Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ արդեն 3 տարի դատարանում գտնվող եւ 4 դատավորի վարույթով անցած քրեական գործով այսօր մեղադրյալի հարցաքննության փուլն էր։ Վերանյանը, սակայն, դատարանում հայտարարեց՝ այս փուլում հրաժարվում է ցուցմունք տալ, օգտվում է լռելու իր իրավունքից։
Անդրանիկ Վերանյանը, հիշեցնենք, այն սպան է, որը 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում պատսպարված ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել՝ չնայած հակառակորդի՝ անօդաչու թռչող սարքի առկայությանը։ Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։
Փոխգնդապետն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, նշել է՝ հրամանը տալու պահին ԱԹՍ–ի ձայնն այլեւս լսելի չի եղել։ Այս եւ այլ մանրամասների մասին, սակայն, նա այսօր ոչինչ չասաց․
– Որոշակի միջնորդություններ ունենք, որոնք քննարկելուց եւ բավարարելուց հետո կանդրադառնանք ցուցմունք տալու հարցին,– պարզաբանեց պաշտպան Նարեկ Գրիգորյանը։
– Միջնորդությունները թողեք մի կողմ, այս պահին ամբաստանյալի հարցաքննության փուլն է, հրաժարվո՞ւմ եք ցուցմունք տալ,– ասաց նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը։
– Այո,– պնդեցին պաշտպանն ու ամբաստանյալը։
Այս պատասխանը վրդովեցրեց զոհված զինծառայողների՝ դահլիճում գտնվող ծնողներին․
– էսքան սպասել ենք, որ հրաժարվե՞ք։
Դատավորն ու հանրային մեղադրողը պարզաբանեցին՝ ցուցմունք տալը ամբաստանյալի իրավունքն է, ոչ թե պարտականությունը․ նա կարող է այժմ օգտվել լռելու իր իրավունքից, իսկ ցանկացած այլ փուլում մտափոխվել եւ ցուցմունք տալ։
Թե ինչ միջնորդությունների մասին էր խոսքը, պաշտպանական կողմը չմանրամասնեց, խոստացավ դրանք ներկայացնել հաջորդ դատական նիստիին։
Դատարանն ավարտեց ապացույցների հետազոտման փուլը
Այսօրվա նիստի ընթացքում դատարանը նաեւ շարունակեց հրապարակել գումարտակի հրամանատար Արտյոմ Պողոսյանի նախաքննական ցուցմունքը։ Հիշեցնենք՝ նախորդ նիստում դատարանը նման որոշում էր կայացրել՝ հաշվի առնելով, որ Պողոսյանն այլեւս Հայաստանում չէ, եւ հնարավոր չէ ապահովել նրա հարցաքննությունը դատարանում։
Ընդհանուր առմամբ, Պողոսյանի դիրքորոշումն այն է եղել, որ հրամանը տալու պահին ԱԹՍ–ի ձայնը լսելի չի եղել, շարժվելուց հետո են ձայն լսել, երբ անցել էին արդեն մոտ 1 կմ։ Իսկ երբ ձայնը ուժեղացել է, մտածել են՝ ԱԹՍ–ն իրենց ուղղությամբ է գալիս, ուստի արագ արգելակել են եւ երեքով նետվել մեքենայից դուրս։ Մեքենան գնացել, բախվել է մի քանդված պատի։
Հարցին, թե անօդաչու թռչող սարքի հետ կապված ինչ հրահանգավորում են ունեցել, Պողոսյանը պատասխանել է, թե նման հրահանգավորում չի եղել։ Մեղադրողը, սակայն, պնդել է՝ հետազոտված ապացույցներով, այլ վկաների ցուցմունքներով հաստատվել է, որ զորամասից դուրս գալուց առաջ եղել է կոնկրետ հրահանգավորում՝ ԱԹՍ–ի ձայն լսելու դեպքում իջնել մեքենաներից, պառկել մեջքի վրա եւ կրակել։
Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը, տուժողի իրավահաջորդները
Մեղադրողը տեղեկացրել է նաեւ, որ հետազոտված ապացույցներում առկա է տեսանյութ, որում երեւում է օդում պտտվող սարքը, որը ժամանակ առ ժամանակ իջնում է, մոտենում ընթացքող ավտոմեքենային։ Դա հավաստել են նաեւ ականատես վկաները, նշել, որ ձայնը լսել են, որոշները՝ նաեւ տեսել։ Պողոսյանը, սակայն, պնդել է, որ ինքը նման սարք չի տեսել։
Ցուցմունքի հրապարակումով ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը։ Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ կողմերը միջնորդություններ ունե՞ն դատաքննությունը լրացնելու վերաբերյալ։
Թե՛ պաշտպանական, թե՛ մեղադրող կողմերը ներկայացրին իրենց միջնորդությունները։
Պաշտպանական կողմը միջնորդեց ԳՇ–ից պարզել՝ կա՞ ԱԹՍ–ի առկայության ժամանակ հրամանատարի գործողությունները սահմանող իրավական ակտ
Մեղադրյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը ներկայացրեց մեկ այլ միջնորդություն։ Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին փաստաբանական հարցմամբ դիմել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին՝ խնդրելով հայտնել՝ կա՞ արդյոք որեւէ իրավական ակտ (որոշում, հրաման, կարգադրություն, ցուցում), որը կսահմանի հրամանատարի գործողությունները հակառակորդի անօդաչու թռչող սարքի ժամանակ։ Տեղեկության տրամադրումը, սակայն, մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ դա պետական գաղտնիք է։ Ուստի պաշտպանը միջնորդեց, որ դատարանը դիմի եւ ստանա այդ տեղեկությունը։
Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Ենթադրվում է, որ համապատասխան փաստաթուղթը ստանալու դեպքում այն կքննարկվի դռնփակ ռեժիմով։
Դատավոր Սուրեն Խաչատրյանը
Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանն էլ իր հերթին միջնորդեց լրացնել դատակոչի ցուցակը եւ 3 անձի հրավիրել դատարանում հարցաքննության։
Նա պարզաբանեց՝ նախկինում ստացված գաղտնի փաստաթղթի համաձայն՝ 3-րդ բանակային կորպուսի պաշտպանության շրջանում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ կոնկրետ հակառակորդի ԱԹՍ–ները ինքնաձիգով խոցվել են․ «Ուստի միջնորդում եմ այդ անձանց՝ կապիտան Ռուբեն Սանամյանին, որը նաեւ ՀՀ ազգային հերոս է, եւ կապիտան Ռոբերտ Բաբաջանյանին դատակոչել եւ հարցաքննել»,– նշեց նա։
Երրորդ անձն էլ, որին մեղադրողը միջնորդեց դատակոչել, Շալիկո Եղիազարյանն էր՝ դեպքի ականատես վկաներից։
Պաշտպանական կողմը առարկություն չուներ, տուժող կողմը միացավ միջնորդություններին։ Դատարանն այս միջնորդությունները եւս բավարարեց։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 25-ին։
Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)