armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսեց բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի պատճառների մասին և ընդգծեց դրանց խորքային լինելը։ Lրագրողի հարցին, թե արդյոք իրեն պատասխանատու և մեղավոր է զգում 2024 թվականին գրանցված 36 մահվան դեպքերի համար, Պապիկյանը պատասխանեց, որ իր բաժին պատասխանատվությունն ունի, որ բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը չեն կարողացել հասցնել զրոյական մակարդակի։
«Բայց սա միայն ԶՈՒ-ի խնդիրը չէ, խնդիրներն ունեն ակունքներ, պատճառահետևանքային շղթա է։ Բանակում խաղաղ պայմաններում մահվան 36 դեպքերը միայն սպանություններ և ինքնասպանություններ չեն, տարբեր հանգամանքներում են տեղի ունեցել»,- ասաց Պապիկյանը։
Նա նշեց, որ մահվան դեպքերը ներառում են տարբեր պատճառներ՝ հիվանդություններ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, դժբախտ պատահարներ, ինչպես նաև հանցավոր ենթամշակույթի ազդեցությամբ պայմանավորված սպանություններ և ինքնասպանություններ։
«Ցանկանում եմ, որ այս հարցին վերաբերվենք ավելի պատասխանատու, որպեսզի հանրության շրջանում նույնպես համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի քրեական ենթամշկույթին, «տղայական» պատկերացումներին»,- ընդգծեց Պապիկյանը՝ հավելելով, որ այդ երևույթները չեն կարող ազդեցություն չունենալ նաև զինված ուժերում։
Նա հավելեց, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու երևույթները ևս բացասաբար են անդրադառնում երիտասարդների վարքագծի վրա։ Նախարարը մատնանշեց 2022 թվականին անցկացված ուսումնասիրությունը, որը ցույց է տվել, թե զորակոչիկներից որքանն են երբևէ օգտագործել թմրանյութեր։
«Ցանկանում եմ այս հարցին ավելի լայն ու ավելի խորքային նայենք և հասկանանք, թե ի՞նչն է պատճառը։ Կարելի է սպայական համակարգի ավելի խիստ ու արդյունավետ հագեցվածության միջոցով ինչ-որ հարցերի լուծումներ գտնել։ Բայց գլոբալ խնդիրը մեր հանրային պատկերացումներն ու մոտեցումներն են զինված ուժերի նկատմամբ, ու այստեղ անելիք կա»,- եզրափակեց Պապիկյանը։
comment.count (0)