Առնվազն 3 տարի անհուսալի վարկեր ունեցող անձանց եկամտային հարկը կուղղվի վարկի մարմանը |armenpress.am|
12:55 - 12 դեկտեմբերի, 2024

Առնվազն 3 տարի անհուսալի վարկեր ունեցող անձանց եկամտային հարկը կուղղվի վարկի մարմանը |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը հավանություն տվեց նոր նախագծի, որով նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: Բացի այդ՝ շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը ներկայիս մինչև 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20 տոկոս: 

Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023-ի ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նկատեց՝ բեռն ավելի քան 100 մլրդ-ով ավելացել է: Հենց սա էլ ստիպել է մտածել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց համար որևէ ծրագիր իրականացնելու մասին:

Անհուսալի դասակարգված վարկեր ունեցողների մեծ մասը գտնվում է ոչ ֆորմալ զբաղվածության մեջ, իսկ նրանց մի մասն էլ՝ որպես անապահով ընտանիք, հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և պետությունից ստանում է նպաստ:

«Հաշվի առնելով առկա իրավիճակը, դրա հետևանքով առաջացող սոցիալական խնդիրները, անհուսալի վարկ ունեցող վարկառուներին ոչ ֆորմալ կամ ստվերային զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու անհրաժեշտությունը՝ նախագծով առաջարկվում է 2025 թվականի փետրվարի 1-ից գործարկել միջոցառումը, որի շահառու կարող են դառնալ վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասվող առնվազն 3 տարի: Շահառուին նախատեսում ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, եթե նա ունենա ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն: Աջակցությունը կկազմի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափ, և այն կուղղվի շահառու անհուսալի վարկային պարտավորության մարմանը»,-ասաց Մկրտչյանը: 

Ֆինանսական աջակցություն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու դառնալու հաջորդ ամսվա 1-ից: Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը նախատեսում ենք սահմանել 20 տոկոս: Այժմ այդ բռնագանձվող գումարի չափը մինչև 50 տոկոս է: 

Պոտենցիալ շահառուների խումբը 218 հազար անձ է: Ընդ որում, նրանց 65 տոկոսը 26-50 տարեկանի միջակայքում է: Նախարարը նկատեց՝ նրանք գտնվում են աշխատունակության ամենաակտիվ շրջանում: Նա նշեց, որ այս խմբի անձանց ճնշող մեծամասնությունը դուրս է մնացել տնտեսական ակտիվությունից:

«Կենտրոնական բանկի և գործընկեր բանկերի հետ քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ բանկերն էլ իրենց հերթին վարկային գծով առաջացած տույժերի և տուգանքների համար մինչև 80 տոկոսի չափով զիջում կսահմանեն»,-ասաց նախարարը:

Ստեղծվելու է թվային հարթակ, քաղաքացիներն այդ հարթակով կարող են դիմել ու դառնալ շահառու: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Մեր հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկ վերցնելը ռիսկ ու պատասխանատվություն է: Ես օրը 20-30 նամակ եմ ստանում, մարդիկ ասում են՝ վարկ են վերցրել, չեն կարողանում փակել, խնդրում են օգնել: Եթե շատ անկեղծ ասեմ, սա անընդունելի խոսակցություն է: Ունենք ֆինանսական գրագիտության ֆունդամենտալ խնդիրներ: Չի կարելի ասել՝ վարկ եմ վերցրել, չեմ կարողանում փակել, դու փակիր: Երբ մարդը վարկ է վերցնում, պետք է պլանավորի, թե հետո ինչ է անելու»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել