Սիրիայում ահաբեկիչները Համան գրավելուց հետո գտնվում են երկրի 3-րդ ամենամեծ քաղաքից՝ Հոմսից, ընդամենը 5 կմ հեռավորության վրա
 |tert.am|
15:20 - 06 դեկտեմբերի, 2024

Սիրիայում ահաբեկիչները Համան գրավելուց հետո գտնվում են երկրի 3-րդ ամենամեծ քաղաքից՝ Հոմսից, ընդամենը 5 կմ հեռավորության վրա |tert.am|

tert.am: Սիրիայի բանակի դեմ գրոհ սկսած ահաբեկիչները Համա քաղաքը գրավելուց հետո ուրբաթ օրվա դրությամբ գտնվում են երկրի մեծությամբ երրորդ քաղաքից՝ Հոմսից, ընդամենը հինգ կիլոմետր հեռավորության վրա, հաղորդում է The Guardian-ը:

Թուրքիայի աջակցությունը վայելող «Հայաթ Թահրիր ալ Շամ» ահաբեկչական խմբավորումը և դաշնակից խմբավորումները Ռաստան և Թալբիսե քաղաքների նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո, հասել են Հոմս քաղաքի արվարձաններից հինգ կիլոմետր հեռավորության վրա, հայտնել է Մարդու իրավունքների սիրիական մշտադիտարկման կենտրոնը ՝ հավելելով, որ Հոմսը վերահսկելը թույլ կտա ահաբեկիչներին կտրել գլխավոր ճանապարհը, որը տանում է դեպի սիրիական ափ՝ նախագահ Բաշար ալ Ասադի ալևիական փոքրամասնության հենակետը։

Նշվում է, որ հազարավոր մարդիկ գիշերը լքել են Սիրիայի կենտրոնական Հոմս քաղաքը:

Ահաբեկիչներն արդեն գրավել են հյուսիսում գտնվող Հալեպը:

Մինչդեռ Սիրիայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալի Մահմուդ Աբասը բանակի նահանջը Համա քաղաքից «ժամանակավոր մարտավարական միջոց» է որակել, որն անհրաժեշտ է խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար։

«Մենք լավ դիրքեր ունենք ռազմի դաշտում, և մեր զինված ուժերը վերաբաշխվել են մարդկանց կյանքեր փրկելու համար»,- ասել է նախարարը, որի խոսքը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը Facebook-ում:

Նրա խոսքով՝ բանակը դեռ Համա նահանգի տարածքում է և գտնվում է լիարժեք պատրաստության մեջ։

Սիրիացի ահաբեկիչներն ու զինյալները նոյեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում են սկսել։ Այդ ժամանակից ի վեր նրանք գրավել են Հալեպի նահանգի մի շարք առանցքային քաղաքներ ու գյուղեր, ինչպես նաև մուտք են գործել Սիրիայի ամենամեծ Հալեպ քաղաքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել