Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Սրբուհի Գալյան
13:45 - 14 հունվարի, 2025

Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Սրբուհի Գալյան

1lurer.am։ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության տեսանկյունից մեր սեղանին «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենսդրության մշակումն է, ինչպես նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական փաթեթների մշակումը, բացի դրանից՝ նաև նոր Սահմանադրություն ունենալու հետ կապված քայլեր ձեռնարկելն է: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ: Մենք մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ այն, թե այլ երկրների հայտարարությունների հետ է կապված նոր Սահմանադրության մասին խոսելը, շատ անտեղի է: «Ինչո՞ւ. որովհետև նոր Սահմանադրություն ունենալու հարցը սկսել է քննարկվել հեղափոխությունից հետո, և նույնիսկ 2019-2020 թվականներին ունեցել ենք նոր Սահմանադրության հայեցակարգ, և այդ աշխատանքները ինչ-ինչ պատճառով չեն հանգել տրամաբանական վերջնարդյունքի: 

Ես՝ որպես նոր նախարար, կարծում եմ, որ պետք է ստանձնեմ պարտականություն և պատասխանատվություն՝ ի վերջո մշակելու նոր Սահմանադրության նախագիծ, որին հավանություն է տալու կամ չի տալու ժողովուրդը, որովհետև նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել միայն հանրաքվեի միջոցով»,- ասաց նա՝ նշելով նաև գործող Սահմանադրության «վատ» կողմերը, որոնք պետք է փոփոխության ենթարկվեն, այն է՝ պետք է լուծվեն ռազմական արտակարգ դրությանը, համամասնական ընտրակարգին, մարդու իրավունքներին վերաբերող և այլ հարցեր:  

«Մեր խնդիրը պետք է լինի Սահմանադրության շատ սեղմ, բայց բովանդակային ճիշտ տեքստ ունենալը, որպեսզի ապագայում, որ օրենքների փոփոխության հարցեր են բարձրացվում, ամեն ինչում հղում չկատարվի Սահմանադրությանը և ասվի՝ ա՛յ, օրինակ, Սահմանադրությունն այսպես է ասում կամ այնպես է ասում:

Ընդ որում՝ ուզում եմ շեշտադրել այն հանգամանքը, որ խաղաղության օրակարգին առնչվող հարցերի հետ կապված՝ Սահմանադրությունում փոփոխություններ անելու որևէ անհրաժեշտություն չկա, և այս հարցը համարում եմ փակված, որովհետև այդ մասին խոսել է նաև ՍԴ-ն:

Եվս մեկ անգամ շեշտադրում եմ, որ ո՛չ անուղղակի, ո՛չ ուղղակի կապ՝ նոր Սահմանադրության տեքստ ունենալու և այլ երկրների հայտարարությունների հետ, բացարձակ չկա և չի կարող լինել»,- ասաց նա:  

Նախարարը նաև տեղեկացրեց, որ աշխատանքային խումբ է աշխատելու Սահմանադրության նոր տեքստի վրա, բայց փակ, գաղտնի պահելու խնդիր չկա, երբ վերսկսի հանձնաժողովն իր աշխատանքը, պարբերաբար լուսաբանումներ կլինեն:

«Երբ վերջնական տեքստը լինի, ժողովուրդը կա՛մ հավանություն է տալու այդ տեքստին, կա՛մ հավանություն չի տալու…

Նորից եմ շեշտադրում՝ այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման հետ կապված, և այդ մասին ասել է նաև ՍԴ-ն, ընդ որում՝ որոշումը և դիրքորոշումը հստակ է: Մենք Սահմանադրություն փոխելու խնդիր չունենք այն պատճառով կամ նրա համար, որ թվացյալ խնդիր կա այդտեղ»,- ասաց նա և հավելեց, որ մոտ ապագայում նոր Սահմանադրության վրա աշխատող խմբի աշխատանքները վերսկսվելու են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել