armenpress.am: Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչ որոշումներ են կայացվել դեկտեմբերի 14-ին Աշտարակում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովի ընթացքում։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովը, որը տեղի ունեցավ շաբաթ օրը Աշտարակում, կուսակցության հետագա զարգացման առումով երկու շատ կարևոր բան որոշեց։ Առաջինը, որ կուսակցությունը ինքն իր համար պետք է սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ, որոնք կհաստատվեն կուսակցության 7-րդ հերթական համաժողովում։ Հաջորդը, որ առաջիկայում և հետագայում կուսակցությունը չպետք է զարգանա որպես պետական պաշտոնյաների կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կուսակցություն, այլ պետք է հանրության ավելի լայն շերտեր ներգրավի միջին խավից և մնացած բոլոր մարդկանցից, որոնք չեն հանդիսանում պետական համակարգի աշխատող։ Այնպես որ, մեր այն հայրենակիցները, որոնք պետական համակարգում չեն աշխատում և կիսում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեսակետները՝ հիմնված «Իրական Հայաստանի» հայեցակարգի վրա, կարող են առաջիկայում ավելի ակտիվ լինել և կուսակցության տարածքային կառույցներում լրացնել կուսակցությանն անդամագրվելու դիմումներ»,- ասել է Փաշինյանը։
comment.count (0)