hetq.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ խոշտանգման արգելքի խախտման համար: Ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է վճարել 26 000 եվրո փոխհատուցում, որից 24 000 եվրոն՝ ոչ նյութական վնասի, իսկ 2000 եվրոն՝ դատական ծախսերի համար:
«Հետքը» դեռևս 2013թ. անդրադարձել էր այս պատմությանը: Հասմիկ Խաչատրյանը Գավառում հայտնի «բախտագուշակ» Վարսիկի հարսն էր: Վերջինիս որդին՝ Ս. Հակոբյանը, պարբերաբար բռնության է ենթարկել կնոջը՝ Հասմիկին: Երիտասարդ կնոջը պատճառվել էին մարմնական վնասվածքներ՝ ուղեղի ցնցում, քթի կոտրվածք, գլխի տրավմա, թմբկաթաղանթի պատռվածք և կոշտ, բութ առարկայի հետևանքով առաջացած ձախ ձեռքի և ազդրի հեմատոմա:
2013թ. հուլիսին Հ. Խաչատրյանի հաղորդման հիման վրա, երկու միջադեպերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ Ս. Հակոբյանին մեղադրելով այն բանի համար, որ խոշտանգել է իրենից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի (նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ): Այս հոդվածով նախատեսվում էր 3-7 տարվա ազատազրկում:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննութուն: Բացի թարմ վնասվածքներից, կնոջ գլխի, ձախ դաստակի և սրունքի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ սպիեր, որոնք առաջացել էին նախկինում նրա նկատմամբ բռնությունների հետևանքով:
Նախաքննության ընթացքում Հ. Խաչատրյանը նույնիսկ ընդհատել էր առերես հարցաքննությունն ամուսնու հետ, քանի որ ամբողջ ընթացքում վիրավորել և սպառնացել էր կնոջը։ Դրանից հետո նրանց դստեր դպրոցի մոտ ամուսինը դարձյալ հայհոյել ու վիրավորել էր Հասմիկին, սական իրավապահներն այդ դրվագով հրաժարվել էին քրեական գործ հարուցել:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասութան դատարանը Հասմիկի ամուսնու արարքը վերաորակել էր՝ արձանագրելով, որ չի եղել կախվածության իրավիճակ և նշանակել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում (նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մաս): Սակայն, կիրառելով համաներման մասին որոշումը, Ս. Հակոբանն ազատվել էր պատժից:
Չէր բավարարվել նաև Հ. Խաչատրյանի քաղաքացիական հայցը՝ իր տառապանքների համար փոխհատուցման պահանջով: Դատական ակտը բողոքարկվել էր վերաքննիչ դատարան, սակայն մնացել էր անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելը մերժել էր:
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դեպքի պահին Հայաստանի ներպետական օրենսդրությունը չի տարբերակել ընտանեկան համատեքստում տեղի ունեցող բռնությունը և ոչ ընտանեկան բռնություն հասկացությունը: Ընտանեկան բռնությունն առանձին հանցագործություն չի հանդիսացել, ոչ էլ հատուկ քրեականացվել է որպես հանցագործության ծանրացուցիչ տարր: Հետևաբար, որևէ տարբերակում չի դրվել ընտանեկան բռնության և անձի նկատմամբ բռնության այլ ձևերի միջև, և այն քննարկվել է անձի առողջությանը վնաս պատճառելու կամ հարակից այլ դրույթներով։ Իսկ քրեական դատավարությանը մասնակցող անձանց համար հասանելի ընդհանուր պաշտպանական միջոցները ակնհայտորեն ոչ համարժեք կամ համեմատելի են եղել ընտանեկան բռնության համատեքստում անհրաժեշտ պաշտպանական միջոցներին:
ՄԻԵԴ-ը նշել է, որ այն ժամանակ գործող օրենսդրական դաշտը չի համապատասխանել պետության ստանձնած պարտավորությանը` ստեղծելու և արդյունավետորեն կիրառելու ընտանեկան բռնության բոլոր ձևերը պատժող և զոհերի համար բավարար երաշխիքներ ապահովող համակարգ: Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրություն ընդունվել է միայն 2017թ.-ին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)