Հոգեբաններն ու իրավաբանները կաշխատեն բռնարարների հետ. նոր ծրագիր՝ կառավարությունից |civilnet.am|
11:54 - 16 հունվարի, 2025

Հոգեբաններն ու իրավաբանները կաշխատեն բռնարարների հետ. նոր ծրագիր՝ կառավարությունից |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը հունվարի 16-ին ընդունեց Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը, որը կգործի 2026 թվականից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ ծրագիրը կներդնի բռնություն գործադրած անձանց վերականգնման իրավական հիմքը՝ նպաստելով զոհերի պաշտպանությանն ուղղված միջազգային պարտավորությունների կատարմանը։

Ծրագիրը նախատեսում է անհատական մոտեցում յուրաքանչյուր դեպքի համար։ Վերականգնողական աշխատանքները կիրականացնեն հատուկ վերապատրաստված մասնագետները՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և իրավաբաններ։ Նրանք կաշխատեն ինչպես համայնքներում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում։

Ծրագիրը մշակվելու է մասնագետների կողմից՝ բռնություն գործադրած անձի անհատական կարիքների գնահատման հիման վրա։ Այն կներառի տարբեր մոդուլներ՝ հոգեբանական օգնություն, վերականգնում, կախվածությունների բուժում և այլ ծառայություններ։

Փոխնախարարը նշեց, որ նախագծի մշակման համար ուսումնասիրել են միջազգային փորձը։ Նման ծրագրեր արդեն իսկ գործում են Ռումինիայում, Բուլղարիայում, Վրաստանում և այլ երկրներում՝ արդյունավետորեն կանխելով բռնության կրկնությունը։

Նախատեսվում է ստեղծել առնվազն երկու կենտրոն, որոնցից յուրաքանչյուրին տարեկան կտրամադրվի մինչև 7 միլիոն դրամ։ Նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն 2025 թվականին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս նախագիծը՝ հավելելով, որ ընտանեկան բռնության նկատմամբ վերաբերմունքը փոխվում է։ «Այն ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է, և անհրաժեշտորեն պիտի փոխվի։ Սա, իհարկե, որևէ կերպ կասկածի տակ չի դնում մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը։ Ընտանեկան կամ կենցաղային պատերի անձեռնմխելիությունը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ չեն ոտնահարվում հանրության շահերը։ Պատերից ներս ցանկացած տեսակի բռնություն, իհարկե, ուղիղ առնչվում է նաև հանրության շահերին, որովհետև պատերի ներսում տեղի ունեցող բռնությանը չարձագանքելն ունենում է այլ դրսևորումներ, ընդ որում՝ կանխատեսելի և անկանխատեսելի»,- ընդգծեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել