tert.am: Իրանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելը՝ Կիևի գործողությունները որակելով «ահաբեկչության դեմ պայքարի միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտում»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը տեղադրված է Իսլամական Հանրապետության կառավարության թելեգրամյան ալիքում։
«Նախարարի օգնական և Եվրասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Մոջթաբա Դամիրչիլուն, մատնանշելով որոշ ուկրաինացի պաշտոնյաների կողմից զենքի ապօրինի շրջանառության մասին որոշ հաղորդումներ և այս երկրի (Ուկրաինայի) աջակցությունը Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին, այդ գործողությունները որակել է ահաբեկչության կանխարգելման և դրա դեմ պայքարի երկրների միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտում և պահանջել է անհապաղ դադարեցնել դրանք»,- նշվում է փաստաթղթում։
«Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ուկրաինայի գործողությունները հակասում են միջազգային բոլոր սկզբունքներին և անբարոյական քաղաքականություն: Փորձը ցույց է տալիս, որ ահաբեկչության հետ դաշինքը միշտ սպառնում է համաշխարհային անվտանգությանը և նպաստում աշխարհում բռնության տարածմանը», - ընդգծել է Իրանի արտգործնախարարի օգնականը։
Դեկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Սիրիայում էսկալացիան ակնհայտորեն «ուկրաինական հետք» ունի։
comment.count (0)