Ձեռք է բերվել համագործակցությունն ընդլայնելու պայմանավորվածություն. ՆԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:35 - 05 դեկտեմբերի, 2024

Ձեռք է բերվել համագործակցությունն ընդլայնելու պայմանավորվածություն. ՆԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով հատկապես իրավապահ ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը։
 
Կարևորելով արդեն իսկ իրականացված համատեղ աշխատանքները՝ ՆԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և ընդլայնելու փոխգործակցությունը։
 
Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
 
Նա ներկայացրել է ՆԳ նախարարության համար նշանակված միջազգային փորձագետ Ստեֆան Սադակին, որն աջակցելու է ՆԳ նախարարին և նախարարությանը աղետների ռիսկի կառավարման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտում։
 
Դեսպանն ընդգծել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։
 
Հանդիպմանը քննարկվել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության, աղետների ռիսկի կառավարման, դիմակայունության բարձրացման, կիբերհանցավորության դեմ պայքարի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել Ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացին, նաև նշվել է համագործակցության հնարավոր ուղղությունների շրջանակը։
 
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու արդյունավետ համագործակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել