Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման հարցը |armenpress.am|
12:46 - 19 դեկտեմբերի, 2024

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման հարցը |armenpress.am|

armenpress.am:  Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման՝ Փարիզի նախաձեռնությունը։ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում:

«Շարունակեցինք աշխատել նախագահ Մակրոնի նախաձեռնության վրա՝ կապված Ուկրաինայում ուժերի առկայության հետ, որոնք կարող են նպաստել խաղաղության տանող ճանապարհի կայունացմանը: Էմանուելը տեղեկացրեց մյուս գործընկերների հետ իր փոխադարձ շփումների մասին՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերն իրականացնելու համար», - գրել է Զելենսկին։ 

Նա արդյունավետ է անվանել առանձնազրույցը և շեշտել, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ամրապնդումը մնում է հիմնական խնդիրը։ 

Զելենսկին նաև հայտնել է, որ Մակրոնի հետ պայմանավորվել է Ֆրանսիայում ուկրաինական ևս մեկ բրիգադի պատրաստման շուրջ։ 

«Ես շնորհակալություն հայտնեցի Ֆրանսիայի կողմից մեր բանակի համար մեկ բրիգադի պատրաստման համար, պայմանավորվեցինք շարունակել այս համագործակցությունը և պատրաստել ևս մեկ բրիգադ: Ակնկալում ենք, որ մյուս գործընկերները կմիանան այդ ջանքերին և իրենց ավանդը կներդնեն լրացուցիչ ուկրաինական բրիգադների համալրման գործում», - գրել է նա։

Ըստ Զելենսկիի գրասենյակի՝ սա նրա ութերորդ հանդիպումն է Մակրոնի հետ 2024 թվականին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել