armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Իսրայելի կողմից Սիրիայի վրա իրականացվող ավիահարվածների առնչությամբ և կոչ է անում դադարեցել դրանք։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերջին լայնածավալ խախտումների առնչությամբ։ Գլխավոր քարտուղարը, մասնավորապես, մտահոգված է Սիրիայի մի քանի հատվածներում Իսրայելի կողմից իրականացվող հարյուրավոր ավիահարվածների առնչությամբ», - ասել է Դյուժարիկը։
Ըստ խոսնակի՝ Գուտերեշն ընդգծում է բռնությունն ապաէսկալացնելու հրատապ անհրաժեշտությունը «բոլոր ճակատներում, ամբողջ երկրում»։
Անդրադառնալով Իսրայելի պատճառաբանություններին, թե Սիրիային հարվածները հասցվում են, որպեսզի նախկին վարչակարգի զենքերը չհայտնվեն սխալ ձեռքերում, Դյուժարիկը հայտնել է, որ շատ երկրներ մյուսների ինքնիշխանությունը խախտելու հետ կապված արդարացումներ են տալիս։
«Հստակ է այն, որ մենք մտահոգված ենք Սիրիայի ինքնիշխանության, Սիրիայի տարածքային ամբողջականության պարբերական խախտումներով։ Այս պահին Սիրիային հարկավոր է իր հարևանների աջակցությունը՝ շարժվելու դեպի կառավարման ձև, որը կլինի ներառական, ժողովրդավարական և կպաշտպանի փոքրամասնությունների իրավունքները։ Բացի այդ, պարտադիր է, որ Սիրիայում վերահսկողություն հաստատած անձինք ապահովեն, որ բոլոր զենքերը և ամեն ինչն անցնի վերահսկողության տակ և չենթարկվի թալանի կամ չանհետանա», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։
Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձն է Իսրայելին և մյուս երկրներին, որ կարող են օգտվել հնարավորությունից, անմիջապես դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա։
comment.count (0)