lragir.am: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև ռոումինգի վերացման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով հանձնաժողովի այս տարվա գործունեությունը:
«Մարտ-ապրիլի դրությամբ, իմ ունեցած տեղեկատվությամբ, ռումինգը արդեն չեղյալ կհայտարարվի: Այսինքն՝ Եվրասիական միության սահմաններում բջջային հեռախոսակապը կլինի ազատ տիրույթում, ոնց որ նույն երկրում դու խոսում ես»,- ասաց Մելքումյանը:
Նա միաժամանակ նշեց, որ շատ արգելք կա դեռ հաղթարակելու ԵԱՏՄ տարածքում:
«Եվրասիական տարածքում մենք ունեք 71 արգելք, որից 51-ը՝ կապված Ռուսաստանի հետ: Եվ իմ կարծիքով՝ այդ արգելքների հաղթահարումը չի գնում այն տեմպերով, որով պետք է գնար՝ պայմանավորված ամենատարբեր շարժառիթներով»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ կառավարության գործունեության հետ կապված չէ դա: Ավելի շատ դա կապված է Ռուսաստանի, Ղազախստանի և մյուս երկրների տնտեսական շահերի սպասարկման հետ:
«Միայն մեկն ասեմ՝ էներգետիկ միասնական շուկան ըստ էության պետք է մինչև 2022-23 թվականները կայացած լիներ, բայց մինչև 2025 թվականը հույս էլ չունենք, որ կայանալու է, որովհետև այն պայմանավորվածությունները, որ պետք է լինեին միասնական պայմաններ՝ ունենալու միասնական էներգետիկ շուկա, այսօր արդեն պարզ է լինում, որ բավական բարդություններ ունենք»,- ասաց նա: