factor.am: Ստամբուլում կեղծ ոգելից խմիչք օգտագործելու պատճառով հոսպիտալացվելուց հետո 11 մարդ է մահացել, գրում է Duvar-ը։
Ըստ պետական Անադոլու գործակալության՝ 38 մարդ, այդ թվում՝ 26 օտարերկրացիներ, բժշկական օգնություն են խնդրել քաղաքի տարբեր հիվանդանոցներում կեղծ ալկոհոլ օգտագործելու հետ կապված խնդիրների պատճառով: Նշվում է, որ մահացածներից տասը Թուրքմենստանից են, երկու կասկածյալներ ձերբակալվել են դեպքի առնչությամբ։
Պարզվել է, որ կեղծ ալկոհոլը վաճառել են Թուրքմենստանից երկու անձինք, այն արտադրվել է տնային պայմաններում։ Նրանց հասցեներում խուզարկությունների ընթացքում առգրավվել է մոտ 50 լիտր կեղծ ալկոհոլ, թմրանյութեր, ներգաղթյալների կեղծ ինքնության վկայականներ և մեծ քանակությամբ դեղամիջոցներ։ Քյուչուքչեքմեջեի շրջանային դատախազությունը կասկածյալների նկատմամբ հետաքննություն է սկսել՝ «անզգուշությամբ սպանություն», «թմրամիջոցների ապօրինի շրջանառություն», «կեղծ ոգելից խմիչքների արտադրություն և իրացում», «անհայտ բժշկական դեղամիջոցներ», «մարդկանց մաքսանենգություն» և «պաշտոնական փաստաթղթերի կեղծում» հոդվածներով։
«2024 թվականին Ստամբուլում ապօրինի ալկոհոլի և կեղծ ալկոհոլ օգտագործելու պատճառով թունավորվել է 110 մարդ, որոնցից 48-ը կորցրել է կյանքը»,- հայտարարել է Ստամբուլի նահանգապետարանը։ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլն ավելի ուշ հայտարարել է, որ քաղաքում 11 մարդու մահից հետո կեղծ ալկոհոլ վաճառող 63 բիզնեսների լիցենզիաները չեղարկվել են։
comment.count (0)