Միրզոյանն ու Բլինքենը անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին
10:05 - 15 հունվարի, 2025

Միրզոյանն ու Բլինքենը անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպումը հաջորդել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը։

Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են երկու երկրների միջև Ռազմավարական գործընկերության հաստատման կարևորությունը՝ որպես հարաբերությունների խորացման պատմական հանգրվան և համատեղ նոր ձեռքբերումների ապահովման առհավատչյա։

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության հետագա խորացմանը միտված օրակարգային հարցերն, ընթացիկ աշխատանքներն ու հետագա հնարավոր քայլերը։

Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը երկու երկրների միջև վերջին տարիներին դինամիկ համագործակցության և փոխադարձ ամուր հանձնառության արդյունքն է։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Էնթոնի Բլինքենին կանոնադրության ստորագման, ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ ներդրման, ինչպես նաև ՀՀ-ին ցուցաբերված աջակցության համար։

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ ընձեռնվող ոլորտային համագործակցության նախաձեռնություններին և նոր հնարավորություններին՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացին։

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին, խաղաղության հաստատման հնարավորություններին, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքը, ինչպես նաև տնտեսական զարգացման կարևորության գիտակցումը դրված են ՀՀ կառավարության տեսլականի հիմքում և կշարունակեն մնալ հետագա քայլերի հիմնական ուղենիշ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել