբերող այդ դրույթը հստակ շարադրված չէ։ Ըստ կոմիտեի նախագահի՝ նախագծի՝ կառավարություն ուղարկվելիք լրամշակված տարբերակում հոգաբարձուների խորհրդի անդամներին վերաբերող ձևակերպումները հստակեցվելու են։
Մասնավորապես, օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ կետը շարադրվելու է հետևյալ տարբերակով․ «Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում, ինչպես նաև ակադեմիական և գիտական խորհուրդներում և ղեկավար պաշտոններում արգելվում է որևէ կուսակցության անդամ հանդիսացող կամ քաղաքական, հանրային կամ համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը: Նման հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանում նշված պաշտոններից անձի ազատման համար տվյալ պաշտոնում նշանակելու կամ առաջադրելու իրավասություն ունեցող մարմնի կողմից նշված հանգամանքի առաջացման մասին իրազեկվելու պահից»:
Եթե նախագիծը շարադրվի այս խմբագրմամբ, կնշանակի, որ հոգաբարձուների խորհրդի անդամներ չեն կարող առաջադրվել ոչ միայն կուսակցականներն ու քաղաքական պաշտոն զբաղեցնողները, այլև առհասարակ հանրային և համայքնային ծառայության պաշտոններ զբաղեցնողները։
ԿԳՄՍՆ-ն այս պահին առաջարկների հավաքագրման փուլում է, և նախագծի վերջնական լրամշակված տարբերակի հրապարակումից հետո պարզ կդառնա, թե ինչ խմբագրմամբ նախագիծը կքննարկվի և քվեարկության կդրվի ԱԺ-ում։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոգաբարձուների խորհրդի ձևավորման նոր սկզբունքները գործելու են խոշորացված բուհերի համար։ Թե երբ տեղի կունենա բուհերի խոշորացումը, դեռևս հայտնի չէ։ Պետական բուհերից մի քանիսի խորհուրդների լիազորությունների ժամկետը լրանալու է 2025-ին, մի մասինը՝ 2026-ին, մի մասինը՝ 2028-ին։ Մինչ բուհերի խոշորացումը հոգաբարձուների խորհուրդները կշարունակեն ձևավորվել գործող օրենսդրությամբ։
Այսպիսով, չնայած 2018-ի իշխանափոխությունից հետո կառավարող ուժի խոստումներին՝ բուհերն ազատել կուսակցական ազդեցություններից, այսօր բուհերի կառավարման խորհուրդներում առկա է զգալի քաղաքական ներկայություն․ Երևանի 12 պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահներից 8-ը քաղաքական պաշտոնյաներ են, խորհուրդների՝ վարչապետի առաջադրած անդամների 47%-ը քաղաքական պաշտոնյաներ են կամ կապված են կառավարող կուսակցության հետ, ԿԳՄՍ նախարարի առաջադրած անդամների 18.3%-ը պետական պաշտոնյաներ են կամ կապված են կառավարող կուսակցության հետ։
Չնայած վերոնշյալին՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծով նախատեսվում է սահմանափակել կուսակցականների և քաղաքական պաշտոնյաների մասնակցությունը բուհերի կառավարմանը, սակայն այս սահմանափակումների գործնական կիրառումը դեռևս կախված է օրենքի վերջնական խմբագրությունից և բուհերի խոշորացման գործընթացից:
¹ Հայաստանում բուհերն իրավակազմակերպական ձևով կա՛մ հիմադրամներ են, կա՛մ պետական ոչ առևտրային կազմակերպություններ։ Հիմնադրամներն ունեն հոգաբարձուների խորհուրդներ, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպությունները՝ կառավարման խորհուրդներ։ Նյութում խորհուրդ/կառավարման խորհուրդ/հոգաբարձուների խորհուրդ ձևակերպումները համարժեք են, քանի որ տարբեր փաստաթղթերում հանդիպում են նշված բոլոր տարբերակները։ ⇑
² Մեր ուսումնասիրած բոլոր 12 բուհերի կանոնադրություններով հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը սահմանված է 20։ ⇑
³ Խորհուրդների կրկնվող անդամները հաշվվել են որպես առանձին անդամներ՝ ճշգրիտ պատկերը ստանալու համար։ Այն անձինք, ովքեր առաջադրվել են ի պաշտոնե, իսկ հետո նրանց պաշտոնը փոխվել է, տվյալներում ներկայացված են առաջադրման օրվա դրությամբ եղած պաշտոնով։ ⇑
⁴ Պետական և համայնքային քաղաքական պաշտոնների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ ⇑
⁵ Նյութում որպես ՔՊ աջակից կամ փոխկապակցված անձ են նշվում նախկին ՔՊ-ականները, ՔՊ-ականների ընտանիքի անդամները, ՔՊ-ին նվիրատվություն կատարածները, ինչպես նաև հանրային (օրինակ՝ սոցցանցերով) աջակցություն հայտնածները։ ⇑
⁶ Նկարում «պետական կառույց» ձևակերպումը վերաբերում է ՊՈԱԿ-ներին, պետության հիմնադրած կամ պետական մասնաբաժին ունեցող այլ կառույցների, հիմնադրամների ու կազմակերպություններին՝ բացառությամբ մշակութային, սպորտային, բժշկական, ուսումնական և գիտական կառույցների, որոնք նշված են որպես «պետական այլ կառույց»։ ⇑
Աննա Սահակյան
Գլխավոր նկարը՝ Լյուսի Մանվելյանի
comment.count (0)