ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը կրկին գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների` Հովիկ Աղազարյանի մասով:
«Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, իմ պարտքն եմ համարում անդրադառնալ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կատարվածին:
Ունենալով մարդկային, գաղափարական և քաղաքական ծայրահեղ հակասություններ նույն պատգամավորի հետ, այնուամենայնիվ, համարում եմ, որ մարդու անձնական հեռախոսազրույցները, նամակագրություններն առանձնացնելը և քաղաքական թիմի անդամներին դրանց ծանոթանալու հնարավորություն ընձեռելը, անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, խիստ խնդրահարույց է և անընդունելի:
Այդ արտահոսքը խախտում է ազգային օրենսդրությունը և միջազգային իրավունքի մի շարք նորմեր.
1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր - 1948
2. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր - 1966
3. Եվրոպական կոնվենցիա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին - 1950
4. Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ (GDPR) (2016/679) - 2016
ՀՀ Սահմանադրության 33 և 34-րդ հոդվածները հստակ սահմանում են, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:
Առավել անընդունելի է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանին փոխկապակցված կայքում պատգամավորի սեռական կողմնորոշման մասին «բացահայտումներ են արվել»՝ նույն հեռախոսային տեղեկությունների հղումով:
Աղազարյանի հետ կատարվածը վկայում է ոչ միայն այն մասին, որ խախտվել է նրա անձնական տվյալների պաշտպանության սկզբունքը, այլ նաև տպավորություն է, որ Կառավարության աշխատակազմից ուղղորդված թիրախավորման արշավ է սկսվել պատգամավորի դեմ:
Իմ միջազգային գործընկերներից ու տարբեր կազմակերպություններից ակնկալում եմ համապատասխան արձագանք, քանի որ նախկինում իրավունքների ամենաչնչին ոտնհարման դեպքերով օտարերկրյա դեսպանները, տեսաուղերձով, նույնիսկ դատապարտում էին տեղի ունեցածը: Հիմա մի տեսակ լուռ են»,- Facebook-ում գրել է պատգամավորը։
comment.count (0)