civilnet.am: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) ոստիկանության աջակցությամբ 2023-ի դեկտեմբերի 13-ին «Գումի» շուկայում առգրավեց մոտ մեկ տոննա ոչ սպանդանոցային ծագման միս։ Առգրավման ընթացքում տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով միջադեպի մասնակիցները ձերբակալվեցին, իսկ միսը ուղարկվեց ոչնչացման։
2024-ի տարեսկզբին հայտարարվեց հանրապետության բոլոր մարզերում նոր սպանդանոցների կառուցման որոշման մասին։ Հանրային հեռուստատեսությունը, հիմնվելով կառավարության 2024թ․ հունվարի 24-ի որոշման վրա, հայտնել էր, որ «բազմաթիվ բնակավայրերում նոր սպանդանոցներ կստեղծվեն»։
Սակայն իրականում կառավարության որոշմամբ ընդամենը սահմանվել էր սպանդանոցային կետերի հնարավոր տեղակայման վայրերի ցանկը, և պարտադիր կառուցման որևէ ծրագիր նախատեսված չէր։
ՍԱՏՄ-ի տվյալների համաձայն՝ 2024-ի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում հաշվառված է 114 սպանդանոց, որոնցից 72-ը մատուցում են սպանդի ծառայություններ, իսկ 42-ը գործում են բացառապես սեփական տնտեսությունների կարիքների համար։
Հաշվառված սպանդանոցների տարածքային բաշխվածությունը հետևյալն է՝ Կոտայքում՝ 26, Արմավիրում՝ 15, Արարատում՝ 14, Լոռիում՝ 12, Արագածոտնում՝ 11, Գեղարքունիքում՝ 9, Տավուշում՝ 8, Սյունիքում՝ 7, Շիրակում՝ 5, Վայոց Ձորում՝ 1։ Երևանում գործում է 6 սպանդանոց։ Հաշվառված սպանդանոցներից 5-ը շարժական են։
Սակայն փաստացի իրավիճակն այլ է։ Հաշվառված սպանդանոցների զգալի մասը կա՛մ չի գործում, կա՛մ սպասարկում է միայն սեփական տնտեսությունները՝ առանց սպանդի ծառայություններ մատուցելու։
#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Շիրակի և Վայոց Ձորի մարզպետարանները հաստատեցին, որ իրենց մարզերում ներկայում չկա որևէ գործող սպանդանոց՝ լինի ծառայություններ մատուցող, թե սեփական տնտեսության համար նախատեսված։
Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ առավել բարենպաստ իրավիճակ է Կոտայքի մարզում, որտեղ 26 հաշվառված սպանդանոցից գործում է մոտ 19-ը, որոնց կեսից ավելին մատուցում են մորթի ծառայություններ։
Մյուս մարզերում իրավիճակն առավել մտահոգիչ է։ Արարատի մարզում, օրինակ, ընդամենը 3 սպանդանոց է ծառայություններ մատուցում։ #CivilNetCheck-ի հետ զրույցում Կոտայքի և Արարատի մարզի սպանդանոցների տնտեսվարողները հաստատեցին, որ շարունակում են գործել և անասնապահներին տրամադրում են սահմանված կարգով վկայականներ։
ՍԱՏՄ-ից ևս հաստատեցին, որ հաշվառված սպանդանոցներից շատերը փաստացի չեն գործում։ Պարզաբանվեց, որ այդ սպանդանոցները չեն հանվում հրապարակված ցանկից, քանի որ տնտեսվարողները չեն ներկայացրել գործունեության դադարեցման դիմում։
Ըստ տեսչական մարմնի դիրքորոշման՝ սպանդանոցների անբավարար քանակը բիզնես կարգավորման խնդիր է, մինչդեռ իրենց գործառույթն է վերահսկել մսեղիքի անվտանգությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)