1tv.ge: ԿԸՀ նիստում հաշվել են Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները։ Արդյունքների համաձայն՝ ընտրական կոլեգիան Միխեիլ Ղավելաշվիլիին ընտրել է Վրաստանի վեցերորդ նախագահ։
Ամբողջությամբ հաշվված 225 քվեաթերթիկներից Միխեիլ Ղավելաշվիլիին աջակցել է ընտրական կոլեգիայի 224 անդամ, իսկ մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել։ Ադա Մարշանիան, ով ընտրական կոլեգիայում ներկայացված է Աբխազիայի Գերագույն խորհրդի քվոտայով, ասել է, որ չի սատարում Վրաստանի նախագահի թեկնածու Միխեիլ Ղավելաշվիլիին։
ԿԸՀ նիստում պատրաստվել է ամփոփ արձանագրություն, որը հանրությանը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին։
Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։
Օրենսդիր մարմնում տեղի ունեցած նախագահական ընտրությունները սկսվել են ժամը 09:00-ին եւ ավարտվել 14:00-ին։
Տեղեկացնենք, որ ընտրական կոլեգիան Վրաստանի վեցերորդ նախագահին առաջին անգամ ընտրել է՝ անուղղակի ճանապարհով։
Ընտրական կոլեգիայի կողմից ընտրված նախագահը պաշտոնավարելու է հինգ տարի ժամկետով։
Նախագահական ընտրություններին զուգահեռ Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում։ Օրենսդիր մարմնի մոտ հավաքվածներն ասում են, որ օրենսդիր մարմնում նախագահի ընտրության ընթացակարգը ոչ լեգիտիմ է, քանի որ խորհրդարանն ինքը նույնպես լեգիտիմ չէ։
comment.count (0)