Ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը «ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, ես ոչինչ չեմ ասում, թե ինչ կա այս պահին բանակցությունների սեղանին: Ինչ հնարավոր է լինում ասել՝ չվնասելու սկզբունքից ելնելով, մենք ասում ենք»:
Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե խաղաղության բանակցություններում արդյոք քննարկվո՞ւմ է «ադրբեջանցիների վերադարձի» մասին հարցը:
«Դուք ասում եք՝ ասեք՝ կամ կա այս հարցը բանակցությունների սեղանին, կամ չկա: Դա հանրությունը կիմանա, երբ դրա խորհրդապահական անհրաժեշտությունը չլինի»,- ասաց Հովհաննիսյանը:
ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը դիտարկում արեց, որ հետո լրագրողները կգրեն՝ «ոչ հերքեցիք, ոչ հաստատեցիք», ինչին արձագանքելով՝ Արթուր Հովհաննիսյանը արձագանքեց. «Այո, ես ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում եմ, ես ոչինչ չեմ ասում՝ ինչ կա այս պահին բանակցությունների սեղանին: Ինչ հնարավոր է լինում ասել՝ չվնասելու սկզբունքից ելնելով, մենք ասում ենք: Բայց երբ ասես՝ էս թեման քննարկվում է, էս թեման չի քննարկվում, դու միգուցե փակես այդ թեման քննարկելու դուռն այլևս, դրա համար մենք չենք քննարկում: Կամ բացես այդ թեման քննարկելու դուռն այլևս: Ես կոնկրետ թեմայի մասին չեմ խոսում, այլ գլոբալ»:
Նրա խոսքով հարցադրումը էլի կապ ունի այդ թեմայի՝ բանակցային սեղանին լինելու կամ չլինելու հնարավորությունը բացառելու կամ ստեղծելու հետ, դրա համար զգուշավոր են պատասխանում հարցերին:
Նշենք, որ երեկ «Վերադարձի իրավունքի» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին հղած իր ծավալուն ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը և Փաշինյանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպես են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողեր»:
comment.count (0)