Ուշացող արդարադատության ուշացող բարեփոխումները. սպանությունից 10 տարի անց գործը դեռ դատարանում է
18:00 - 12 դեկտեմբերի, 2024

Ուշացող արդարադատության ուշացող բարեփոխումները. սպանությունից 10 տարի անց գործը դեռ դատարանում է

Գյումրեցի Ռուզան Ադանալյանը 55 տարեկանում համալսարան է ընդունվել՝ իրավաբանություն սովորելու։ Երբեմնի երազանքը չէ, որ մանկավարժ կնոջը ստիպել է թողնել իր աշխատանքն ու նոր մասնագիտություն ձեռք բերել։ 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանությունն է փոխել նրա կյանքի ընթացքը։ Քննչական եւ դատական անվերջանալի շրջապտույտի մեջ հայտնված քաղաքացուն պետությունն այլ ելք չի թողել։

Վերջերս լրացավ Արտյոմ Ադանալյանի սպանության 10 տարին։ Արտյոմը սպանվել է 2014 թ․ իր իսկ տանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝  ճաշկերույթի ժամանակ կենացները ձգձգելու համար նա հորը դիտողություն է արել, ինչին միջամտել է ներկաներից 28-ամյա Արթուր Մարտիրոսյանը՝ նրան անվանելով «Արտյոմիկ»։ Արտյոմը նույն կերպ է պատասխանել՝ Մարտիրոսյանին անվանելով «Արթուրիկ»։ Վիճաբանությունը վերածվել է հայհոյանքների, հայհոյանքները՝ ծեծկռտուքի, որն էլ ավարտվել է դանակահարությամբ։ Արթուր Մարտիրոսյանը, ըստ մեղադրանքի, նախ ձեռքով, այնուհետեւ դանակով հարվածներ է հասցրել Արտյոմ Ադանալյանի սրտի եւ թոքի շրջանում, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: Մարտիրոսյանը, սակայն, այս մեղադրանքը չի ընդունել։

10 տարվա ընթացքում փոխվել է 5 դատարան, 7 դատախազ, գործի նյութերը 10 հատորից հասել են 60-ի։ 7 տարվա կալանքից հետո մեղադրյալը գրավով ազատ է արձակվել, որոշ իրեղեն ապացույցներ անհետացել են, արդյունքում հանցագործություն կոծկելու, ապացույցներ կեղծելու եւ այլ դեպքերի առթիվ նոր քրեական գործեր են հարուցվել։ Ըստ որոշ վկաների՝ մանրամասները մոռացվել են, որոշ վկաներ անհայտ է, թե որտեղ են, որոշ հարցեր էլ մինչ օրս անպատասխան են։ Եվ չնայած այս ամենին՝ որդեկորույս մայրը շարունակում է վճռականորեն դատական մի ատյանից մյուսը գնալ, մի միջնորդության հետեւից մյուսը ներկայացնել։ Նա նաեւ հասարակական կազմակերպություն է հիմնել, զբաղվում է սպանություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությամբ՝ հավատով, որ արդարադատությունը հիվանդանում, բայց չի մահանում։

Նյութում կարդացեք՝ 

  • Ինչ է ենթադրում գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության իրավունքը
  • Ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը ողջամիտ ժամկետում քննության խնդրի լուծման ուղղությամբ
  • Արտյոմ Ադանալյանի սպանության գործի դատական հետագիծը
  • Ինչ խնդիրներ են մատնանշում կողմերը
  • Դատավորների շարունակական տեղափոխությունները Շիրակի մարզում

Ողջամիտ ժամկետում քննությունը՝ չհնացող խնդիր

Արտյոմ Ադանալյանի սպանությունը մեկ օրինակ է տարիներ շարունակ դատարաններում քննվող եւ չավարտվող գործերի։ Չնայած բազմաթիվ ռազմավարություններում ամրագրվելուն եւ օրենսդրական տարատեսական փոփոխություններին՝ գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության ապահովումը մնում է Հայաստանի դատական համակարգի արդիական խնդիրներից մեկը։

Ողջամիտ ժամկետում քննության իրավունքը մասն է արդար դատաքննության իրավունքի, որն ամրագրված է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային փաստաթղթերով՝ «Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին» դաշնագրով եւ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»։  Այն սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք։ Սրա գաղափարն այն է, որ արդարադատությունը չիրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը։ 

Հայաստանի դատաիրավական բարեփոխումների՝ 2019-2023 թթ ռազմավարությամբ սահմանվել էր, որ գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ավելացնել դատավորների եւ դատավորների օգնականների թիվը, ներդնել վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոցներ, այդ թվում՝ էլեկտրոնային կառավարման համակարգեր եւ գործիքներ: Արդյունքների ամփոփման փուլում արդեն նշվել է, որ դատավորների եւ դատավորների օգնականների թիվն ավելացել է, դատական քննության ժամկետները՝ կրճատվել։ Թե ինչ վերլուծություն կամ հաշվարկ է դրված այս եզրահանգման հիմքում, նշված չէ։ Արդարադատության նախարարությունը եւս մեր գրավոր հարցմանն ի պատասխան չի տրամադրել դրա հիմքում ընկած որեւէ հաշվարկ կամ վերլուծություն։

Բարեփոխումների այժմ գործող՝ 2022-2026 թթ ռազմավարության մեջ նույնպես ամրագրված են դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների լիարժեք պահպանումը եւ դատավարական ժամկետների խնայողության սկզբունքի արդյունավետ իրականացումը, որոնց հասնելու համար էլ նախատեսվել են մի շարք գործողություններ։

Արտյոմ Ադանալյանի սպանության գործի դատական հետագիծը

Արտյոմ Ադանալյանի սպանության օրինակը լավագույնս ցույց է տալիս, թե տարաբնույթ պատճառներով գործի քննության ձգձգումը ինչպես է հանգեցնում դատական անվերջանալի շրջապտույտի եւ խաթարում քաղաքացու ողջ կյանքը։

Ադանալյանի սպանությունը քննչական մարմինները քննել են գրեթե 1 տարի։ 2015 թ․ գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 3 տարի անց՝ 2018 թ․, դատարանը Արթուր Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել սպանության մեջ՝ դատապարտելով 11 տարի ազատազրկման։ Դատավճիռը, սակայն, չի մտել օրինական ուժի մեջ․ 1 ամից անց տուժող եւ պաշտպանական կողմերը վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Վերաքննիչ դատարանը 2018 թ․ նոյեմբերի 16-ին բեկանել է դատավճիռը՝ գործն ուղարկելով հետ՝ առաջին ատյանի դատարանում նոր քննության։

2019 թ․ հունվարին առաջին ատյանի դատարանը արդեն այլ դատավորի` Վահե Միսակյանի նախագահությամբ քննությունը նորից է սկսել։ Մեկ տարի չանցած՝ գործը վերամակագրվել է դատավոր Նարեկ Բեգլարյանին, քանի որ Միսակյանը տեղափոխվել է Երեւանի քրեական դատարան։ Մեկուկես տարվա քննությունից հետո՝ 2022 հունիսին, Նարեկ Բեգլարյանի գործուղման ժամկետը Շիրակի մարզում ավարտվել է, այս անգամ էլ գործը վերամակագրվել է դատավոր Արամայիս Ասատրյանին։ Ասատրյանն էլ իր հերթին է 8 ամիս անց տեղափոխվել այլ դատարան, եւ 2023 թ․ փետրվարին գործը վերամակագրվել է դատավոր Հայկ Իսրայելյանին։

Այս պահի դրությամբ Իսրայելյանը, փաստորեն, 4-րդ եւ առայժմ վերջին դատավորն է, որ դատավճռի բեկանումից հետո քննում է այս գործը։ 


Դատավոր Հայկ Իսրայելյանը գործը քննում է արդեն 2 տարի, սակայն 7 ամիս է, ինչ դատական նիստեր չեն նշանակվում՝ փորձաքննություն իրականցնելու պատճառաբանությամբ։ Առաջիկա նիստը նշանակվել է դեկտեմբերի 18-ին։

Սպանվածի մայրը՝ Ռուզան Ադանալյանը, մատնանշում է մի շարք խնդիրներ գործի՝ թե՛ ներկայիս դատարանում, թե՛ նախորդ դատարաններում քննության եւ թե՛ նախաքննության ընթացքից, պնդում՝ գործն առաջին անգամ քննած դատավորն իր գործողություններով արհեստականորեն հանգեցրել է նրան, որ դատավճիռը հետագայում բեկանվի եւ վերադարձվի նոր քննության։

Վաղեմության ժամկետը լրանալու ռիսկ՝ երկարատեւ քննության հետեւանքով

Պարզելով, որ նախաքննության փուլում առկա որոշ ապացույցներ դատարանում բացակայում են՝ տուժող կողմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ Հաղորդում ներկայացրած անձը ճանաչվել է տուժող, սակայն վարույթում դեռևս մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։

Մեկ այլ քրեական վարույթ էլ նախաձեռնվել է ապացույց կեղծելու դեպքի առթիվ․ պարզվել է, որ առերեւույթ արտաքին միջամտություն է կատարվել սպանվածի հագին եղած վերնաշապիկի վրա։ Այս վարույթով եւս, ըստ նախաքննական մարմնի, քրեական հետապնդման ենթարկվող անձ առ այսօր չկա, իսկաղորդում ներկայացրած անձը՝ Ռուզան Ադանալյանը, այս դեպքում անգամ տուժող ճանաչված չէ։ 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արմինե Ֆանյանի կարծիքով՝ կատարված խախտումները ոչ միայն դժվարեցնում են ճշմարտության բացահայտումը, այլեւ մեծ ստվեր են գցում արդարադատության նկատմամբ հասարակության վստահության վրա․ «Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործերով վաղեմության ժամկետը 15 տարի է, որից 10 տարին, ըստ էության, արդեն սպառել են, եւ եթե դատարանը շարունակի իր այս վարքագիծը, մենք շատ լուրջ խնդիր ենք ունենալու վաղեմության ժամկետների հետ կապված։ Եվ ի՞նչ է լինելու, կդադարեցնե՞ն այդ դատավորի լիազորությունները։ Անգամ եթե դադարեցնեն, ի՞նչ է դա տալու տուժողի իրավահաջորդին, որդու սպանության համար ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու, ընդամենը պայքարելու ենք հետեւանքի դեմ»,– նշում է Ֆանյանն ու հավելում, որ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Ողջամիտ ժամկետում քննության իրավունքն անվերադարձ խախտված է»․ պաշտպան

Այս տարիների ընթացքում Եվրոպական դատարան է դիմել նաեւ պաշտպանական կողմը։ Արտյոմ Ադանալյանի սպանության մեջ մեղադրվող Արթուր Մարտիրոսյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը մեր զրույցում նշում է՝ ՄԻԵԴ–ը արձանագրել է Մարտիրոսյանի՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ՝ ազատության եւ անձնական անձենռնմխելիության իրավունքի խախտում։ Դրանից հետո Մարտիրոսյանի խափանման միջոցը փոփոխվել է գրավով, 7 տարի 4 ամիս կալանքից հետո նա ազատ է արձակվել։

Հայրապետյանի գնահատմամբ՝ վերջիվերջո ինչ դատական ակտ էլ կայացվի՝ մեղադրական թե արդարացման, միեւնույն է, այս գործով արդարադատությունն ուշացած է, իր պաշտպանյալի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը՝ անվերադարձ խախտված․ «Գործը անորակ է քննվել ի սկզբանե, եւ 10 տարի հետո այդ բացթողումները լրացնելու օբյեկտիվ հնարավորություն այլեւս չկա։ Այնպես չէ, որ այդ բացթողումները ի վնաս տուժողի են եւ հօգուտ մեղադրյալի, շատ բացթողումներ ի վնաս մեղադրյալի են»։

Պաշտպանի համոզմամբ՝ այն, որ հերթական անգամ փորձաքննություն է նշանակվել, փաստում է, որ մինչ այս խնդիրներ են եղել, իսկ այդ խնդիրների պատասխանատուն պետությունն է․ «Մենք փորձաքննությունների հետ կապված խայտառակ պատկեր ունենք, արդեն 5-րդ թե 6-րդ փորձաքննությունն է նշանակվել,  հիմա էլ պարզվում է՝ փորձաքննությունը, ըստ էության, հնարավոր չէ իրականացնել․․․ Ոչ ես եմ իրականացրել նախորդ փորձաքննությունները, ոչ էլ տուժողը, պետությունն է իրականացրել, եւ այդ փորձաքննության արդյունքները չեն բավարարել, նույնիսկ էական չէ՝ այդ անբավարար արդյունքը հօգուտ մեղադրյալի է, թե հօգուտ տուժողի, փաստը այն է, որ անբավարար է։ Դրա համար էլ հիմա դարձյալ ստիպված ենք սպասել, այն էլ պարզ չէ՝ այս նոր փորձաքննության եզրակացությունը ի վերջո կգա թե չի գա, հարցերին պատասխաններ կտրվեն թե ոչ կամ արդեն ինչքանով այդ հարցերի պատասխանները արժանահավատ կլինեն, երբ շատ հարցերի պետք էր պատասխանել՝ ելնելով թարմ հետքերից»։

Այս պատկերը փաստաբանը պայմանավորում է նախեւառաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով․ «Այս գործով, ինչպես եւ շատ այլ գործերով դատավորների տեղափոխությունների հետեւանքով ստիպված ենք քննությունը զրոյից սկսել կամ մի շարք գործողություններ, որոնց վրա արդեն ռեսուրս եւ ժամանակ ենք վատնել, կրկնել։ Չգիտես ինչու, այդ տեղափոխությունները հիմնականում Շիրակի մարզի հաշվին են տեղի ունենում»,- վրդովվում է փաստաբանը։

Միայն 2023 թվականին Շիրակի մարզը լքել է 10 դատավոր

Փաստաբանի բարձրացրած խնդիրը արդիական է դարձել հատկապես նախորդ տարի, երբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները շարունակ տեղափոխվում էին Երեւան կամ այլ մարզեր։ Միայն 2023 թ․ Շիրակի մարզից տեղափոխվել է 10 դատավոր։ Համեմատության համար նշենք, որ 2021 թ․-ին տեղափոխվել է 1, 2022-ին եւ 2024 թ․-ին (սեպտեմբերի դրությամբ)՝ 2-ական դատավոր։ Ուշագրավ է, որ ողջամիտ ժամկետների խախտման համար դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկող ԲԴԽ–ն չի կարեւորել այն հանգամանքը, որ միայն 2023 թ․ տեղափոխությունների հետեւանքով տեղի է ունեցել 2329 վերամակագրում, այդ թվում՝ 377-ը քրեական գործերով, 1952-ը՝ քաղաքացիական։ 

Դատավորների այսպիսի տեղափոխությունները ոչ միշտ են հասկանալի ու պատճառաբանված, հատկապես, որ տեղափոխման համար Դատական օրենսգրքով հստակ հիմքեր նախատեսված չեն։ 2023 թ․ հունվար ամսին, օրինակ, երբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 4 թափուր հաստիք առաջացավ, Բարձրագույն դատական խորհուրդը առաջարկեց Երեւան տեղափոխել Շիրակի մարզի միանգամից 4 դատավորի, ինչից հետո Շիրակի մարզում քրեական մասնագիտացմամբ դատավոր չմնաց։ Իրավաբանական համայնքի շրջանում տարակուսանք առաջացրած, անգամ գործադուլի պատճառ դարձած այս որոշումը ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը պայմանավորել էր հետեւյալով․ «ԲԴԽ-ի նոր ձեւավորված կազմը շատ հստակ ամրագրեց այն սկզբունքը, որ Երեւանում թափուր տեղ լինելու դեպքում առաջնահերթությունը տրվելու է մարզերում աշխատած դատավորներին։ Երեւանում աշխատելու են փորձառու դատավորներ, ովքեր արդեն աշխատել են մարզերում, քանի որ մայրաքաղաքում ավելի մեծ է ծանրաբեռնվածությունը, փորձառու մասնագետներ ունենալն անհրաժեշտություն է»,- ասել էր նա՝ հավելելով, որ 4-ն էլ մասնագիտական նույն փորձառությունն ունեին, ուստի բոլորի դիմումներն էլ ԲԴԽ-ն բավարարել է։

Իսկ ինչո՞ւ էր Երեւանում դատավորների միանգամից 4 թափուր հաստիք առաջացել։ 2022 թ․ Արդարադատության նախարարությունը նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել էր մասնագիտացված նոր դատարան, որը քննում էր մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդությունները (հայտնի է որպես կալանքի դատարան)։ 1 տարի անց՝ 2023 թ․-ին, Կառավարությունը որոշեց լուծարել այդ դատարանը։ Թեեւ Արդարադատության նախարարությունը մասնագիտացված դատարանի անհրաժեշտությունը կապել էր կոռուպցիոն ռիսկերի եւ գործերի քննության ժամկետների կրճատման հետ, հետագայում այդպես էլ չպարզաբանեց, թե ինչու որոշեց հետ կանգնել իր այդ նպատակից՝ վերադառնալով իր իսկ կողմից քննադատված մոդելին։

Ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը խնդրի լուծման ուղղությամբ

Արդարադատության նախարարությունից խնդրել ենք տրամադրել, թե ողջամիտ ժամկետի պահպանմանը միտված ինչ գործողություններ են իրականացվել ոլորտային բարեփոխումների շրջանակում։

Նախարարությունից հայտնել են, որ մշակվել եւ 2024 թ․  փետրվարից ներդրվել է քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը՝ cabinet.armlex.am-ը, որը միտված է դատավարական գործողությունների տեւողության կրճատմանը։ Այս համակարգի գործարկումից հետո, սակայն, փաստաբանական համայնքը սկսել է բարձրաձայնել դրա խափանումների մասին։

Նշենք, որ քաղաքացիական գործերով էլեկտրոնային համակարգին զուգահեռ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված էր գործարկել նաեւ քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման՝ e-criminal case համակարգը։ Դրա նպատակն էր 2023 թ․ 4-րդ եռամսյակում հասնել քրեական գործերի առավել արագ, արդյունավետ եւ նվազ ծախսատար քննությանը։ Արդյունքների ամփոփման փուլում, սակայն, պաշտոնապես արձանագրվել է, որ համակարգը լիարժեք չի աշխատում եւ չի դյուրինացվել քրեական գործերի քննության ընթացքում ապացույցների ձեռքբերման գործընթացը։ 

Կատարված մյուս աշխատանքը, ըստ Նախարարության, դատավորների ներգրավման նոր ընթացակարգի նախատեսումն է, որով ընձեռնվեց հնարավորություն դատավոր դառնալ առանց Արդարադատության ակադեմիայում ուսանելու՝ հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու միջոցով։ Ըստ Նախարարության՝ առկա թափուր հաստիքները համալրելուց հետո գործերի բաշխումն արդեն իրականացվում է թվով ավելի շատ դատավորների միջեւ, ինչը նպաստում է դատավորի՝ թվով ավելի քիչ գործերի մակագրմանը եւ արդեն իսկ նրանց վարույթում գտնվող գործերի ողջամիտ ժամկետներում քննության ապահովմանը։

Հարկ է նշել, որ այս փոփոխությունը ընդունվել է առանց հանրային քննարկման եւ քննադատվել հասարակական կազմակերպությունների կողմից՝ այն համատեքստում, որ Արդարադատության ակադեմիայում սովորելիս թեկնածուները ոչ միայն տեսական գիտելիքներ են ստանում (ինչին փորձառու իրավաբանները կարող են տիրապետել), այլ նաեւ գործնական հմտություններ, օրինակ՝ էթիկա, հաղորդակցման հմտություններ, դատական ակտ կայացնելու կարողությունները եւ այլն։

Նախարարությունից տեղեկացրել են նաեւ, որ Կառավարության՝ 2024 թ․ հոկտեմբերի որոշմամբ համաձայնություն է տրվել ավելացնել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը։ 

Նշենք, որ սա անհրաժեշտ է մասնավոր մեղադրանքի վարույթը գործարկելու նպատակով։ Խոսքը այն մի խումբ հանցագործությունների մասին է, որոնց բացահայտմամբ ոչ թե պետությունն է զբաղվելու՝ ի դեմս քննչական մարմինների, այլ մասնավոր անձը՝ ենթադրյալ հանցագործությունից տուժած քաղաքացին։  2021 թ․ ընդունված եւ 2022 թ․ ուժի մեջ մտած օրենսդրության անցումային դրույթներով այս ինստիտուտի գործարկումը հետաձգվել էր մինչեւ համապատասխան դատավորների նշանակումը, սահմանվել, որ մինչ այդ մասնավոր մեղադրանքի կարգով հետապնդման ենթակա հանցանքները քննվում են հանրային կարգով: Դա նշանակում է, որ բոլոր դեպքերում՝ անկախ տուժողի բողոքել–չբողոքելուց, քննչական մարմինները քննելու էին այդ խմբի մեջ մտնող հանցագործությունները, մինչդեռ նախկինում տուժողի բողոքի բացակայությունը քննիչի համար գործը կարճելու հիմք էր։ Ստացվում է՝ 2․5 տարի է՝ համապատասխան դատավորներ չունենալու պառճառով քննչական մարմինները լրացուցիչ ծանրաբեռնվել են, ինչը կարող է բացասաբար ազդել նախաքննության որակի, դրա արդյունքում էլ դատավարական ժամկետների պահպանման վրա։

Դատավարական ժամկետների արդյունավետ պահպանմանը միտված մյուս գործողությունը, ըստ Նախարարության, Երեւան քաղաքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարանջատումն է 2 առանձին՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական եւ քաղաքացիական դատարանների։ Նշենք, որ առաջին անգամը չէ, որ ընդհանուր իրավասության դատարանը բաժանվում է 2 ճյուղի․ նախկինում եւս նման փոփոխություններ իրականացվել են, սակայն դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը դրանով չի լուծվել։

Ըստ Արդարադատության նախարարության՝ քանի որ պետությունը որդեգրել է դատարանների ծանրաբեռնվածությունը հնարավորինս թոթափելու եւ դրանով իսկ գործերի քննության ժամկետների պահպանման վրա դրական ազդեցություն ունենալու քաղաքականություն, իրականացվել են նաեւ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով չնախատեսված քայլեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել դատարանների բեռնաթափման վրա։ Որպես այդպիսի գործողություն Նախարարությունը մատնանշել է նոտարներին՝ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու լիազորության տրամադրումը, որը նախկինում վերապահված էր դատարաններին․ «Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են դատարանների գործունեության վերաբերյալ կիսամյակային եւ տարեկան հաշվետվությունները, որոնց ուսումնասիրությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգմանը, որ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանները ստացել են շուրջ 83% նվազ քանակով գործեր»: Հարկ է նշել, որ այս փոփոխությունից 9 ամիս անց Նոտարական պալատը եւ Դատական իշխանությունը չունեին համապատասխան վիճակագրություն, իսկ դատարանների բեռնաթափման՝ այդ ժամանակ հրապարակված չափը՝ 80%–ը, կասկածի տեղիք էր տալիս։

Ռազմավարությամբ չնախատեսված, բայց կատարված փոփոխություններից մեկն էլ պահեստային դատավորի ինստիտուտի նախատեսումն էր։ Դրա նպատակն այն է, որ գործը քննող դատավորի մասնակցությունը բացառող հիմքերի դեպքում պահեստային դատավորը փոխարինի նրան` վարույթը շարունակելով ընդհատված տեղից, այլ ոչ թե վերսկսելով այն։ Այնուհանդերձ, օրենքի ուժի մեջ մտնելուց երկու տարի անց պահեստային դատավոր նշանակելու որեւէ դեպք առկա չէ։

Փաստաբան Արամայիս Հայրապետյանի համոզմամբ՝ պետությունը, ըստ էության, թղթի վրա տպավորություն է ստեղծում, որ ցանկանում է խնդիրը լուծել, բայց գետնի վրա որեւէ բան չի անում, այլ ավելի շատ նպաստում է խնդրին դատավորների շարունակական տեղափոխություններով։

Փաստաբան Արմինե Ֆանյանն էլ միջանկյալ լուծում է առաջարկում։ «Լուծումը կարող է լինել այն, որ բոլոր նիստերը պարտադիր տեսաձայնագրառվեն (այժմ նիստերը միայն ձայնագրառվում են,-հեղ․), եւ հաջորդող դատավորը վարույթը ոչ թե սկսի զրոյից, այլ շարունակի, նստի, դիտեն բոլոր նիստերը, ինչպես որ մենք՝ պաշտպաններս ենք այժմ ունկնդրում, եթե վարույթը կեսից ենք ստանձնում»,– ասում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Արմինե Ֆանյանը։

Այսպիով՝ թեեւ գործերի ողջամիտ ժամկետում քննության խնդիրը տարիներ շարունակ արձանագրվում է դատաիրավական բարեփոխումների ռազմավարություններում, գործնական արդյունքները ոչ միշտ են տեսանելի․ ծրագրված գործողությունների մի մասի հաշվետվությունները բացակայում են, մի մասն էլ՝ փաստում, որ գործողությունները լիարժեք չեն իրականացվել։ Բարեփոխում հռչակված մեխանիզմները երբեմն չեն աշխատում, երբեմն էլ կարճ ժամանակ անց չեղարկվում են՝ առկախված թողնելով քաղաքացիների՝ տարիներ ձգվող հարցը՝ ի վերջո, արդարացի պատիժ կլինի՞, պատիժը ժամանակին կլինի՞, թե՞ ոչ։ 

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (2)

Afraid Anthony 02:54 15.դեկտեմբերի.2024

HIRE A FASTEST CYBER RECOVERY EXPERT TO RECOVER YOUR LOST OR STOLEN BITCOIN/ETH/USDT/ THE HACKANGELS I simply want to share my story about THE HACKANGELS RECOVERY EXPERT. To all of you out there. One has to be careful. A lot of scammers are out there taking money from innocent traders. I was a victim of these crypto scammers. They made me lose my hard earned funds. The best thing that happened to me this year was seeing an article about THE HACKANGELS RECOVERY EXPERT. A professional hacker and private investigator. I invested $954,300 in a cryptocurrency platform and it turned out to be a scam and I had no idea how to get my money back until I reached out to a recovery company called THE HACKANGELS RECOVERY EXPERT. I explained my situation to them. I was shocked to hear that they had recovered all of my stolen cryptocurrency in just 48 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. To anyone who may find themselves in a similar unfortunate situation. I highly recommend THE HACKANGELS RECOVERY EXPERT. Quickly reach out to them on their hotline: WhatsApp: (+1(520)200-2320 ) Email: ([email protected]) Web: (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help.

Afraid Anthony 03:03 15.դեկտեմբերի.2024

HIRE A FASTEST CYBER RECOVERY EXPERT TO RECOVER YOUR LOST OR STOLEN BITCOIN/ETH/USDT/ THE HACKANGELS I simply want to share my story about THE HACKANGELS RECOVERY EXPERT. To all of you out there. One has to be careful. A lot of scammers are out there taking money from innocent traders. I was a victim of these crypto scammers. They made me lose my hard earned funds. The best thing that happened to me this year was seeing an article about THE HACKANGELS RECOVERY EXPERT. A professional hacker and private investigator. I invested $954,300 in a cryptocurrency platform and it turned out to be a scam and I had no idea how to get my money back until I reached out to a recovery company called THE HACKANGELS RECOVERY EXPERT. I explained my situation to them. I was shocked to hear that they had recovered all of my stolen cryptocurrency in just 48 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. To anyone who may find themselves in a similar unfortunate situation. I highly recommend THE HACKANGELS RECOVERY EXPERT. Quickly reach out to them on their hotline: WhatsApp: (+1(520)200-2320 ) Email: ([email protected]) Web: (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help.

Մեկնաբանել