ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և բանակցային հարցերով տեղակալ Աբդուլազիզ Ալ-Ուվայշեկի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԾՀԽ համագործակցության սերտացմանն ուղղված համատեղ քայլերն, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։
Երկուստեք ընդգծվել է կողմերի հետաքրքրությունը խորացնել կազմակերպության և Հայաստանի միջև հարաբերությունները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ջանքերը խթանելու ներդրումային հետաքրքրությունները ԾՀԽ անդամ երկրների և ՀՀ գործարարների շրջանում, այդ թվում՝ դրա համար անհրաժեշտ հարթակների և իրավապայմանագրային հենքի ձևավորման միջոցով։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը, մասնավորապես Ծոցի և Սևծովյան տարածաշրջանների միջև փոխկապակցվածության համար ընձեռնվող հնարավորությունների տեսանկյունից։ Մտքեր են փոխանակվել ԾՀԽ և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջև հնարավոր փոխգործակցության հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։ Զրուցակցի խնդրանքով Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի և հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման ու զարգացման ուղղությամբ աշխատանքները։
comment.count (0)