Հակակոռուպցիոն դատարանում տեւական դադարից հետո այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ՝ ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործի քննությունը։
Վերանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Դա, ըստ մեղադրանքի, դրսեւորվել է նրանում, որ Վերանյանը ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել՝ չնայած հակառակորդի՝ անօդաչու թռչող սարքի առկայությանը։
Փոխգնդապետը առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Այսօրվա նիստի սկզբում նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը հայտնեց, որ միջոցներ է ձեռնարկել՝ պարզելու դատակոչի ենթակա վկա Արտյոմ Պողոսյանի գտնվելու վայրը։ 2020 թ․ զբաղեցրել է նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնը։ Դատարանը գրություններ է հասցեագրել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, Արմավիրի մարզային վարչություն, ինչպես նաեւ՝ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն։
Ստացված պատասխանների համաձայն՝ Արտյոմ Պողոսյանը 2023 թ․ ապրիլ ամսին բուժման նպատակով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նրա գտնվելու վայրի, կոնտակտների վերաբերյալ տեղեկություններ պարզել չի հաջողվել։ Պողոսյանի հայրը բանավոր կերպով հայտնել է, որ ինքը եւս դրանց չի տիրապետում։
Դատավոր Սուրեն Խաչատրյանը
Դատարանը կողմերից հետաքրքրվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունեն վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու վերաբերյալ։ Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ վկան ցուցմունք է տալիս նախ քննիչի մոտ՝ նախաքննության փուլում, ապա, երբ գործը ուղարկվում է դատարան, եւ նրա անունը ներառվում է դատակոչի ցուցակում, նա պարտավորվում է դատարանի կանչով ներկայանալ եւ դատարանում նույնպես ցուցմունք տալ։ Դրա անհնարինության դեպքում միայն դատարանը կամ հեռակա է հարցաքննում անձին կամ հրապարակում է նրա նախաքննական ցուցմունքը։
Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը կարծիք հայտնեց, որ դատարանը ձեռնարկել է բավարար միջոցներ վկային հայտնաբերելու ուղղությամբ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել, ուստի ինքը դեմ չէ, որ հրապարակվի նրա նախաքննական ցուցմունքը։
Մեղադրյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը միացավ մեղադրողի դիրքորոշմանը՝ միաժամանակ միջնորդելով հրապարակել վկայի ոչ միայն նախաքննական, այլ նաեւ նախորդ դատարանում տված ցուցմունքը։ Հիշեցնենք՝ այս գործը դատարանում է 2021 թ․–ի հունիսից։ Այն նախ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա՝ տեղափոխվել Երեւան եւ մակարգվել Երեւանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին։ Վերջինիս նախագահությամբ շուրջ 2 տարվա դատական քննությունը ավարտական փուլում էր, երբ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին։ Այժմ Սուրեն Խաչատրյանը այս գործով 4-րդ դատավորն է։
Մեկ տարվա քննությունից հետո՝ այսօր, դատավոր Խաչատրյանն ավարտեց վկաների հարցաքննության փուլը։
Արտյոմ Պողոսյանի նախաքննական ցուցմունքը
Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը որոշեց հրապարակել վկայի թե՛ նախաքննական, թե՛ նախորդ դատարանի դատաքննական ցուցմունքները։
Ըստ այդմ, Արտյոմ Պողոսյանը քննիչի մոտ հարցաքննվել է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին։ Նա հայտնել է, որ 2008 թվականից ծառայում է Զինված ուժերում, Անդրանիկ Վերանյանին ճանաչում է 2019 թվականից։ Նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։
Ըստ Պողոսյանի՝ 2020 թ․ հոկտեմբերի 12-ին զորամասի կազմով գտնվել են Իշխանաձորի տարածքում։ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Մախսուդյանը ժողով է արել, որին մասնակցել են զորամասի մի շարք սպաներ։ Հետագայում ինքը սպաներից տեղեկացել է, որ Անդրանիկ Վերանյանը հրամայել է, որ զորամասի անձնակազմը ավտոշարասյունով երթ իրականացնի Ջաբրայիլի ուղղությամբ։ Որոշվել է մեքենաները լիցքավորել այդ գիշեր, որպեսզի առավոտյան երթը չձգձգվեր։ Վկան հայտնել է, որ այդպես էլ արվել է։
Երթի ժամանակ մեքենան վարել է ինքը, կողքին եղել են Անդրանիկ Վերանյանն ու Աբգար Խաչատրյանը․ «Մենք ուղեւորվել ենք՝ հակատանկային դասակին փնտրելու, քանի որ իմացել ենք, որ վերջինս երթի մեջ չէ, մնացել է մարտական կիրառման շրջանում։ Այդ ժամանակ հանդիպել ենք ԻՍՎ–ին, Վերանյանը հարցրել է՝ ո՞ւր են գնում, մեքենայում գտնվող վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանը ասել է՝ գնում են՝ մեքենան լիցքավորելու, Վերանյանն էլ ասել է՝ երեկոյան պիտի լիցքավորված լիներ, ինչո՞ւ են հիմա անում։ Ասել է՝ արագացրեք, գնացեք, հասեք շարասյանը»։
Որոշ ժամանակ հետո նորից նկատել են ԻՍՎ մեքենան, իսկ անձնակազմը եղել է բացազատված 10-15 մ հեռավորության վրա․ «Վերանյանն ինձ ասաց՝ կանգնեցնեմ մեքենան։ Ես անջատեցի շարժիչը, չիջա մեքենայից։ Վերանյանն ու Աբգարը իջան, Տարոն Նիկողոսյանին հարցրին՝ ինչո՞ւ են կանգնել։ Տարոնը պատասխանեց՝ քանի որ ԱԹՍ–ի ձայն են լսել։ Վերանյանը հարցրեց՝ հիմա՞ էլ է լսվում։ Տարոնը պատասխանեց՝ հիմա չէ։ Վերանյանն էլ ասաց՝ արագացրեք, նստեք, շարժվեք։ Այդ ասելուց հետո անձնակազմը մոտեցավ, որ նստի, շարժվի, իսկ մենք գնացինք, արդեն իմացել էինք՝ որտեղ է գտնվում հակատանկային դասակը»,– քննիչին հայտնել է Արտյոմ Պողոսյանը։
Երթը շարունակելու հրամանը տալու պահին, ըստ վկայի, ոչ ոք չի առարկել կամ ընդդիմացել։
Ձախից՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը
Հարցին՝ այդ զրույցի պահին ինքը լսե՞լ է ԱԹՍ–ի ձայն, վկան բացասական պատասխան է տվել՝ հավելելով, որ շարժվելուց հետո է ԱԹՍ–ի ձայն լսել, երբ անցել էին արդեն մոտ 1 կմ։ Իսկ երբ ձայնը ուժեղացել է, մտածել են՝ ԱԹՍ–ն իրենց ուղղությամբ է գալիս, ուստի արագ արգելակել են եւ երեքով նետվել մեքենայից դուրս։ Մեքենան գնացել, բախվել է մի քանդված պատի․ «Այդ ժամանակ պայթյունի ձայն լսվեց, մտածեցինք՝ ԱԹՍ–ն հարվածել է «Նիսսանին», որովհետեւ թշնամու նշանակետը ավելի շատ հրամատարական անձնակազմն էր»։
Դրանից հետո նստել են իրենց մեքենան եւ գնացել պայթյունի ուղղությամբ․ «Հասնելով «Ուրալին»՝ տեսանք, որ այն այրվում է․․․ Զինվորները, բեռնախցի իրենց տեղերում նստած, այրվում էին, լսվում էր նրանց մոտ եղած փամփուշտների ճտճտացող ձայնը, որոնք կրակից պայթում էին։ Զինվորի հայրը, գետնին չոքած, ձեռքերով խփում էր ոտքերին եւ գոռում։ Այնուհետեւ Վերանյանը մոտեցավ, իսկ հայրը, նրան տեսնելով, քարով հարվածեց՝ ասելով, որ նա է մեղավոր, որ երեխաները զոհվեցին»,– պատմել է Պողոսյանը։
Քննիչի հարցերը՝ վկային
Դատավորը հրապարակեց նաեւ քննիչի ու վկայի միջեւ տեղի ունեցած հարցուպատասխանը։
Քննիչը հետաքրքրվել է՝ այն, որ իրենք մեքենայից դուրս են թռչել, արդյո՞ք չի նշանակում, որ վտանգ իսկապես եղել է, վկան արձագանքել է՝ ասելով․ «Ոչ, անձնակազմին կանգնած տեսնելու ժամանակ չենք մտածել, որ այդպիսի վտանգ կա»։
Քննիչը տեղեկացրել է, որ դեպքին ներկա ծնողի՝ Հարություն Օհանյանի վկայությամբ՝ ավտոմեքենան նստելու եւ երթը շարունակելու պահին ԱԹՍ–ի ձայնը դեռ լսվում էր։ Դա հաստատել է նաեւ իրենց մեքենայում գտնվող Աբգար Խաչատրյանը․ «Ես անձամբ ոչ մի ձայն չեմ լսել այդ ժամանակ, լսելու դեպքում Վերանյանը այդպիսի հրաման չէր տա»,– արձագանքել է Պողոսյանը՝ պնդելով, որ եթե մոտակայքում ԱԹՍ աշխատեր, ապա այդ ձայնն այնքան ուժեղ կլսվեր, որ տարածքում մարդ չէր մնա, մինչդեռ ցրված մի քանի հարյուր մարդ կլիներ։
Քննիչի հարցին, թե ըստ կարգի՝ ԱԹՍ–ի ձայն լսելու դեպքում ինչպես է պետք վարվել, վկան պատասխանել է․ «Միայն պիտի իջնեինք ավտոմեքենաներից եւ բացազատվեինք, ուրիշ ոչ մի միջոց չենք ունեցել, հրազենով կրակել են շատ դեպքերում, բայց դա արդյունք չի տվել»։ Վկայի պատասխանից քննիչն արձանագրել է, որ փաստորեն, ԻՍՎ անձնակազմը հենց այդպես վարվել է․ «Վերանյանը մարտական գործողությունների մասնակցած սպա է, իսկ ԻՍՎ անձնակազմը առաջին անգամ էր մեկնում։ Ես անձամբ այդտեղ եմ գտնվել, եւ այդ իրադրությունը ինձ չի հուշել երթ չկատարել։ Եթե այդպես մտածեինք, պետք է տեղաշարժ ընդհանրապես չանեինք»,– նշել է վկան։
Ըստ Մարտական կանոնադրության՝ օդուժի հարձակման ժամանակ երթը, որպես կանոն, շարունակվում է։ Մեջբերելով այս դրույթը՝ քննիչն ասել է՝ ԻՍՎ մեքենան կանգնել Է՝ հենց օդուժի հարձակման վտանգ զգալով, ինչի դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեին զենիթային կրակով վտանգը չեզոքացնելու ուղղությամբ։ Ապա հարցրել է՝ ինչո՞ւ այդպես չի վարվել․ «Այդպիսի դեպքերում, այո, տեղաշարժը չի կանգնում, այլ շարունակվում է։ Մարտական կանոնադրությունը տրվել է շուտ, ես այն ուսումնասիրել եմ ուսումնառության ժամանակ՝ 2008-2014 թթ, իսկ այս պատերազմում համարժեք զենք, զինատեսակներ մենք չենք ունեցել, ԱԹՍ–ի հարվածի վտանգի դեպքում պատսպարվել ենք, ունենայինք էլ՝ մեր ՀՕՊ–ը ոչ մի բան չէր կարողանալու դրա դեմ։ Բացի այդ, ԻՍՎ «Ուրալը» պետք է լիցքավորված լիներ նախորդ օրը, երթին մասնակցեր շարասյան կազմով, ոչ թե առանձին լինեին»։
Արտյոմ Պողոսյանը հավելել է, որ ողջ պատերազմի ընթացքում բոլորը գտնվել են վտանգի տակ, այդ թվում՝ թշնամու ԱԹՍ–ների, որոնք չեն դադարել գտնվել օդում եւ խոցել հայկական օբյեկտները․ «Մեր զորքերը հնարավորություն չեն ունեցել դրանք խոցելու, եւ դա լուրջ ազդեցություն է ունեցել զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա, որովհետեւ շատ է պատահել, որ մի նշանակետ խոցելուց հետո խոցել են երկրորդը։ Իմ կարծիքով՝ թշնամին այս պատերազմը հաղթել է հենց ԱԹՍ–ներով»,– ասել է նա։
Արտյոմ Պողոսյանի առերեսումը տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանի հետ
Նախաքննության ժամանակ վկա Արտյոմ Պողոսյանը առերեսվել է նաեւ թշնամու թիրախ դարձած «Ուրալի» մեջ գտնվող զինծառայողներից մեկի հոր՝ Հարություն Օհանյանի հետ։ Վերջինս եւս դեպքի ականատեսներից է։
Նշենք, որ առերեսումը այն երկու անձանց միաժամանակյա հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներում առկա են էական հակասություններ։
Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը
Առերեսման ժամանակ որդեկորույս հայրը պնդել է, որ Պողոսյանը ճիշտ չի ասում․ «Վերանյանը չի հարցրել՝ հիմա՞ էլ եք լսում ԱԹՍ–ի ձայնը, որ Տարոնը պատասխաներ․․․ Ձայնը այնքան ուժեղ էր, որ չէր կարող չլսվել։ Այնտեղ այլ մարդիկ էլ կային, որ թաքնվել էին»։
Հարություն Օհանյանի խոսքով՝ Վերանյանը բարձրաձայն հրամայել է՝ ասելով՝ «կապ չունի, նստեք, շարժվեք»․ «Ես էլ իմ տեղից ասացի՝ ԱԹՍ–ն՝ վերեւը, ոնց շարժվեն։ Անձամբ ես չեմ հասցրել նրանց մոտենալ, քանի որ նրա ասելուց հետո բոլորը նստեցին մեքենա․․․ Իսկ մի քանի րոպե հետո ԱԹՍ–ն խփել է․․․ Տեսնելով մեզ՝ նա փախավ, ես գոռում էի՝ մի թողեք՝ փախչի, նրա պատճառով է․․․»։
Տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը պնդել է՝ եթե Արտյոմ Պողոսյանը լսել է Վերանյանի եւ Տարոնի զրույցը, ապա իր ձայնն էլ պիտի լսած լիներ, որովհետեւ ինքը ոչ թե խոսում էր, այլ գոռում։
Առերեսումը տուժող Արմեն Հակոբյանի հետ
Նախաքննության ժամանակ վկա Արտյոմ Պողոսյանը առերեսվել է սակրավորային վաշտի զինծառայող, տուժող Արմեն Հակոբյանի հետ։ Նրանք հայտնել են, որ իրար ճանաչում են ծառայության բերումով, թշնամական կամ բարեկամական հարաբերություններ չունեն։
Քննիչը առերեսվողներին խնդրել է հայտնել դեպքի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները։
Տուժող Արմեն Հակոբյանը պատմել է, որ մեքենան լիցքավորելուց հասել են Իշխանաձորի խաչմերուկ, որտեղ ԻՍՎ պետ Խորեն Մելիքյանը երթը կանգնեցրել է, ասել՝ օդում ԱԹՍ կա, իջնենք ու բացազատվենք, որը արել են։ Այդ ժամանակ եկել է Անդրանիկ Վերանյանը, հարցրել՝ ինչի համար են իջել, ինչին Տարոնը պատասխանել է՝ քանի որ օդում ԱԹՍ կա․ «Անդրանիկ Վերանյանը հրաման է տվել անձնակազմին նստեցնել ու շարժվել, նստել ենք, շարժվել։ Վերանյանի գալու եւ այդտեղ գտնվելու ժամանակ ուշադրությունս նրա կողմն էր, իսկ նրա գնալուց հետո նորից ուշ դարձրի եւ տեսա, որ ԱԹՍ–ն հեռացել էր, օդում պտտվում էր, որ նորից հետ գար։ Երբ նստեցինք, որ շարժվենք, արդեն լսվում էր»։
Արտյոմ Պողոսյանը պնդել է վերեւում նշած իր ցուցմունքը։
Վկայի դատաքննական ցուցմունքը նախորդ դատարանում
Հաջորդիվ դատարանը հրապարակեց 2023 թ․ փետրվարի 17-ի նիստի ձայնագրությունը, որի ընթացքում Պողոսյանը տվել է նույնաբովանդակ ցուցմունք։
Դրանից հետո հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը ասել է՝ դատարանում հետազոտված այլ ապացույցների համաձայն՝ դեպքը չի եղել նրա նկարագրածի պես, այլ Վերանյանի հարցին ի պատասխան՝ Տարոնը ասել է, որ այո, [ձայնը] դեռ լսվում է։ Դատախազի այս դիտարկմանը վկան ասել է, որ չի կարող պարզաբանել այդ հակասությունը, պնդել՝ ինքը ձայնը լսել է, երբ մի քանի կմ շարժվել են։
Մեղադրողի խոսքով՝ Վերանյանը, շարժվելու հրաման տալիս ասել է՝ շարժվեն, առանց այն էլ ԱԹՍ–ն վերեւն է։ Վկան, սակայն, չէր լսել այդպիսի արտահայտություն, ասել է՝ չի էլ կարծում, որ փոխգնդապետը նման հայտարարություն կաներ։
Ի պատասխան հարցին՝ ճիշտը ո՞րն էր այդ իրավիճակում, վկան ասել է՝ ճիշտը այն էր, որ բոլորը միանգամից իրար հետ գնային, ոչ թե առանձին։ Հարցին՝ իսկ այն դեպքում, երբ արդեն առանձի՞ն էին, վկան պատասխանել է՝ անձնակազմը պիտի շարժվեր։ Նա ենթադրել է, որ եթե շուտ շարժվեին կամ գոնե առանձին–առանձին լինեին, հնարավոր է՝ այդ դեպքը տեղի չունենար․ «Մենակ էդ էր մեր միջոցը, որ թաքնվեինք, մեկս մեկից հեռու, ուրիշ միջոց չենք ունեցել, 5-րդ սերնդի պատերազմ էր»։
Ցուցմունքների հրապարակումը կշարունակվի դեկտեմբերի 23-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)