ՄԻՊ-ն ահազանգում է ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված համակարգային խնդրի մասին |armenpress.am|
12:47 - 16 հունվարի, 2025

ՄԻՊ-ն ահազանգում է ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված համակարգային խնդրի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված համակարգային խնդիրներ ու ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք է տեսնում: 

Մանասյանը նման դիրքորոշում հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: 

«Արձանագրել եմ ինքնավնասումների, ինքնասպանությունների դեպքերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Բայց դրանով չի սահմանափակվում: Խնդիրներ են առկա նաև, օրինակ, հացադուլի վարման և ընդհանրապես պայմանների առնչությամբ»,-ասաց Մանասյանը: 

Նրա խոսքով՝ բացի ՄԻՊ գրասենյակի ընթացիկ այցերից, որ պարբերաբար իրականացնում են քրեակատարողական հիմնարկներ, ինքը տարին սկսել է քրեակատարողական հիմնարկներ առավել հաճախ իրականացվող անձնական այցերով: ՄԻՊ-ը ցանկանում է անձամբ դատապարտյալներից, ազատությունից զրկված անձանցից լսել խնդիրները: 

«Կարծում եմ, որ համակարգային խնդիրներ են առկա ինքնավասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված: Կարծում եմ՝ համակարգը պետք է ամբողջությամբ բարեփոխվի: Շատ մեծ խնդիրներ են առկա ազատությունից զրկված անձանց  բժշկական օգնության և սպասարկման հարցերի հետ կախված: Եվ այստեղ միանշանակ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են անհրաժեշտ: Այս պահի դրությամբ համակարգը, կարծում եմ, շատ խնդրահարույց է»,–ասաց Մանասյանը:  

Նրա խոսքով՝ այն պաշտոնատար անձինք, որոնք իրավասու են այդ հարցերով որոշումներ կայացնել, պետք է հանձնառություն ստանձնեն ու պատշաճ մակարդակով իրացնեն իրենց լիազորությունը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել