«Ազգ-բանակի» և Համապարփակ պետական անվտանգության համակարգի (ՀՊԱՀ) համեմատական վերլուծությունը․ Նարեկ Ներսիսյան
17:31 - 09 հունվարի, 2025

«Ազգ-բանակի» և Համապարփակ պետական անվտանգության համակարգի (ՀՊԱՀ) համեմատական վերլուծությունը․ Նարեկ Ներսիսյան

Հայաստանի պատմությունն ու տարածաշրջանային համատեքստը մշտապես ցույց են տվել, որ անվտանգությունն ու պաշտպանունակությունը ազգային ինքնության պահպանման եւ զարգացման հիմնաքարերն են։ 20-րդ դարասկզբի պատմական իրադարձությունները, ինչպիսիք են առաջին հանրապետության կորուստը եւ դրան հաջորդած ծանր մարտահրավերները, բերեցին այն եզրահանգման, որ բնակչության մոբիլիզացիան եւ ինքնապաշտպանությունը կարող են լինել գոյատեւման միակ լուծումը։

Այս տեսանկյունից Նժդեհի «ազգ-բանակ» հայեցակարգը կարեւոր դեր խաղաց՝ որպես գոյաբանական խնդիրներին դիմագրավելու առանցքային գործիք՝ առանց պետական կառույցների։ Մյուս կողմից, ժամանակակից աշխարհում, հատկապես 21-րդ դարում, անվտանգության խնդիրները դարձան ավելի բազմաբնույթ՝ ներառելով ոչ միայն ռազմական, այլեւ տեղեկատվական, տնտեսական, սոցիալական եւ միջազգային բաղադրիչներ։ Այս պայմաններում ձեւավորվեց Համապարփակ պետական անվտանգության համակարգը (ՀՊԱՀ), որը միտված է պետության բոլոր ռեսուրսների համատեղմամբ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անվտանգությունն ապահովելուն։

Այս հոդվածում կքննարկենք  «ազգ-բանակ» հայեցակարգի եւ ՀՊԱՀ-ի համեմատական առանձնահատկությունները, նպատակը, կառուցվածքը եւ կիրառելիությունը ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար։

  1. Պատմական եւ գաղափարական հիմքեր

 «Ազգ-բանակ»

  • Պատմական համատեքստ․ «ազգ-բանակ» գաղափարը ձեւավորվել է 20-րդ դարի սկզբում, երբ Հայաստանը բախվում էր գոյաբանական վտանգների։ Այս գաղափարախոսությունը ծնվել է մի ժամանակաշրջանում, երբ ազգը կանգնած էր «կամ մեռնել, կամ գոյատեւել» կտրուկ ընտրության առջեւ։ Պետականության կորստյան պայմաններում դիմադրության կազմակերպման միակ հնարավորությունը բնակչության մոբիլիզացիան էր՝ իր ունեցած ռեսուրսներով։
  • Գաղափարական բովանդակություն․ գաղափարախոսությունը նպատակ ուներ յուրաքանչյուր հայի դարձնել կոլեկտիվ ինքնապաշտպանության համակարգի մաս՝ դիմագրավելով այն մարտահրավերներին, որոնք սպառնում էին ազգի գոյությանը։ Սա ներառում էր ոչ միայն ռազմական, այլեւ բնակչության բոլոր հնարավոր միջոցների օգտագործումը։

Համապարփակ պետական անվտանգության համակարգ

  • ՀՊԱՀ-ը ձեւավորվել է որպես պետական անվտանգության ապահովման համակարգ, որը ներառում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին սպառնալիքները։
  • Գաղափարական բովանդակություն․ այս մոդելը կենտրոնանում է պետական բոլոր հատվածների՝ ռազմական, քաղաքացիական եւ մասնավոր սեկտորի սերտ համագործակցության վրա՝ ապահովելով անվտանգություն բոլոր մակարդակներում։ Համակարգը տարբեր մոտեցումներով ներդրված է Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Իսրայելում, Թայվանում եւ այլ երկրներում։
  • Ի տարբերություն «ազգ-բանակ»-ի՝ ՀՊԱՀ-ը անիմաստ է առանց պետականության եւ պետական կառույցների կենտրոնական դերի եւ գործուն է միայն պետության կողմից՝ միավորման ազատության, կամավորության, օրենքի գերակայության եւ ժողովրդավարական կառավարման այլ սկզբունքների պաշտպանության դեպքում։

  1. Հիմնական բաղադրիչները

«Ազգ-բանակ»

  1. Դիմադրության կազմակերպում․ բնակչության ինքնապաշտպանական խմբերի ձեւավորում՝ առանց կանոնավոր բանակի։
  2. Ռեսուրսների օգտագործում․ «ձեռքի տակ» եղած բոլոր միջոցների ներգրավում՝ առանց տնտեսական կամ ռազմական համակարգվածության։
  3. Գոյաբանական նպատակ․ կենտրոնանում է անմիջապես գոյատեւման ապահովման վրա։

Համապարփակ պետական անվտանգության համակարգը ավելի բազմաշերտ է։

  • Ռազմական բաղադրիչ․ զինված ուժերի արդիականացում եւ ռազմավարական պլանավորում՝ կազմակերպված հասարակության ակտիվ ներգրավվմամբ։
  • Քաղաքացիական պաշտպանություն․ արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի ներդրում։
  • Տնտեսական անվտանգություն․ ռազմավարական պահուստների ստեղծում եւ ճգնաժամերի կառավարման մեխանիզմներ։
  • Տեղեկատվական անվտանգություն․ կեղծ տեղեկատվության դեմ պայքար եւ կիբեռանվտանգության ապահովում։
  • Պետական կառույցների կենտրոնական դեր․ անվտանգության բոլոր մակարդակների կառավարման համակարգված մոտեցում։
  • Միջազգային համագործակցություն․ դաշինքներ եւ գործընկերություններ տարածաշրջանային այն գործընկերների հետ, որոնք կիրառում են այս համակարգը։

  1. Հիմնական տարբերություններ

  1. Արդիականություն եւ կիրառելիությունը ժամանակակից մարտահրավերների պայմաններում

«Ազգ-բանակ»

  • Առավելություններ
    • Պետականության բացակայության պայմաններում՝ գոյաբանական արդյունավետ միջոց։

  • Թերություններ
    • Կենտրոնացումը միայն ռազմական բաղադրիչի վրա՝ անտեսելով տնտեսական եւ սոցիալական բաղադրիչները։
    • Ժամանակակից հիբրիդային եւ կոգնիտիվ սպառնալիքներին չհամապատասխանելը։
    • Գործուն է միայն պետականության բացակայության պայմաններում։

ՀԱՊՀ

  • Առավելություններ
    • Համապատասխանում է ժամանակակից մարտահրավերներին, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքները։
    • Ներառում է ռազմական, տնտեսական, տեղեկատվական եւ սոցիալական բաղադրիչներ։
    • Հնարավորություն է տալիս համագործակցել միջազգային գործընկերների հետ։

  • Թերություններ
    • Բարդ կառավարման կառուցվածք։
    • Ֆինանսավորման բարդ համակարգ։


Եզրակացություն

«Ազգ-բանակ» գաղափարախոսությունը ստեղծվել է գոյաբանական խնդիրներին դիմագրավելու եւ պետականության բացակայության պայմաններում դիմադրություն կազմակերպելու համար։ Այն հիմնված է ֆիզիկական գոյատեւման ապահովման վրա՝ առանց պետական կառույցների կամ համակարգված անվտանգության մոդելների։

Չնայած  Համապարփակ պետական անվտանգության համակարգին նմանությանը՝ այն չի նույնականանում վերջինիս հետ, քանզի ՀՊԱՀ-ը կենտրոնանում է պետության, հասարակության եւ տնտեսության բոլոր ռեսուրսների համակարգված օգտագործման վրա՝ ընդգրկելով ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անվտանգության բաղադրիչները։

Այս երկու մոդելների էականորեն տարբերությունը նաեւ այն է, որ մեկը գործում է որպես ժողովրդի գոյաբանական ինքնակազմակերպման եւ պահպանման, իսկ մյուսը՝ որպես պետության ինքնիշխանության պահպանության, ամրապնդման եւ դրանից բխող անկախ ներքին եւ արտաքին քաղաքականության վարման հնարավորության մոդել։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականությամբ

Նարեկ Ներսիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել