azatutyun.am: Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է, լրագրողներին այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ երկու հոդվածների վրա աշխատանքները շարունակվում են։
Բայրամովը դարձյալ կրկնել է նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ հայտարարելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
«Այս հարցում Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Այն փաստարկները, որ մենք վերջերս լսում ենք Հայաստանից, չեն կարող բավարարել մեզ։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշումը սրել է խնդիրը, որովհետև հենց Հայաստանի Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որ ընդունվել է Հայաստանի անկախացումից հետո, և այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այդ որոշումն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը»,- հայտարարել է Բայրամովը։
Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ՀՀ Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։
«ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ»,- հայտարարել էր Հայաստանի վարչապետը։
comment.count (0)