Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ պահանջվել  է դադարեցնել սադրանքներն Ադրբեջանի դեմ
16:31 - 01 հունվարի, 2025

Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ պահանջվել է դադարեցնել սադրանքներն Ադրբեջանի դեմ

Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանն այսօր՝ հունվարի 1-ին, կանչվել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ը։

Հանդիպման ընթացքում իրանական կողմին փոխանցվել է խիստ բողոք Ադրբեջանի և  նախագահ Իլհամ Ալիևի հասցեին հնչած վիրավորական խոսքերի կապակցությամբ, որոնք ասվել էին 2024 թվականի դեկտեմբերի 29-ին, Արդաբիլում տեղի ունեցած միջոցառման ընթացքում, որին մասնակցում էր Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյեդ Հասան Ամելին։ Միջոցառումը հեռարձակվել էր իրանական հեռուստառադիոընկերությաններից մեկով:

Ադրբեջանը դիվանագետին հայտնել է նաև վերջերս Իրանում հակաադրբեջանական տրամադրությունների սադրանքի վերաբերյալ դժգոհության մասին:

«Իրանում հակաադրբեջանական քարոզչությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն, նաև մեր երկրների առջև դրված նպատակներին ու խնդիրներին։ Նման գործողությունները ուղղված են ատելություն և թշնամանք սերմանելու, այլ ոչ թե երկկողմ միջպետական և միջմարդկային հարաբերությունների պահպանմանը և խորացմանը», - նշված է հայտարարությունում։

Նախարարությունը պահանջել է դադարեցնել նմանատիպ սադրանքներն Ադրբեջանի դեմ:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել