pastinfo.am: Գումի շուկայի մոտ ՍԱՏՄ աշխատակիցների և մսավաճառների միջև վեճի մասնակից յոթ քաղաքացի է ձերբակալվել՝ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան գերլարված իրավիճակ էր Երևանի Գումի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը: Ոստիկանների և մսավաճառների միջև սկսած քաշքշուկի ընթացքում մսավաճառներից մեկը փորձել է ինքնահրկիզվել, մեկ այլ մսավաճառի ինքնազգացողությունը վատացավ, նրա աչքերին արցունքաբեր գազ էին փչել։
ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։ «Ոստիկանության ծառայողներն ապահովել են հասարակական կարգը։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն»,- նշեցին ՆԳՆ-ից՝ հավելելով, որ նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար։
comment.count (0)