Դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից․ Գոռ Աբրահամյան
18:25 - 13 դեկտեմբերի, 2024

Դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից․ Գոռ Աբրահամյան

Դադարեցնում եմ ՀՀ քննչական կոմիտեում իմ գործունեությունը. դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
 
«Ավելի քան երկու տարի պարտքս եմ համարել ապահովել Քննչական կոմիտեի արդյունավետ հաղորդակցությունը մեդիայի և հանրային այլ սեգմենտների հետ՝ առաջնորդվելով հավասարության, գործընկերայնության և ազնվության սկզբունքներով, փորձելով դառնալ Քննչական կոմիտեի խոսափողը, միաժամանակ նաև մեդիահանրույթի «դեսպանը» համակարգում։
 
Շնորհակալ եմ այն մարդկանց, ի մասնավորի Կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին, որոնք հավատացին ինձ ու վստահեցին այս պատասխանատու աշխատանքը` տալով գործելու, մասնագիտական ներուժս մեր հանրությանը ծառայեցնելու լայն հնարավորություն։
 
Շնորհակալ եմ Կոմիտեի լրատվական ծառայությունն իրականացնող այն փոքրիկ թիմին, որի հետ անցել ենք այս ճանապարհը, որոնք աջակցել են ինձ իմ նախաձեռնություններում և ի սկզբանե ձևավորել հոգատար, ջերմ միջավայր։
 
Շնորհակալ եմ Կոմիտեի մասնագիտական և աջակցող ստորաբաժանումների բոլոր այն գործընկերներիս, որոնց աջակցությամբ կարողացել ենք ապահովել հնարավորինս բարձր օպերատիվություն, և որոնց խորհրդատվությամբ կարողացել եմ ավելի զարգացնել ոլորտային գիտելիքներս, և որոնց հետ «լուծ ենք քաշել» հատկապես ավելի բարդ իրավիճակներում։
 
Շնորհակալ եմ նաև գործընկեր կառույցների մամուլի խոսնակներին. մեր ներդաշնակ աշխատանքը, գործընկերային ոգին եղել են մեր քիչ թե շատ (թող դատի հանրությունը) նկատելի արդյունքների գրավականը։
 
Սիրելի՛ լրագրողներ, շնորհակալ եմ մեր համատեղ աշխատանքի և կյանքի անցած այս մի կտոր ընթացքի համար ևս։ Դուք դրդել եք լինել միշտ էլ ավելի պրոֆեսիոնալ, էլ ավելի զգոն և էլ ավելի կոմունիկատիվ։ Կներեք, եթե ինչ-որ բան ընթացքում այն չի ստացվել։ Կարևորն այն է, որ հետայսու ևս միմյանց աչքերի նայելու ենք պարզ ու շիտակ։
 
Հավատում եմ, որ ինձ փոխարինողի հետ աշխատանքն էլ ավելի կառուցողական ու արդյունավետ կլինի ձեզ համար։ Վերջինիս, ով էլ նա լինի, հաջողություններ եմ մաղթում։
 
Հուսով եմ՝ դեռ հնարավորություն կունենամ իմ համեստ ներդրումն ունենալու պետականաշինության նվիրական գործում և ծառայելու հանրությանն ու հայրենիքիս»,- գրել է Գոռ Աբրահամյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել