Արդարադատության իրականացման շղթայում դատարանների դերը վճռորոշ է, բայց միակը չէ. Սրբուհի Գալյան
 |1lurer.am|
13:58 - 14 հունվարի, 2025

Արդարադատության իրականացման շղթայում դատարանների դերը վճռորոշ է, բայց միակը չէ. Սրբուհի Գալյան |1lurer.am|

1lurer.am: Արդարության վերաբերյալ պատկերացումները երբևէ չեն կարող միանշանակ լինել: Եթե մենք կոնկրետ գործի օրինակով քննարկենք հարցը, ապա գործի ելքով շահագրգռված երկու կողմ է լինում, և ցանկացած որոշման դեպքում այդ որոշումը մի կողմի համար բարենպաստ է լինում, մյուս կողմի համար՝ անբարենպաստ: Այդ մասին ասուլիսի ժամանակ անդրադառնալով արդարության և արդարադատության հոմանիշ լինելու անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Վարչապետի մտահոգությունը տեղին է այն առումով, որ բազմաթիվ քաղաքացիներ նախևառաջ դիմում են իրեն. նամակներ են ուղարկում արդարադատության որակի հասանելիության արագության և այլնի հետ կապված: Եթե մենք փորձենք խնդիրները տարբերակել, ես կառանձնացնեի խնդիրներ, որոնք կապված են արդարադատության ուշացման հետ, այսինքն՝ ուշացած արդարադատությունը, իմ պատկերացմամբ, հավասար է արդարադատություն չլինելուն և ոչ պատշաճ արդարադատությանը, ինչը մի շարք ենթախնդիրներով է պայմանավորված. դատավորների, միջդատական վարույթ իրականցնող մարմինների ոչ պատշաճ և ոչ արդյունավետ աշխատանք, որոշ դեպքերում՝ ոչ պրոֆեսիոնալիզմ: Իսկ ինչ կարելի է անել, որպեսզի խնդիրը հաղթահարվի: Խնդիրը միասնական ստանդարտների սահմանման մեջ է: Այսինքն՝ խոսքը կանխատեսելի արդարադատության միասնական չափանիշների սահմանման հետ է կապված, և կարծում եմ, որ նախարարության՝ որպես քաղաքականություն մշակողի դերը դա պետք է լինի, որպեսզի յուրաքանչյուր դատավարությունով փորձի սահմանել ստանդարտ և մինչդատական վարույթ իրականացնող մարմիններին և դատարանին պարտադրի, որ առաջնորդվեն այդ ստանդարտով: Դրա դերը մեր երկրում հիմնականում պատկանում է վճռաբեկ դատարանին, և կարծում եմ, որ նախադեպային որոշումները այս հարցում մեզ պետք է շատ օգնեն»,- նշեց նախարարը:

Իսկ ընդհանրապես արդարության, արդարադատության հարցի հասցեագրման տեսանկյունից նա կարևորում է հանրության իրավագիտակցության բարձրացումը և հանրության հետ կոմունիկացիան: «Այս առումով հանրային իրազեկման հետ կապված աշխատանքները մոտակա տարիներին պետք է լինեն շատ, որ հանրությունը հստակ տեղեկացված լինի, թե ինչ է արդարադատությունը, ինչ գործառույթներ ունեն այս կամ այն մարմիններն այդ արդարադատության իրականացման հարցում»,- նշեց Սրբուհի Գալյանը:

Անդրադառնալով արդարադատության իրականացման գործում դատարանների դերին՝ նա ասաց. «Ես վստահ եմ, որ արդարադատություն իրականացնելը յուրաքանչյուր դատավորի ոչ միայն առաքելությունն է, այլև պարտականությունն է և պատասխանատվությունը ցանկացած իրավիճակում: Այս կամ այն խնդիրները բարձրաձայնելով՝ չենք կարող արդարացնել արդարադատություն չիրականացնելը: Ինչ վերաբերում է կարգապահական վարույթներին, ես կարծում եմ, որ արդարության և հավասարության սկզբունքից է բխում, որ յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ դատավորները, իմանան, որ որոշակի կոնկրետ դեպքում իրենց որոշակի վարքագիծը բերելու է իքս հետևանքի, իսկ իգրեկ վարքագիծը՝ իգրեկ հետևանքի, և սա բոլորի համար պետք է նույնը լինի»: 

Սրբուհի Գալյանն ընդգծեց, որ արդարադատության իրականացման շղթայում դատարանների դերը վճռորոշ է, բայց միակը չէ: «Քննչական մարմինները, դատախազությունն այս շղթայի մաս են կազմում, կարծում եմ, որ հենց այդ մարմինների օգնությամբ մենք պետք է հանենք այն բոլոր խնդիրները, որոնք հանգեցրել են այն իրավիճակներին, որոնք հիմա առկա են, և փորձենք քայլ առ քայլ այդ խնդիրները լուծել»,- նշեց արդարադատության նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել