Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը դրական եզրակացություն է ստացել որոշակի նախապայմաններով
 |hetq.am|
18:25 - 25 դեկտեմբերի, 2024

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը դրական եզրակացություն է ստացել որոշակի նախապայմաններով |hetq.am|

hetq.am: Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն է ստացել` փորձաքննական 7 պահանջի կատարման պայմանով: Դրանցից մեկը վերաբերում է «Աջափնյակ-4» քարայրին: Մասնավորապես, պահանջվել է աշխատանքները սկսել «Աջափնյակ-4» քարայրը հուշարձանների պետական ցուցակից հանելու վերաբերյալ լիազոր մարմնի կայացրած որոշման ընդունումից հետո:

Հիշեցնենք, որ ազգային հնագիտական խորհրդատուներ Բորիս Գասպարյանը, Արտուր Պետրոսյանը և ազգային քարտեզագրական խորհրդատու Դմիտրի Առաքելյանը իրենց եզրակացությամբ արձանագրել էին, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման անմիջական ազդեցության տակ գտնվող «Աջափնյակ-4» քարայրը իրենից պատմամշակութային արժեք չի ներկայացնում և կարող է հանվել հուշարձանների պետական ցուցակից։

Նրանց եզրակացությունը տեղ էր գտել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի լրամշակված տարբերակում, որը ներկայացվել էր փորձաքննության և այժմ էլ ստացել դրական եզրակացություն:

Փորձաքննական պահանջներից է նաև Հրազդանի կիրճի հատվածում շինարարական աշխատանքների ընթացքում հնագետի ներկայությունն ապահովելը: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, նոր հնագիտական շերտերի հայտնաբերման դեպքում շինարարական աշխատանքներն անմիջապես պետք է դադարեցվեն և տեղեկացվեն համապատասխան պետական մարմիններին:

Քանի որ «Աջափնյակ» կայարանին կից թունելների և կայարանների կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվելու են պայթեցման միջոցով, պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ պետք է ապահովեն տեխնիկական անվտանգության միասնական կանոնները: Իսկ շինարարության և շահագործման հետևանքով առաջացող վիբրացիան մեղմելու համար պետք է ապահովվեն հատուկ միջոցառումներ հատկապես Դալմայի թունելի շրջակայքում:

Փորձաքննական հաջորդ պահանջը վերաբերում է հատման ենթակա ծառերին: Կայարանի կառուցման շրջանակներում հատված յուրաքանչյուր ծառի դիմաց պետք է տնկել առնվազն 10 նույն տեսակի ծառ, և տնկման վայրը նախապես համաձայնեցնել Երևանի քաղաքապետարանի հետ:

Ըստ նախագծի` կայարանի կառուցման ծրագրի շրջանակներում վնաս է հասցվելու 220 ծառի` մեծ մասը խաղողի, ծիրանենի, բալենի և խնձորենի են լինելու: Հատվելու են նաև 50 հաստաբուն ծառեր: Ամենից շատ կտուժեն գլեդիչիաները, սպիտակ բարդիները և հացենիները:

Ծրագիրն ազդեցություն կունենա 90 դեկորատիվ ծառի և թփի վրա, որից 75-ը դեկորատիվ թփեր են, 15-ը` դեկորատիվ ծառեր` արևելյան թույա, եղևնիներ, Վիրջինյան գիհիներ: Նշված ծառաթփային կազմը մեծ մասամբ գտնվում է մասնավոր անձանց սեփականություն հանդիսացող տարածքներում և ծրագրի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով տվյալ հողատարածքները նախատեսվում է օտարել:

Համաձայն Երևանի քաղաքապետարանի և ձեռնարկողի կողմից ներկայացված տեղեկատվության՝ վերը նշված ծառաթփային կազմին առնչվող հետագա գործողությունները` հատման, տեղափոխման, վերատնկման, կարգավորվելու է Երևանի քաղաքապետարանի հատուկ մասնագիտացված բաժնի կողմից:

Փորձաքննական մյուս պահանջով պետք է բացառվի Հրազդան գետի աղտոտումը` շինարարության ընթացքում առաջացած թափոններով:

Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենը ներկայում ունի 10 կայարան, ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, շահագործվող վագոնների թիվը 32 է, ինչն էլ նախատեսված հավաքակազմի 71%-ն է: Մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է ավելի քան 20 մլն ուղևոր:

Խորհրդային տարիներին մշակված և տասնամյակներ ի վեր թղթի վրա մնացած մետրոպոլիտենի 11-րդ կայարանի կառուցումը նախագծվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված «Մետրոգիպրոտրանս» ԲԸ-ի կողմից:

«Բարեկամությունից» Աջափնյակ` դեպի նոր կայարան մետրոյի գնացքը կհասնի հորատանցված երկու վազորդային թունելներով, որոնք ապահովելու են ելքը դեպի Հրազդանի կիրճի հարթակ: Հենց այդտեղից էլ նախատեսվում է կառուցել մոտ 150 մ երկարությամբ մետրոկամուրջը: Մետրոյի նոր ուղին կմիացնի Հրազդանի կիրճով բաժանված Երևանի երկու մասերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել