Հայաստանում զենքի ձեռքբերման եւ օգտագործման կարգավորումները առանձնանում են որոշակի խստությամբ եւ վերահսկողությամբ, ինչը պայմանավորված է երկրի անվտանգային միջավայրով եւ պատմական փորձով։ Միաժամանակ, եվրոպական որոշ երկրներ զարգացրել են ավելի կառուցվածքային եւ բազմակողմանի մոտեցումներ, որոնք ապահովում են ինչպես անվտանգության, այնպես էլ քաղաքացիական իրավունքների ու հնարավորությունների հավասարակշռված մակարդակ։ Այս հոդվածում նախ համեմատելու ենք Հայաստանի եւ եվրոպական որոշ երկրների զենքի ձեռքբերման եւ օգտագործման օրենքները, ներկայացնելու ենք տարբերությունները եւ վերլուծելու ենք զենքի տեսակների սահմանումների տարբերությունները։ Այնուհետեւ, ուսումնասիրելով եվրոպական փորձի առավելությունները, առաջարկելու ենք հայաստանյան իրավական համակարգի զարգացման ուղղություններ՝ հաշվի առնելով նաեւ Հայաստանի պատմամշակութային կոնտեքստը եւ «Ազատազէն» հրաձգարանը՝ որպես ազգային զենքի մշակույթի ինքնատիպության վերաիմաստավորման ու զարգացման լաբորատորիա:
Հայաստանում եւ եվրոպական երկրներում զենքի ձեռքբերման օրենքներում հիմնական տարբերությունները
Լիցենզավորման մակարդակ
Այսպես․ Հայաստանում լիցենզավորման գործընթացը բավականին բյուրոկրատացված է։ Զենք ձեռք բերելու համար հարկավոր է անցնել ստուգումներ՝ ներառյալ բժշկական փորձաքննություն, անցյալում հանցագործությունների բացակայության հաստատում, իսկ զենք ձեռք բերելու իրավունք կարող են ստանալ միայն այն անձինք, ովքեր քննություն են հանձնել եւ անցել բժշկական ստուգում։ Հայաստանում զենքի ձեռքբերման հնարավորությունը կապված է նաեւ հրաձգարանների հետ, սակայն հրաձգարանների սակավությունը եւ ոստիկանության թույլ ներգրավվածությունը որոշակի հարցադրումներ են առաջացնում։ Մեր երկրում ոչ բոլոր հրաձգարաններն են ապահովում բավարար մակարդակի քննական թափանցիկություն, եւ այս առումով պրակտիկայում նկատվում են որոշակի բացեր։ Խոսքը քննական գործընթացի նկատմամբ պետական թույլ վերահսկողության եւ որոշ հրաձգարանների կողմից քննական գործընթացի եւ զենքի մշակույթի միջեւ բավարար կապի բացակայության մասին է։
Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա այստեղ լիցենզավորման գործընթացն, ընդհանուր առմամբ, նույնպես խիստ է, թեեւ մոտեցումները կարող են տարբեր լինել։ Միաժամանակ, եվրոպական երկրներում գործընթացն ավելի թափանցիկ եւ ստանդարտացված է։ Շատ երկրներում կիրառվում են միասնական չափանիշներ ԵՄ մակարդակով, որոնք ապահովում են որոշակի համասեռություն:
Կարգավորող մարմիններ
Հայաստանում զենքի ձեռքբերման գործընթացում կարգավորումը կատարվում է պետական մարմինների կողմից, որոնց համագործակցությունը հասարակական մասնագիտացված միավարումների հետ չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Իսկ ահա եվրոպական շատ երկրներում գործում են ինչպես պետական, այնպես էլ մասնագիտական ասոցիացիաներ, որոնք լիարժեք համագործակցում են պետության հետ եւ ունեն կարգավորող-խորհրդատվական դեր։
Բացի դրանից՝ Հայաստանում չկան բավարար մշակված ուղեցույցներ զենքի կիրառման սահմանումների մասին, ինչն առաջացնում է իրավական որոշակի խոցելիություն։ Ի տարբերություն մեր երկրի՝ Եվրոպական բազմաթիվ երկրներում կան հստակ սահմանված կանոններ թե՛ ինքնապաշտպանության, թե՛ որսորդության, թե՛ մարզաձեւային նպատակներով զենքի կիրառման համար։ Օրինակ՝ հստակ որոշված է, թե որ պայմաններում կարելի է օգտագործել զենքը, եւ ինչ սահմանափակումներ կան «մահաբեր ուժի» կիրառման հարցում։
Կապը բնապահպանական եւ որսորդական քաղաքականությունների հետ
Թեեւ Հայաստանում կան որոշ ավանդական որսորդական ձեւեր, բայց զենքի օրենսդրությունը ամբողջությամբ ու համակարգված ձեւով չի ինտեգրվում բնապահպանական քաղաքականությանը։
Եվրոպական որոշ երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, զենքի օրենսդրությունն ուղղակիորեն կապում է որսորդության եւ բնության պահպանության միջոցառումները՝ սահմանելով կենդանիների թվաքանակի վերահսկման սկզբունքներ, շրջակա միջավայրի պաշտպանության չափանիշներ, իսկ որսորդներն այդ առումով պատասխանատվություն ունեն։
Հոգեբանական եւ սոցիալ-մշակութային փաստարկներ
Հայաստանում ժամանակակից հրազենի հետ հարաբերվելը համակարգվել է դեռեւս Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Հետաքրքիր է, որ Խորհրդային Հայաստանում հրազենի ձեռքբերման որոշակի ազատականացում է եղել 2-րդ աշխարհամարտից հետո։ Խոսքը զենքի տեսակների ձեռքբերման մասին է։ Քանի որ քաղաքացիական զենքի եւ մարտականի տարբերակում չկար, քաղաքացիներին թույլատրվում էր ձեռք բերել երկարափող ակոսափող հրազեն։ Ստուգվում էր անձի դատվածությունը եւ հոգեբուժարանում գրանցված լինելու հանգամանքը։ Այդ ժամանակ կարելի էր ձեռք բերել ցանկացած տիպի փամփուշտ, նշանոց եւ փամփշտատուփ։ Զգացվում էր գերմանական եգերական դպրոցի ազդեցությունը խորհրդային կյանքի վրա։ Լճացման տարիների հետ այս կանոնները փոխվեցին, եւ ի հայտ եկավ քաղաքացիական զենք հասկացությունը, սակայն իրականության մեջ այդ զենքը մարտականից տարբերվում էր միայն կրակահերթեր արձակելու ձեւով։
Մեծ հաշվով, խորհրդային ազդեցությունը հրազեն ձեռք բերելը դարձրեց «վտանգավոր արարք»․ այն խորհրդային քաղաքացու խելքի բանը չէր։ Արդեն մեծամասամբ հրազեն էին ձեռք բերում կամ ուժային կառույցների ներկայացուցիչները, բարձրաստիճան պաշտոնյաները, կամ այն անձինք, որոնք դրա անհրաժեշտությունը ունեին կյանքի բերումով եւ վայրի բնության հետ անընդհատ շփման մեջ էին։ Այնուամենայնիվ, գերակշռում էր ողորկափող զենքը։ Մի խոսքով՝ զենքը տաբու էր, «շառ ու փորձանք», եւ «ինտիլիգենցիան» պետք է հեռու մնար զենքից։ Այսպիսի մոտեցումը արդի է մինչ օրս՝ չնայած երկու պատերազմներին եւ որոշակի, սակայն էական փոփոխություններին։
Եվրոպայում, ընդհակառակը, 2-րդ աշխարհամարտից հետո մինչ օրս ինստիտուցիոնալ առումով հետազոտում եւ կանոնավորում են ցանկացած տարր, որը կապված է զենքի ձեռքբերման եւ օգտագործման հետ։ Այստեղ խթանում են մշակութային, տնտեսական, իրավական եւ սոցիալական տարածությունները՝ փորձելով ստանալ առավել կատարյալ միավորումներ։ Օրինակ՝ որսորդմիությունները կամ նմանատիպ ակումբները պահպանում են որոշակի սոցիալական եւ մշակութային առանցքային կապեր իրենց անդամների հետ։ Այսպիսի կապերը հաճախ առկա են հասարակական միավորումներում, որոնց ժողովները ապահովում են անդամների համալրման ծրագրերը, կազմում ռազմավարական զարգացման նախագծեր եւ նախատեսում խրախուսական միջոցներ։
Այսպիսի ծրագրերը կարող են վերաբերել նաեւ որսի սեզոնին, ժամանակացույցին, մշակման մեթոդներին եւ այլն։ Կարեւոր է նաեւ հասկանալ, որ դրանք կապված են ոչ միայն որսի իրականացման հետ, այլեւ որսորդության մշակույթի եւ սոցիալական այնպիսի բաղադրիչների, որոնք ապահովում են որսորդների կողմից որսի հավաքման, պահպանման եւ մշակման գործընթացում անհրաժեշտ գիտելիքները։
Եվրոպական Միության կողմից կան միասնական օրենքներ, իրավական եւ տեխնիկական ստանդարտների հարմարավետ ընդգրկում, այնպես որ զենքի լիցենզավորումը, զենք կրելը եւ գնելը լինեն ավելի ապահով ու կառավարելի։ Օրենսդրական նախաձեռնությունները միաժամանակ ուղղված են հեշտացնելու անդամ երկրների քաղաքացիների զենք կրելու եւ ձեռք բերելու իրավունքները՝ առանց ավելորդ բարդությունների։
Ինտեգրում Եվրամիության կանոնակարգերին
Հայաստանը, չհանդիսանալով ԵՄ անդամ, չունի պարտադիր պայմաններ՝ ինտեգրվելու եվրոպական միասնական մոտեցումներին, սակայն ճիշտ կլինի զենքի ձեռք բերման եւ օգտագործման հարցում դիտարկել ԵՄ անդամ երկրներում գործող ընդհանուր մոտեցումները, որոնք ապահովում են հավասարակշռված միասնական քաղաքականություն։
Հասանելիության եւ գին
Հայաստանում զենքի հասանելիությունը սահմանափակ է օրենքների բացակայության կամ անցումային փուլում գտնվելու պատճառով, ինչը նաեւ հանգեցնում է գնի եւ որակյալ ինքնապաշտպանական կամ որսորդական զենքերի տեսականու սակավության։
Եվրոպայում, չնայած օրենսդրական խիստ կարգավորումներին, զենքի շուկան բավականին լայն է, եւ սպառողը հնարավորություն ունի ընտրելու տարբեր որակի զենքի տեսականի ու գներ՝ պահպանելով օրենքի պահանջները։
Շվեյցարիայի եւ Ավստրիայի փորձի առանձնահատկությունները
Շվեյցարիայում եւ Ավստրիայում հատուկ կարեւորվում է մարտական զենքի լիցենզավորման եւ դրա կիրառման պատասխանատվության հարցը: Շվեյցարիայում, օրինակ, լայնորեն ընդունված է քաղաքացիներին զենք տրամադրել պաշտպանական նպատակներով՝ կապված ազգային, տարածքային պաշտպանության եւ ռեզերվային ուժերի համակարգի հետ: Ավստրիայում նույնպես կարգավորվում է զենքի կիրառումը համապարփակ անվտանգության տեսանկյունից:
Հայաստանում այս մոտեցումը կարող է համակցվել ռազմամարզական կազմակերպությունների գործունեության հետ՝ ձեւավորելով պատրաստված եւ կազմակերպված բնակչություն, որը պատրաստ կլինի մասնակցել ոչ միայն ինքնապաշտպանությանը, այլեւ համապետական անվտանգության ապահովմանը։ Սա հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով Հայաստանի տարածքային պաշտպանության առանձնահատկությունները եւ համապարփակ անվտանգության համակարգի զարգացման անհրաժեշտությունը:
Զենքի տեսակների սահմանումներ եւ դրանց համեմատությունը Հայաստանի օրենսդրության հետ
Հայաստանյան օրենսդրությունը հիմնականում տարբերակում է հրազենը իր կիրառման նշանակությամբ, չի դիտարկվում դրա ենթատեսակների լայն սպեկտրումը։ Եվրոպայում, մասնավորապես ԵՄ մակարդակով, սահմանված են ավելի ճշգրիտ չափանիշներ, որոնք թույլ են տալիս տարբերակել ոչ միայն ինքնաձիգներն ու ատրճանակները, այլեւ դրանց տեխնիկական հատկանիշները (օրինակ՝ կրակոցի հաճախականությունը, պահեստատուփի տարողությունը, ենթատեսակը), ինչպես նաեւ դրանց օգտագործման տարբերակումը (ինքնապաշտպանություն, որսորդություն, սպորտային մրցումներ)։ Այս տարբերակումը թույլ է տալիս ավելի ճշգրիտ կարգավորել շուկան, վերահսկել անօրինական շրջանառությունը եւ ապահովել, որ յուրաքանչյուր զենք կոնկրետ ոլորտում պատրաստված մարդու ձեռքին լինի։
Ռելոադինգի դերը զենքի մշակույթի մեջ
Ռելոադինգը՝ զենքի փամփուշտների վերալիցքավորումը, կարեւոր գործիք է զենքի մշակույթի զարգացման համար։ Շատ երկրներում ռելոադինգը սովորեցնում է զենքի օգտագործման տեխնիկական կողմերը, խորացնում է հրաձիգների գիտելիքները զենքի բաղադրիչների մասին եւ նպաստում է ավելի պատասխանատու օգտագործման մշակույթի ձեւավորմանը։
Հայաստանում ռելոադինգի տարածումը կարող է նպաստել զենքի մշակույթի բարձրացմանը։ Դա կարող է ներառվել ռազմամարզական կազմակերպությունների դասընթացներում, ինչը կբարձրացնի զենքի օգտագործման մակարդակը եւ կզարգացնի մասնագիտական հմտություններ: Ռելոադինգի ուսուցումը կարող է նաեւ դառնալ ինքնատիպ տնտեսական հնարավորություն՝ զենքի մասնագետների, հրաձիգների եւ որսորդների համար:
Հայաստանում զենքի մասին օրենքի հնարավոր փոփոխությունները եւ զարգացման միտումները (հաշվի առնելով «Ազատազենի» փորձը)
Այսպիսով՝
Հայաստանում զենքի շրջանառությունը եւ դրա վերաբերյալ օրենսդրական հիմքերը կարող են բարեփոխվել՝ հաշվի առնելով եվրոպական երկրների փորձը։ Վերոհիշյալ փոփոխությունները ոչ միայն կդարձնեն համակարգը ավելի թափանցիկ, պատասխանատու եւ միջազգային ստանդարտներին համապատասխան, այլեւ կնպաստեն ազգային մշակույթի զարգացմանը, որտեղ «Ազատազենի» փորձը կարող է ծառայել որպես ներհայեցողության եւ ազգային ինքնության պահպանման հիմք։ Մշակութային, տեխնիկական եւ իրավական ներդաշնակվածությունը թույլ կտա Հայաստանը դարձնել օրինակելի երկիր, որտեղ զենք կրողներն ունեն պատասխանատվության բարձր զգացում, իսկ օրենսդիր եւ գործադիր մարմինները՝ արժեքային հիմքով գործող համապատասխան քաղաքականություն։
Նարեկ Ներսիսյան
comment.count (0)