news.am: «Ե՛վ քաղաքացիները, և՛ մենք լիահույս ենք, որ քաղաքային իշխանությունները խելքները գլուխը կհավաքեն, կհասկանան, որ իրենց որոշումը ժողովրդի դեմ է»։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, հանրային տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Ես երեկ էլ ասացի, որ սա այլանդակ որոշում է։ Կարծում էի, թե մի ամսով հետաձգել են, ժամանակ ունեն կրկին մտածելու, բայց փետրվարի 1-ից այնուամենայնիվ ուզում են թանկացնել հանրային տրանսպորտը։ Սա անընդունելի է թե՛ մեզ համար, թե՛ ժողովրդի, և պետք է պայքարենք թանկացման դեմ»,- ասաց Հայկ Մարությանը։
Հարցին, թե ի՞նչ քայլեր են պատրաստում ձեռնարկել հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարելու համար, Հայկ Մարությանը պատասխանեց.
«Այսօր հավաքվել ենք՝ քաղաքացիների կարծիքն այդ մասին լսելու։ Բոյկոտելու ենք, ուղղակի բոյկոտի տարբեր ձևեր կան, մենք պետք է հասկանանք, թե որ ձևն ենք նախընտրելու։ Այսօր բավականին հարցեր կպարզվեն։ Առաջին հերթին ուսանողները կարող են դասադուկլ անել, մարդիկ կարող են գործադուլ անել, կամ ընդհանրապես հանրային տրանսպորտից չօգտվել, կամ մտնել տրանսպորտ, վճարել 100 դրամ և անցնել առաջ։ Մենք պետք է հասկանանք, թե որ ձևն ենք նախընտրում»,- նշեց Երևանի նախկին քաղաքապետը։
comment.count (0)