«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք ձեր թոշակին և/կամ դատերին»․ Նիկոլ Փաշինյան
12:42 - 24 դեկտեմբերի, 2024

«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք ձեր թոշակին և/կամ դատերին»․ Նիկոլ Փաշինյան

Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք: 

Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք և ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միևնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»,- հավելել է վարչապետը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր՝ մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Այս գրառմանը արձագանքել էին նախկին երեք նախագահների գրասենյակների ներկայացուցիչները։ Արձագանքներին ի պատասխան՝ Փաշինյանը հանդես էր եկել առաջարկով, և կոչ արել նախկին նախագահներին գալ հրապարակային բանավեճի և հայտնել իրենց դիրքորոշումը։

ՀՀ նախկին նախագահները, սակայն, հրաժարվել են առաջարկից։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «խորհուրդ են տվել բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, որոնք 2009-2013թթ․ հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը»:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը, արձագանքելով վարչապետի առաջարկին, գրել էր․ «Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը»։

Իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել