Հայաստանը անկախացումից ի վեր առաջամարտիկի դեր է ստանձնել միջազգային հարթակներում ցեղասպանությունների կանխարգելման, պատժի հարցերն առաջ մղելու գործում. Վահագն Խաչատուրյան
21:17 - 13 դեկտեմբերի, 2024

Հայաստանը անկախացումից ի վեր առաջամարտիկի դեր է ստանձնել միջազգային հարթակներում ցեղասպանությունների կանխարգելման, պատժի հարցերն առաջ մղելու գործում. Վահագն Խաչատուրյան

Երևանում մեկնարկել է «Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդում» խորագրով ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ գլոբալ ֆորումը։ Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլն։
 
Ֆորումի ընթացքում քննարկվել են Ցեղասպանության նախազգուշացման նշանների և ռիսկի գործոնները, փոքր պետությունների դերը ցեղասպանության կանխարգելման և առաջմղման գործում, մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը:
 
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
 
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ելույթում նշել է. «Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Հայոց ցեղասպանության արհավիրքի միջով անցած ժողովրդի ժառանգների պետություն, իր անկախացումից և ՄԱԿ-ին անդամակցումից ի վեր առաջամարտիկի դեր էր ստանձնել միջազգային բազմակողմ հարթակներում, ցեղասպանությունների կանխարգելման, պատժի ու զոհերի հիշատակի հարցերն առաջ մղելու գործում»։
 
ՀՀ ԱԳ Նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում ընգծել է. «Ազգային, ռասայական, էթնիկ խմբերի պաշտպանության ապահովումը պետք է շարունակի լինել մարդու իրավունքների միջազգային համակարգի ուշադրության կենտրոնում: Միաժամանակ հասկանալի է, որ այս առումով հաջողության միակ գրավականը միջազգային սերտ համագործակցությունն է, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառույցների, տարածաշրջանային կազմակերպությունների, անդամ երկրների, հասարակական կազմակերպությունների և այլ դերակատարների միջև»:
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր ուղերձում շեշտել է. «Մենք պետք է ուժեղացնենք կանխարգելման գործիքները, ներառյալ կրթությունը, հակազդենք ապատեղեկատվությանը, որը կարող է խթանել ատելության խոսքն ու ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները: Մենք պետք է հարգենք և իրականացնենք Արդարադատության միջազգային դատարանի որոշումները Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել